MIED dat

Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը օրերս Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս հայտարարել էր, որ դրանք իր վրա չեն տարածվում, և ինքը պայքարելու է մինչև վերջ իր իրավունքների համար՝ ընդհուպ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Գյուլումյանը նշել է, որ պայքարելու է, քանի որ ՍԴ դատավորի պաշտոնում պաշտոնավարելը ինքնանպատակ չէ իր համար։ Եվ որպես իր ոչ ինքնանպատակ պաշտոնավարման օրինակ տիկին Գյուլումյանը նշել էր այն փաստը, որ 2014-ին ինքը 1 տարի շուտ թողել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դատավորի իր աշխատանքը և վերադարձել է  Հայաստան:

«Ես մի տարի շուտ Եվրոպական դատարանից վերադարձել եմ՝ լավ հաշվարկելով, որ այդ մի տարվա ընթացքում կստանայի այնքան աշխատավարձ, որքան կստանայի այստեղ ընդհուպ 70 տարի պաշտոնավարելու դեպքում և մի բան էլ ավելին։ Բայց ես մտածել եմ, որ դեռևս ունեմ այդ ուժը, կարողությունը, որպեսզի այնտեղ ձեռք բերած գիտելիքներս օգտագործեմ այստեղ։ Ինչ-որ մարդկանց համար դա գուցե հիմար որոշում է թվացել, թե ինչպես կարելի է  Եվրոպան թողնել գալ, նույնիսկ նման ուղիղ արտահայտություններ են եղել և նախկին, և գործող իշխանության ներկայացուցիչների կողմից, թե ինչպես ես կարող էի թողնել գալ։ Բայց դա իմ տեսակն է։ Ես եկել եմ, որպեսզի իմ երկրում կարողանամ իրավունքի զարգացմանը նպաստել»,- հայտարարել էր տիկին Գյուլումյանը։

Նկատենք, սակայն, որ Ալվինա Գյուլումյանը բնավ տեսակից կամ Հայաստանում իրավունքի զարգացմանը նպաստելու ցանկությունից չէ, որ ժամանակից շուտ է վերադարձել ՄԻԵԴ-ից ու նորից նշանակվել ՍԴ անդամ։ Դեռևս 2016 թվականին փաստաբան Հայկ Ալումյանը, ով ներկայումս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմում է,- պատմել էր, թե իրականում ինչի համար է տիկին Գյուլումյանը ժամանակից շուտ թողել ՄԻԵԴ-ում իր պաշտոնը և վերադարձել Հայաստան։ Իրականում դա ՀՀ կառավարության կողմից մշակված մի պլան է եղել, որի շնորհիվ ՀՀ կառավաւոթյունը կարողացել էր ՄԻԵԴ-ում «սառեցնել» ընդդեմ Հայաստանի գործերի քննությունը։

«Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի վերաբերյալ գործերը գրեթե անշարժացած վիճակում են շատ «հնարամիտ» քայլերի արդյունքում։ Մասնավորապես, մեր դատավորը իր պաշտոնավարման ժամկետը դեռ չլրացած, 1 տարի շուտ դիմում գրեց ու դուրս եկավ, և մեր գործերը հայտնվեցին  անշարժացած վիճակում։ Կարող ենք մի քիչ էլ հետ գնալ, որտեղ էլ քարտուղարության աշխատակիցներն էին նույն հնարքները անում։ Երեք տարի մեր գործերն անշարժացած էին, և դրա պատճառով Հայաստանի վերաբերյալ գործերը քիչ էին, ու դա կառավարության կողմից ներկայացվում էր որպես մեծ հաղթանակ»,- դեռևս 2016-ի հունվարին մեզ հետ զրույցում ասել էր Ալումյանը։

Նա նաև պատմել էր, որ Ալվինա Գյուլումյանը միտումնավոր հղի աշխատակցի էր գործի ընդունել քարտուղարություն, և աշխատանքի ընդունելուց կարճ ժամանակ անց նա գնացել էր հղիության արձակուրդ, և այդ պատճառով կրկին առկախվել էր ընդդեմ Հայաստանի գործերի քննությունը։ Իսկ այդ փուլում պետք է քննվեին Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածին վերաբերող, հանրային գերակա շահ ճանաչված՝ Բուզանդի, Հյուսիսային պողոտայի վերաբերյալ գանգատները։

Հայկ Ալումյանը նաև նշել էր, որ Եվրոպական դատարանում հասկացել էին Հայաստանի խորամանկ հնարքը ու սկսել Հայաստանի վերաբերյալ գործերն ավելի արագ քննել, որի արդյունքում միայն 2016-ին ընդդեմ Հայաստանի մի քանի որոշումներ կայացվեցին, որոնցով մի քանիսը ՄԻԵԴ ներկայացրել էր հենց Ալումյանը: «Եվրոպական դատարանում հասկացել էին մերոնց հնարքներըը, որի պատճառով մերոնց հաջողվել էր գործերի քննության շարժը կանգնեցնել, քանի որ դրանից հետո գործերի քննությունը սկսեց շատ արագ ու հետո ավելի արագացավ»,- ասել էր Ալումյանը։

Հիշեցնենք, որ Ալվինա Գյուլումյանը ՍԴ իր անդամությունը դադարեցրել է 2007 թվականին ու գնացել ՄԻԵԴ, որից հետո 2014-ին վերադարձել է ու կրկին նշանակվել ՍԴ անդամ։

Օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով Գյուլումյանի այն պնդմանը, որ սահմանադրական փոփոխություններն իր վրա չեն տարածվում, քանի որ ինքը նշանակվել է ՍԴ անդամ 2014-ին, այսինքն՝ իր պաշտոնավարման 12 տարին չի լրացել, նկատել էր. «Ես ՍԴ եկել եմ 2007-ին, երբ տիկին Գյուլումյանը պաշտոնավարումը դադարեցնում էր: Այդ դադարեցումը տեղի ունեցավ նիստով, և նա չզլացավ վկայակոչել դեռևս 1970 թվականին ընդունված Խորհրդային Հայաստանի օրենսգիրքը և ասաց՝ քանի որ ինքը գնում է ընտրովի պաշտոնի, ապա իշխանությունները պետք է ապահովեն վերադառնալու պահին նույն պաշտոնը կամ համարժեք պաշտոն: Երբ նա վերադարձավ և նշանակվեց ՍԴ դատավոր, ինքն անձամբ աշխատավարձի հետ կապված վեճի ժամանակ փորձում էր հիմնավորել, որ ինքն ունեցել է պաշտոնի անընդհատություն: Այն ժամանակ հարմար էր ասել, որ պաշտոնի անընդհատություն է ունեցել, իսկ այս պարագայում ասում է, որ սա նոր մանդատ է: Երբ իրեն աշխատավարձի, թոշակի հետ կապված պետք էր, որ պաշտոնավարումը անընդհատ դիտարկվի, նա, չգիտես ինչու, դիտարկում է անընդհատ պաշտոն: Իսկ երբ անհրաժեշտ չի կամ ձեռնտու չի, դիտարկում է որպես ընդհատված պաշտոն: Ձևակերպումը շատ հստակ է. եթե անձը պաշտոնավարել է X ժամանակահատված, այդ հատվածը կազմում է 12 տարուց ավելի, ապա լիազորությունները դադարեցվում են: Գաղափարը հետևյալն է. մեկ անձը ՍԴ դատավորի պաշտոնում կարող է պաշտոնավարել մեկ մանդատ, և այդ մանդատը 12 տարի է: Հիմա ընդհանուր առմամբ Գյուլումյանը պաշտոնավարել է 12 տարուց ավելի»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը, ով մինչ պատգամավոր ընտրվելը աշխատում էր Սահմանադրական դատարանում:

Ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը և Հրանտ Նազարյանն այլևս ՍԴ անդամներ չեն: ԱԺ ընդունած ակտի սահմանադրականությունը վիճարկում են իշխանության ընդդիմախոսները և որոշ իրավապաշտպաններ, ԲՀԿ-ն այդ հարցով դիմել է ՍԴ, այնուհետև Վենետիկի հանձնաժողով: Վենետիկի հանձնաժողովին նամակով դիմել էր նաև Հրայր Թովմասյանը, որին պատասխանել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը:

«Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանակն ուժ: Այն, որ ասվում է, թե օրենքներում պետք է փոփոխություններ արվեն, դրա հետ բոլորն էլ համաձայն են, իհարկե բոլոր օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, բայց այն պնդումը, որ Սահմանադրությունը չի գործում անմիջականորեն, ճիշտ չէ և չի բխում Սահմանադրությունից, եթե այդպես լիներ, ապա դա կնշանակեր, որ Սահմանադրությունը բարձրագույն իրավական ուժով օժտված չէ և ներքին տրամաբանական հակասություն կառաջանար: Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն»,- նշեց Կարապետ Բադալյանը: Նա նաև հավելեց, որ Սահմանարության 213-րդ հոդվածը չի կարգավորում կոնկրետ անձի վարքագիծ, այլ ուղղված է որոշակի խմբի, որը տվյալ դեպքում 12 տարի պաշտոնավարած անձանց խումբն է:

ՍԴ անդամներից մեկը հնարավոր է համարում, որ կառաջանա մի իրավիճակ, որ  կնշանակվեն ՍԴ նոր դատավորներ և կգործի երկու դատարան, այսինքն՝ պաշտոնանկ արված ՍԴ անդամները չեն հրաժարվի պաշտոնավարումից: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Կարապետ Բադալյանն ընդգծեց, որ եթե ՍԴ անդամները կփորձեն իրենց կարգել դատավոր, դա կհամարվի քրեորեն հետապնդելի արարք: Փաստաբանը նաև ընդգծեց, որ Հրայր Թովմասյանը ոչ թե դիրքապահ է, այլ դասալիք, որը սաբոտաժի է ենթարկել ՍԴ աշխատանքը:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակին, Վահագն Մարտիրոսյանը նշեց, որ Բուքիքիոն ընդամենը խորհուրդներ է տվել, որոշում կայացնողը Հայաստանի Հանրապետությունն է. «Վենեիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է, այն մեր երկրում իրավական արժեք չունի»:

«ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը մեր երկրի ինքնիշխանության հարցն է: Հրայր Թովմասյանը ժուլիկություն է արել, առաջարկ, խորհուրդ բառը միտումնավոր թարգմանելով հանձնարարակական: Հենց միայն այդ դեպքի համար, որով Հրայր Թովմասյանը ՀՀ ՍԴ-ն դնում է միջազգային խորհրդատվական կազմակարեպության ենթակայության տակ, նրա նկատմամբ պետք է վարույթ հարուցել»,- նշեց Արմեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, Բուքիքիոն հանձնարարականներ տալու իրավունք չունի:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •