«Ես խոսքով, հաղորդակցությունով եմ ՀՀ վարչապետ դարձել, հիմա պետք է սպեցնազը հանեմ և ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ: Ես ո՞նց անեմ այդպիսի բան, ես սովոր չեմ, ես հաղորդակցության ուրիշ կուլտուրայով եմ եկել, երբ որ մենք իրար հետ խոսելով և պայմանավորվելով ենք արել դա», հունիսի 3-ի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Փաշինյանը, խոսելով հակահամաճարակային կարգապահության, թույլ տրվող մեծածավալ խախտումների մասին:

Վարչապետը շոշափում է կարեւորագույն հարց, որի ցավալի առիթը համաճարակն է, բայց որը ընդհանրապես առանքային խնդիր է որեւէ պետության համար՝ վերնախավ-հասարակություն երկխոսության, դրա լեզվի հարցը:

Այդ համատեքստում առաջին հարցը, որ պետք է առաջանար վարչապետի մոտ, թերեւս այն է, թե ինչու՞ հեղափոխության օրերին գրեթե անթերի գործող հաղորդակցությունը չի աշխատում այժմ՝ համաճարակի օրերին: Ինչու՞ հեղափոխության օրերին Փաշինյանի՝ ասենք Բագրատաշենից հնչող կոչը հինգ րոպե անց իրականություն էր դառնում Մեղրիում, իսկ այժմ համաճարակային անվտանգության կանոնները պահելու նրա կոչը չի արժանանում բավարար ունկնդրության:

Ի՞նչ պատահեց, որ խախտվեց հաղորդակցության ներդաշնակ ու սահուն ընթացքը, որ հեղափոխության օրերի կարգապահ հանրությունը համաճարակի օրերին դարձավ անկարգապահ: Կապը կորցրեց հանրությու՞նը, թե՞ կառավարող մեծամասնությունը: Թե խնդիրն այն է, որ հեղափոխության եւ հետհեղափոխական այսպես ասած առօրյայի լեզուն բավականին հարմարավետ է, երբ չկա համաճարակ եւ արտակարգ իրավիճակ, իսկ երբ դրանք կան՝ հեղափոխական լեզուն սկսում է ունենալ խափանումներ, իսկ հակահամաճարակային լեզու՝ չկա, եւ մնում է մահակը:

Կորոնավիրուսի համաճարակը բացել է վերնախավ-հասարակություն երկխոսության ունիվերսալ լեզվի ճգնաժամը, որը թվում էր, թե հաղթահարվել է հեղափոխության ընթացքում, սակայն ճգնաժամի նոր փոսի մեջ է հայտնվել հեղափոխությունից հետո: Երկու տարիների ընթացքում, երկխոսության հարցում տեղի չի ունեցել հեղափոխականից անցումը պետական լեզվի: Վերնախավ-հանրություն հաղորդակցության, երկխոսության հարցում ունիվերսալը պետական լեզուն է, լեզու թե լայն, թե նեղ օրերի համար, որը ձեւավորում է պետության զարգացմանը զուգահեռ հանրային արդիական մշակույթ:

Եվ հաջորդ խնդիրը: Նիկոլ Փաշինյանը խոսքով ու հաղորդակցությամբ է դարձել վարչապետ, որովհետեւ այդ գործընթացում եղել է մի կարեւոր հանգամանք՝ փոխադարձ ընկալելի եւ հասկանալի ձեւակերպված կոնկրետ, առարկայական նպատակը:

Հետո դարձյալ տեղի է ունեցել ոչ միայն լեզվի, այլ նաեւ նպատակների ձեւակերպման հստակության եւ առարկայականության կորուստ: Լեզու եւ նպատակ, երկու դեղերը, որ պետք է գտնել ոչ միայն համաճարակի, այլեւ, եւ թերեւս առաջին հերթին՝ ապագայի համար:

Spread the love