Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով անդրադարձավ քաղաքացիների կողմից իրեն ուղարկվող լուսանկարներին ու տեսանյութերին, որոնք փաստում են, որ անվտանգության կանոնները գրեթե համատարած չեն պահպանվում։

Նա ասաց, որ հետևելով այս ամենին՝ եկել է մի եզրակացության՝ Հայաստանում չկա որևէ ուժային կառույց կամ վարչական համակարգ, որ այս մասշտաբի խնդիրը կարողանա լուծել։ Փաշինյանը նախազգուշացրեց՝ հիվանդանոցներում տեղերը սպառվում են։

«Ես ինքս վերջին օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել և Ոստիկանության պետի, և ԱԱԾ տնօրենի հետ՝ առաջին հերթին պրոբլեմի մասշտաբը և իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար, որովհետև այն, ինչ ես տեսա ձեր օգնությամբ, դա ուղղակի կատաստրոֆա է, ես բառեր չունեմ։ Ոստիկանության աշխատանքն այլ խնդիր է, ես դեռ կանդրադառնամ դրան, բայց չկա աշխարհում այդպիսի ուժային կառույց, որն իր վիճակի լինի այս մասշտաբի խնդրի հետ առնչվել ու լուծել այս հարցը։ Մեր ոստիկանությունը պետք է 4-5 անգամ մեծ լինի, դա էլ հլա հարց է։ Ըստ էության, այն, ինչ ես այս ընթացքում տեսա, նայեցի մեր օգտատերերի նամակիները, կատաստրոֆիկ մասշտաբ է Հայաստանում։ Բոլոր ուժային կառտույցներն էլ ժամացույցի նման աշխատեն, այս խնդիրը չեն կարող լուծել»,- ասաց վարչապետը։

Նա թվարկեց այն հաստատությունները, որտեղ խախտվում են կանոնները։ «Դպրոցներում ինչ է կատարվում, դպրոցների տնօրենները, դասղեկները, ուսուցիչները, բանկերը, շուկաները, Հայփոստը, Արարատյան մաքսատուն, սա մասշտաբային պրոբլեմ է։ Սա կազմակերպչական խնդիր է, առանձին վերցված կառույց, նույնիսկ կառավարությունն ի վիճակի չէ լուծել այս խնդիրը, եթե մեզանից յուրաքանչյուրն այս խնդիրն իրենը չի համարում։ Հիվանդանոցներում տեղերը սպառվելու են, սիրելի հայրենակիցներ, արդեն սպառվում են, որովհետև այս տեմպը մեկ օրում հնարավոր չէ կանգնեցնել։ Ես համոզված եմ, որ այն կանոնները, որոնք մենք պետք է պահեինք, 95 տոկոս պակաս ցուցանիշ կունենայինք»,- նշեց նա։

Spread the love