Պատերազմի պարագայում իշխանության դեմ պայքարը հավասարազոր է ազգին դավաճանելուն, հունիսի 5-ին հայտարարել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Անկասկած, քաղաքական մշակույթի եւ պետական մտածողության շրջանակում կարեւորագույն շեշտադրում, որն անշուշտ չի կարող լինել բացարձակ ճշմարտություն՝ որովհետեւ էական նշանակություն ունի, թե տվյալ իշխանությունն այդուհանդերձ ինչպես է վարում պատերազմը, բայց պետք է լինի թերեւս քաղաքական հավատամք պետական մտածողության կրողների համար:

Իսկ հարցադրումն իսկապես կարեւոր է ու կենսական, հատկապես հաշվի առնելով նաեւ փորձը, որի միջով անցել է Տեր-Պետրոսյանը: Մասնավորապես, 2012-15 թվականներին նա իշխանության դեմ ուժեղ պայքարի առաջնագծում էր՝ ոչիշխանական եռյակի, Գագիկ Ծառուկյանի, եւ մեծ հավանականությամբ՝ այդ եռյակին սատարող Ռոբերտ Քոչարյանի հետ:

Հայաստանն այդ ժամանակ էլ պատերազմի մեջ էր՝ առաջնագծում քայլ առ քայլ ուժգնացող: Բայց պայքարը Սերժ Սարգսյանի դեմ շարունակվում էր, որը կամա թե ակամա բերում էր մի վիճակի, երբ եռյակի իշխանափոխության ակնհայտ տեղեկատվա-քարոզչական եւ քաղաքական շանտաժով Սերժ Սարգսյանին պարտադրվում էր գիշերային շրջադարձ Եվրամիության հետ ռազմա-քաղաքական գործակցությունից դեպի Եվրասիական համակենտրոնացման ճամբար: Հետո պարտադրվելու էր գազային պայմանագիրը:

Հայաստանը բոլոր առումներով պատերազմի մեջ էր, չկար միայն դրա պաշտոնական հայտարարումը: Հետեւանքը Հայաստանի համար եղավ բավականին ծանր, հանգեցնելով արդեն պատերազմի գագաթնակետին՝ ապրիլյան քառօրյային, որտեղ արդեն քաղաքական ամբողջ համակարգի սխալներն ու բացթողումները, «դավաճանությունները» մաքրեց հայկական բանակն ու հանրությունը:

Ընդունու՞մ է Առաջին նախագահը այն քաղաքական սխալը, որ գործվեց Հայաստանի սուբյեկտության չեզոքացման ռուսական քաղաքականությունը հանրայնորեն լեգիտիմացնելու եւ դրան դիմակայելու Սերժ Սարգսյանի հնարավոր ճանապարհը փակելու հարցում: Կասի՞ նա, որ այդ փուլում Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իրենք սխալվեցին:

Թեեւ, կարեւոր չէ, որ ասի, եթե արվել է անհրաժեշտ հետեւություն եւ հունիսի 5-ի սիլոգիզմը բխում էր դրանից եւ ուղղված էր «սխալի» գործընկերոջը կրկնությունից հետ պահելու համար: Խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է:

Խնդիրը սակայն վեր է անձերից, եւ անկասկած է, որ հայաստանյան քաղաքական դաշտը պետք է գա որոշակի կոնսենսուսային նշաձողի՝ համընդհանուր փոխհամաձայնության՝ Հայաստանի պետականության, ինքնիշխանության եւ անվտանգության հարցում: Փոխամաձայնություն՝ այլեւս ոչ միայն սխալ թույլ չտալու, այլ պոտենցիալ սխալի հակված որեւէ ուժի քաղաքական գործունեություն կանխարգելելու համար:

Բայց դա չափազանց բարդ ու ծանր խնդիր է, որովհետեւ ուժերը, որոնք շահագրգռված չեն հայկական պետականության այդ նշաձողի հարցում, անկախ պետականության անցնող մոտ երեք տասնամյակում բավականին շատ են արյուն թափել Հայաստանի ներսում, ազգային անարյուն համաձայնության ռազմավարական հեռանկարը կաթվածահար անելու համար:

Մյուս կողմից, դա պետք է ավելորդ խթան լինի հայկական պետականության ինքնիշխանությամբ եւ անվտանգային հեռանկարով իրապես մտահոգ ուժերի համար, անկախ ոչ միայն քաղաքական, այլ նույնիսկ անձնական տարաձայնություններից: Նրանցից պահանջվում է համարձակություն, պահանջվում է իսկապես «դուխ», ոչ թե իրար դեմ, այլ՝ Հայաստանի ինքնիշխանության վտանգների: