Պատկերացրեք այսպիսի հիպոթետիկ իրավիճակ. ինչ-որ երկրում հեղաշրջման միջոցով իշխանության եկած բռնապետը օրենք է ընդունում, որ այդ երկրում իշխանությունն, իհարկե, պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է որոշում, թե ով պիտի ղեկավարի երկիրը, բայց՝ պայմանով, որ երկրի ղեկավարը վավերացնի ժողովրդի այդ որոշումը, իսկ եթե չի վավերացնում՝ ուրեմն ժողովրդի այդ որոշումն առ ոչինչ է։

Ընդ որում՝ այդ օրենքը փոխելու իրավունքը նույնպես պատկանում է բռնապետին։ Համաձայնեք՝ այդ իրավիճակում իշխանափոխության ցանկացած փորձ ի սկզբանե կլինի անօրինական։

Հայաստանում այսօր մոտավորապես այդպիսի վիճակ է։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հրայր Թովմասյանը գրել է այնպիսի Սահմանադրություն (վստահաբար՝ գրեթե միայնակ, որովհետեւ ինքն էր ասում, չէ՞, որ «օրենքներ գրելիս ու ձվածեղ ուտելիս շատվորով լինելը լավ չի»), որը Սերժ Սարգսյանին իրավունք էր տալիս ըստ էության ցմահ ղեկավարել երկիրը, ՍԴ նախագահին հնարավորություն էր տալիս պաշտոնավարել շատ երկար ժամանակ (ամենայն հավանականությամբ ինքն արդեն գիտեր, որ դառնալու է ՍԴ նախագահ), ընդ որում՝ այդ դրույթները հնարավոր չի լինելու փոխել առանց իր համաձայնության։ Ու հիմա, երբ նոր իշխանություններն այդ իրավիճակից դուրս գալու ինչ-որ ելք այնուամենայնիվ գտել են, աշխարհով մեկ աղմուկ է բարձրացրել, թե հասեք-փրկեք, սրանք իմ գրած օրենքները խախտում են։ Եվ այդ աղմուկին, բնականաբար, միացել են նաեւ բոլոր նախկինները, որովհետեւ Սահմանադրական դատարանում իրենց դրածոների առկայությունը որոշակի հույս էր ներշնչում, որ հնարավոր է՝ կարողանան խուսափել նախկինում կատարված հանցագործությունների համար պատասխանատվությունից։

Ուշադրություն դարձրեք՝ նախկինները չեն էլ թաքցնում, որ իրենց նշանակած ՍԴ-ն պաշտպանելն իրենց «Ավարայրն է»։ Բոլորն իշխանությունների դեմ միավորվելու եւ «վճռական ճակատամարտի» կոչեր են անում, Սերժ Սարգսյանի փեսան հայտարարում է, թե խաղերի ժամանակն ավարտվել է, ու բոլորը պիտի կողմնորոշվեն, թե առճակատման գծի որ կողմում են, եւ այլն։ Ու սա ներկայացվում է որպես պայքար հանուն ժողովրդավարության եւ իրավական պետություն ունենալու, թեեւ իրականում նրանք ընդամենը իրենց ունեցվածքը փրկելու եւ ազատության մեջ մնալու հարցն են լուծում։ Ընդ որում՝ Հրայր Թովմասյանն արդեն չի էլ փորձում թաքցնել, որ ինքն այդ «Ավարայրի» առաջամարտիկներից է։ Ճիշտ է, հայտարարությամբ իր մտահոգությունն է հայտնում ՍԴ շուրջ ծավալվող իրադարձությունների առթիվ, բայց կարծես թե հիմնական մտահոգությունն այն է, թե ինչպես հասցնի նիստ հրավիրել Ռոբերտ Քոչարյանի գործով ու փրկել նրան։ Այսինքն՝ նա հերթական անգամ ցույց է տալիս, որ ոչ միայն անկախ ու անկողմնակալ չէ, այլեւ պատրաստ է մինչեւ վերջին վայրկյանը ծառայել որպես նախկինների քաղաքական գործիք։

Իրականում Հրայր Թովմասյանի ղեկավարած ՍԴ-ն իր հիմնական գործառույթն առանձնապես չի փոխել։ Ինչպես անցյալում էր ծառայում որպես «տերերի» ապօրինությունները լեգիտիմացնող գործիք, այնպես էլ հիմա է փորձում նախապես լեգիտիմացնել այդ նույն «տերերի»՝ հեղաշրջման միջոցով իշխանությունը վերադարձնելու ծրագրերը։ Պարզ ասած, իմաստը հետեւյալն է՝ եթե հանկարծ այդ հեղաշրջումը ստացվի, այս աղմուկի շնորհիվ հնարավոր կլինի դա ներկայացնել որպես «սահմանադրական կարգի վերականգնում», այսինքն՝ միանգամայն օրինական գործընթաց։

Իսկ թե ինչու ենք խոսում հեղաշրջման փորձի հնարավորության մասին՝ կարծում ենք, հասկանալի է։ Որովհետեւ նախկինները իշխանության հասնելու այլ տարբերակ պարզապես չունեն՝ անգամ տեսականորեն։ Հեղաշրջում իրականացնելու տարբերակ, ի դեպ, նույնպես չունեն։ Պարզապես  երեւի դեռ մինչեւ վերջ չեն հասկացել դա։

Spread the love