Atrchanak

Գավառում ապրիլին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Միքայելյանը:

«Տեսանյութում երևում է, որ Զոհրապ Պարոնիկյանի մեքենայի կանգնելուց հետո, ավտոմեքենայի աջ հատվածին մոտենում է Վահե Ավետիսյանը, կանգնում է նաև Արմեն Հայթյանի մեքենան և կրակահերթ է սկսվում: Արդյունքում, առաջինը սպանվում է Զոհրաբ Պարոնիկյանը, ինչից հետո Վահե Ավետիսյանը: Քրեական գործով հիմնավորվել է, որ նրանք մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը»,- նշեց Միքայելյանը:

Միքայելյանի խոսքով՝ դատաբժշկական փորձաքննությամբ էլ պարզվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը ստացել են հրազենային վնասվածքներ, ինչի հետևանքով էլ վրա է հասել մահը:

Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործը ներկա պահին գտնվում է ակտիվ քննչական և դատավարական գործողությունների, ապացույցների ձեռքբերման փուլում:

«Քրեական գործով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական և դատահամակարգչատեխնիկական: Բոլորը գտնվում են կատարման փուլում»,- նշեց Միքայելյանը և հավելեց, որ դեռևս ամբողջությամբ չի պարզվել հանցագործություն կատարած անձանց շրջանակը, սակայն նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

ՀԿԳ քննիչի խոսքով՝ ներկայումս հայտնաբերվել են այդ պահին դեպքի վայրում եղած անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր ունեցել են զենք և զինամթերք կամ անմիջական կապ են ունեցել փոխհրաձգության և զանգվածային անկարգություններում:

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից  25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի  225-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու  և սպանության փորձի համար, իսկ  երեքը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառի «Ազատության» փողոցում խմբի կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու , իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար: Վերոնշյալ 30 մեղադրյալից 19-ը կալանավորվել է, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարարվել են, և հայտարարվել է հետախուզում: 8 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մերժվել են:

«Այս փոխհրաձգության դեպքն ունի իր նախապատմությունը՝ 2020 թվականի մարտ ամսվա կեսերին Գավառի գիշերային ակումբներից մեկի զուգարանում Արմեն Հայթյանի եղբոր որդու՝ Արամ Հայթյանի կողմից՝ լվացարում թքելու պատճառով վիճաբանություն ու քաշքշուկ է սկսել Հովիկ Հակոբյանի ընկերոջ՝ Արման Մելքոնյանի հետ: Այդ ամենի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ: Այս ամենից հետո՝ սույն թվականի մարտի 23-ին ժամը 18:00-ի սահմաններում Արամ Հայթյանը մի խումբ անձանց հետ Գավառում ծեծի է ենթարկում Հովիկ Հակոբյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ: Սրա վերաբերյալ առանձին քրեական գործ է քննվում Գեղարքունիքի մարզային քննչական վաչությունում: Արդեն 2020 թ-ի ապրիլի 28-ին ժամը   13:00-ի սահմաններում (մինչև փոխհրաձգությունը – խմբ.) Արմեն Հայթյանի կողմնակիցներն իրեն պատկանող մեքենայով հետապնդել են Հովիկ Հակոբյանի ավտոմեքենային, որի ղեկին եղել էր Արման Մելքոնյանը: Արմեն Հայթյանի կողմնակիցներից մեկին այդ ժամանակ հաջողվել է փայտե մահակով հարվածել և կոտրել Հովիկ Հակոբյանի մեքենայի դռներից մեկի ապակին»,- ընդգծեց Միքայելյանը: