Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի բավարարելու Հայաստանի բնակչության համար գազի գնի թանկացման «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը, իսկ տնտեսվարողների համար նախատեսված թանկացումը լինելու է շատ ավելի քիչ, քան նախատեսում էր «Գազպրոմը»:

Այդ տեղեկությունն, իհարկե, դեռևս չունի պաշտոնական որոշման տեսք, այլ ընդամենը հաստատում է լրատվամիջոցների հարցին ի պատասխան, սակայն այդպիսի մոտեցման մասին օրերս խորհրդարանում ակնարկել էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այդպիսով, «Գազպրոմ Արմենիան» մեծ հաշվով, կշարունակի աշխատել այն սակագներով, որոնք գործում են մինչ այժմ: Ամբողջ հարցն այն է, որ «Գազպրոմ Արմենիան» հայտարարում է, թե դրանցով հնարավոր չէ աշխատել երկար, և ընկերության կայուն ու արդյունավետ կառավարման համար հարկավոր է ավելացնել ներքին գինը: Կամ՝ պետք է նվազեցնել գինը սահմանին: Սակայն այստեղ արդեն Երևանը բախվում է Մոսկվայի քաղաքական պահանջներին ու պայմաններին, ինչպես միշտ: Սակայն թվում է, որ Երևանն այս անգամ՝ ոչ ինչպես միշտ, ոչ ինչպես, օրինակ, 2006 թվականին, կամ 2013 թվականին, չի ցանկանում բավարարել դրանք և գնում է դիմակայության: Այսինքն՝ Մոսկվան չի նվազեցնում գինը սահմանին, Երևանը չի թանկացնում գինը ներսում: Ինչի՞ է դա բերելու, և որքան է շարունակվելու այդ դիմակայությունը: Գործնականում, 2020 թվականը այդ առումով կլինի երկրորդ տարին:

«Գազպրոմ Արմենիան» հայտարարելու է աշխատել չկարողանալու մասին և գնալու է սաբոտաժային խափանումների՞, թե՞ ամեն ինչ կախված է Երևան-Մոսկվա քաղաքական մակարդակում որոշումներից: Կհրահրի՞ Մոսկվան «Գազպրոմ Արմենիա»-ին, կգնա՞ Երևանի դեմ այլ ճնշումների ուժգնացման: Իսկ այդ դեպքում, Երևանը կգնա՞ առավել կոշտ դիմակայության՝ ընդհուպ «Գազպրոմ»-ի հետ 2013 թվականի ամոթալի պայմանագիրը չեղարկելու, կամ ավելի հեռուն՝ «Գազպրոմ Արմենիան» կամ գազային ցանցի կառավարումը, այսպես ասած, ազգայնացնելու ճանապարհով:

Իհարկե, դրանք այսօր թվում են իրավիճակի արմատական զարգացումներ, սակայն բանն այն է, որ հայ-ռուսական գազային «պատմությունը» տարիների ընթացքում հասել է մի տրամաբանության, որ արմատականությունը արդեն թվում է տրամաբանական միակ հեռանկարը, հաշվի առնելով ՌԴ այն անտրամաբանական քաղաքական մոտեցումները, որոնց համար նա մահակ է դիտարկում գազը: Ի վերջո, Մոսկվան գործնականում որևէ գործընկերոջ կարծես թե չի թողնում ոչ արմատական այլընտրանք: Վկան Եվրոպան, որտեղ մի շարք երկրներ «Գազպրոմ»-ի հետ հարցը քաղաքակիրթ ձևով, բանակցության ձևով լուծելու անհաջող փորձերից հետո գնում են ուղղակի արմատական լուծումների: Իհարկե, Հայաստանն իր քաղաքական ներուժով եվրոպական պետությունների հետ կարող է և չհամեմատվել, մյուս կողմից, սակայն, Հայաստանին չի էլ մնում այլընտրանք, եթե մենք ուզում ենք լինել իրապես քաղաքական ներուժ ունեցող պետություն և հերթական անգամ չներկայանալ աշխարհին իբրև միավոր, որին կարելի է գնային շանտաժով պարտադրել ամեն ինչ:

Այստեղ հարկ է նշել հստակ, որ Հայաստանն ինքը հենց սկզբից չի դրել «Գազպրոմ»-ի կամ Ռուսաստանի առաջ որևէ արմատական կամ հակոտնյա աշխարհաքաղաքական պահանջ կամ հարցադրում: Հայաստանն ընդամենը ակնկալել է դաշնակցային գործընկեր երկրից որոշակի ըմբռնում տնտեսական ծանր իրադրության առումով, այդ համատեքստում գալով գազի գնի ողջախոհ նվազեցման, որը թույլ կտա ունենալ երկուստեք շահեկան տարբերակ: Իսկ այդպիսի հնարավորություն կա: Չկա պարզապես այդպիսի ցանկություն Մոսկվայում: Այնտեղ կա միայն մահակի գիտակցում, և գիտակցում, որ Հայաստանը չունի որևէ հավասարազոր կամ գործընկերային փոխադարձ շահի մասին խոսելու իրավունք, Ռուսաստանը պետք է միանձնյա որոշի պայմաններն ու շահի շրջանակը: Դժբախտաբար, այստեղ տեղի է ունեցել ամենախնդրահարույցը, ընդ որում՝ մեղմ գնահատմամբ: Խոսքը 2013 թվականի գազային պայմանագիրն է, որին տրվող ամոթալի բնորոշումը կարող է լինել շատ մեղմ: Այդ պայմանագրով Հայաստանի նախկին համակարգը՝ մենք միտումնավոր, գիտակցված օգտագործում ենք նախկին համակարգ, ոչ թե նախկին իշխանություն հասկացությունը, Ռուսաստանին տվել է այդ միանձնյա որոշումների կամ պարզապես քմահաճույքի իրավունքը: Իսկ խոսում ենք նախկին համակարգի, ոչ թե իշխանության մասին, որովհետև այդ պայմանագիրը Հայաստանին պարտադրվել է՝ օգտագործելով նախկին ամբողջ համակարգը, առավել ևս այդ համակարգի թևերի իշխանատենչությունը, որ նրանք ակնկալում էին բավարարել Ռուսաստանին մատուցված ծառայության միջոցով: Այստեղ է Հայաստանի թե՛ գազային դիլեմայի, թե՛ պարզապես պետական, քաղաքական ինքնիշխանության առանցքային կետերից մեկը:
Spread the love