Հայաստանում երկարաձգված արտակարգ դրությունը ընդդիմադիր ուժերը, մասնավորապես նրանք, ովքեր վերջին շրջանում պահանջում են կառավարության հրաժարականը, գնահատում են իշխանության զուտ քաղաքական նկատառումով կայացված որոշում:

Դա մի կողմից հասկանալի, մյուս կողմից տարօրինակ է, քանի որ նույն այդ ուժերը ամենակոշտ հռետորաբանությամբ են բնորոշում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված վիճակը: Իհարկե, նրանք դրա համար մեղադրում են կառավարությանը, բայց հարցի մյուս կողմում այն է, որ անկախ, թե ով է մեղավոր, եթե վիճակը շատ վատ է, ապա արտակարգ դրությունը չունի այլընտրանք, առնվազն այն պատճառով, որ այն կառավարման մարմիններին տալիս է օպերատիվ որոշումների լայն իրավական գործիքակազմ, ինչը նախատեսված չէ, այսպես ասած, սովորական կառավարման ռեժիմում:

Մյուս կողմից հասկանալին է այն, որ կիորոնավիրուսային համաճարակը այդ ուժերը ակնհայտորեն դիտարկում են քաղաքական խնդիրներ լուծելու առիթ, առնվազն տեղեկատվա-քարոզչական, հռետորաբանության էֆեկտի իմաստով: Իր հերթին, իհարկե նաև կառավարությունն է փորձում առկա վիճակը հնարավորինս ծառայեցնել իր քաղաքական շահին:

Ի վերջո, կորոնավիրուսի համաճարակը պահանջում է օպերատիվ և լարված կառավարում, բայց առավել ևս, երբ քաղաքական մրցակիցները չեն դադարեցնում ակտիվ գրոհային մարտավարությունը, առաջանում է նաև քաղաքական խնդիրների լուծման անհրաժեշտություն: Ըստ այդմ՝ ունենալով, իհարկե, իրավիճակով պայմանավորված օբյեկտիվ հիմք, հիմնավորում, արտակարգ դրությունն, այո, կարող է համապատասխանել նաև քաղաքական իշխանության քաղաքական նպատակահարմարություններին:

Մի կողմը գրոհում է, մրցակիցները գրոհում են՝ օգտագործելով կորոնավիրուսը, իշխանությունն էլ փորձում է պաշտպանվել՝ օգտագործելով արտակարգ դրությունը: Դա ակնառու և շատ պարզ իրողություն է: Այստեղ առաջանում է հարց, թե քաղաքական այդ հարաբերակցությունը որքանով է ազդում Հայաստանում համաճարակի դեմ պայքարի էֆեկտիվության վրա: Կա՞ որևէ այլ երկիր, պետություն, որտեղ համավարակի դեմ պայքարը ընթանում է այնպիսի ներքաղաքական դիմակայության, տվյալ երկրի քաղաքական իշխանության դեմ այնպիսի առնվազն տեղեկատվա-քարոզչական հռետորաբանության ու գրոհի պայմաններում, ինչպիսին Հայաստանում է: Եթե կա, ապա, համենայնդեպս, այդպիսի երկրի մասին տեղեկատվությամբ այդքան էլ հարուստ չէ լրահոսը:

Կասկածից վեր է այն, որ քաղաքականությունը չի դադարել որևէ երկրում, և բոլոր երկրներում էլ կորոնավիրուսի դեմ կառավարությունների գործողությունները ենթադրելու են քաղաքական որոշակի հետևանք, որոշակի պլյուս կամ մինուս: Եվ անկասկած է, որ նրանց քաղաքական մրցակիցները չեն հապաղելու օգտվել որևէ հնարավորությունից, որ կտա համաճարակը: Ամբողջ հարցն, անշուշտ, կարմիր գծերն են կամ նշաձողերը, որոնք Հայաստանում երբեք չեն եղել բարձր, բայց համաճարակի այս օրերին ընկել են շատ ավելի: Ընդ որում, եթե նշաձողը գցողները կարծում են, որ դա լինելու է ի վնաս լոկ քաղաքական ղեկավարությանը, ապա այստեղ սխալվում են չարաչար, եթե, իհարկե, չեն գործում չարամիտ դիտավորությամբ: Դիտավորություն, երբ իրականացնողներին հետաքրքիր է ոչ թե հետկորոնավիրուսային Հայաստանը, ոչ թե Հայաստանը կորոնավիրուսից դուրս բերելը, այլ հենց դրա փլատակների տակ թողնելը: Որովհետև նշաձողային ավերածությունը, որ կարող է տեղի ունենալ ներկայիս «դիսկուրսի», թույլ չի տալու որևէ մեկին թագավորել դրա վրա: Ըստ այդմ, նշաձողերի անկումը կարող է հետաքրքրել միայն այն ուժերին, որոնց չի հետաքրքրում հայկական ինքնիշխան պետականությունը:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •