ԲՀԿ պատգամավորները նախօրեին հանդիպել են Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ: Դժվար չէ պատկերացնել, թե որն է հանդիպման պատճառն ու խոսակցության բուն թեման:

Հատկանշական է, որ նախօրեին զուգահեռ տեղի է ունեցել մեկ այլ իրադարձություն՝ ԵԺԿ հեռավար տեսավեհաժողովը, որին մասնակցել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որի գլխավորած ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է դեռևս իշխանություն եղած տարիներից: Սերժ Սարգսյանը ԵԺԿ Վեհաժողովի իր ելույթում քննադատել է Հայաստանի կառավարությանը, մեղադրել պոպուլիզմի համար, և այլն, գործնականում այն, ինչ թերևս դրանից օր առաջ առկա էր ՀՀԿ գործկոմի տարածած հայտարարությունում:

Որտեղ, հիշեցնենք, առկա չէր ԲՀԿ կամ Գագիկ Ծառուկյան անունների որևէ հիշատակում: Ստացվում է հետաքրքիր պատկեր՝ հունիսի 17-ին Բարգավաճ Հայաստանը Հայաստանի իշխանության հասցեին տրտնջում է կամ բողոքում Մոսկվային, իսկ ՀՀԿ-ն՝ Հայաստանի կառավարության հասցեին քննադատությամբ դիմում է Եվրոպային, որտեղ ԵԺԿ-ն ամենամեծ կուսակցությունն է: Առերևույթ երկու այդ նմանությունը, ըստ էության պարունակում է սկզբունքային տարբերություն, արտացոլելով հայաստանյան ներքաղաքական կյանքում դիրքավորումների հետաքրքիր շերտեր:

«Բարգավաճ Հայաստանը» և նրա շուրջ ձևավորվող մի քանի կուսակցությունների կորիզը փաստորեն ակնառու կերպով դիրքավորվում է ռուսական տիրույթում: Անգամ ողջունելի է, որ այստեղ գործընթացը այդքան բաց է, առանց երկիմաստությունների և հանրությունը գիտե, թե ինչի հետ գործ ունի խորքային առումով, անկախ հայրենասիրական հայտարարություններից և ժողովրդասիրական կենացներից: Ակնառու է, որ Հայաստանում ձևավորվում է ռուսական քաղաքականության առաջնահերթությունները սպասարկելու պատրաստ բևեռ: Ընդ որում, նկատենք, որ դա տեղի է ունենում առաջին փորձից կարճ ժամանակ անց: Իսկ առաջին փորձը ակտիվ փուլ մտավ 2011-12 թվականից, ոչիշխանական բևեռի տեսքով: Այժմ երկրորդ փորձն է, և այն տեղի է ունենում առավել բաց ռեժիմով, ինչի պատճառը թերևս այն է, որ խաղաքարտերը բացվում են ընդհանրապես միջազգային քաղաքականության մասշտաբով: Ահա այդ համատեքստում էլ հատկանշական է նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ, կամ գուցե պարզապես Սերժ Սարգսյանի դիրքավորումը, որը իր նախագահության ընթացքում իր վրա է զգացել «առաջին փորձի» գործնականում ամբողջ ծանրությունը, դրա ներքո գնալով Հայաստանի համար ծանր և ամոթալի որոշումների, իշխանությունը պահելու համար: Որովհետև, հակառակն էլ թերևս իմաստ չուներ, հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը կամ պաշտոնանկությունը այդ փուլում նշանակելու էր ռուսական բևեռի իշխանություն, որը քաղաքական առումով ոչինչ չէր փոխելու դեպի լավը, փոխարենը շատ լուրջ բյուրեղացնելու էր Հայաստանի վասալությունը: Պատրա՞ստ է արդոք Սերժ Սարգսյանը իշխանությունը թողնելուց հետո այսպես ասած «քավել մեղքը», եվրոպական ուղղությամբ դիրքավորումով էապես հակազդելով Հայաստանում պրոռուսական բևեռի ձևավորման երկրորդ փորձին:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •