Ապագա խորհրդարանում լինելու են այն ուժերը, որոնք աջակցել են թավշյա հեղափոխության արժեքներին, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ներքաղաքական իրողությունների մասին:

Արդյոք Փաշինյանը նկատի ունի այն, որ հաջորդ խորհրդարանում տեղ չեն ունենալու ԼՀԿ եւ ԲՀԿ կուսակցությունները, որոնք հեղափոխական առաջին ընտրությունից հետո հայտնվելով խորհրդարանում, խոշոր հաշվով չկարողացան լինել նոր իրողություններին համարժեք եւ կողմնորոշվել քաղաքական հեռանկարների տրամաբանությանը ներդաշնակ լինելու հարցում:

 

Այդ ուժերից յուրաքանչյուրը քաղաքական գործընթացը շարունակեց պատկերացնել այնպես, ինչպես հեղափոխությունից առաջ: Դա այն պարագայում, որ հետհեղափոխական առաջին ընտրությունը նրանց տալով մանդատ, միեւնույն ժամանակ օժտեց նաեւ բացառիկ պատասխանատվությամբ: Նրանք, որպես խորհրդարանական ընդդիմություն, պետք է սահմանեին այն նոր ընդդիմության բարձր նշաձողը, որը թե քաղաքական նոր իշխանությանը պետք է բերեր այդ նշաձողի առաջ պատասխանատվության, թե պետք է օրակարգից դուրս թողներ եւ մարգինալացներ նախկին համակարգը ներկայացնող ամենատարբեր ուժերի եւ գործիչների:

Դա տեղի չունեցավ, եւ ներքաղաքական կյանքը կենտրոնացավ նախկին-ներկա «բանավեճի» շրջանակում, իսկ ԼՀԿ ու ԲՀԿ հայտնվեցին դրա ազդեցության ներքո:

Նիկոլ Փաշինյանն ազդարարեց, թե հեղափոխության արժեքներին աջակցած ուժերն են իր կանխատեսմամբ տեղ ունենալու խորհրդարանում: Դա իհարկե ընդդիմադիր դաշտը դիտարկելու է ոչ իբրեւ կանխատեսում, այլ իբրեւ ծրագիր, պլան, բայց դա այլ հարց է:

Թեեւ, դրան նաեւ առնչվող է վարչապետի հայտարարությունից բխող մեկ այլ հանգամանք: Որո՞նք են հեղափոխությանն աջակցած ուժերը:

Ամբողջ հարցն այն է, որ հեղափոխության աներկբա արժեքներին աջակցած ուժ կամ, ավելի շուտ աներկբա աջակցություն հասկացությունը առնվազն քաղաքական իմաստով բավական բազմաշերտ է: Որովհետեւ հետհեղափոխական երկու տարիների ընթացքում խոշոր հաշվով ջուր պղտորելով զբաղվել են ոչ միայն հակահեղափոխության, այլ նաեւ հեղափոխության անունից ներկայացող տարբեր ուժեր ու խմբեր:

Որովհետեւ, օրինակ, հեղափոխության անվերապահ պաշտպանության անունից երդվող միավորների մի մեծ խումբ պարբերական թիրախավորման է ենթարկել հեղափոխության արժեքներից եւ հաջողության առանցքային գրավականներից մեկը՝ թավշյա, ոչ բռնի մեթոդաբանությունը, մեծ հաշվով նպաստելով իրավիճակի երկուստեք ծայրահեղացման: Դա էլ իր հերթին բերել է հեղափոխության մեկ այլ կարեւոր, առանցքային արժեքի եւ ուղենիշի երերման: Խոսքը հանրային ինքնավստահության, իրադրությունը վերահսկելու, իրավիճակին տիրապետելու, գլխավոր որոշողը լինելու հանրային գիտակցության խափանման, անորոշության, անընդհատ տագնապի ներշնչման մասին է:

Հազիվ թե դա խորքային առումով հնարավոր լինի գնահատել աջակցություն հեղափոխությանը: Առավել եւս, որ խոշոր հաշվով՝ որեւէ հանրության գիտակցություն ապագայի մոդելներից շեղելու եւ ծայրահեղությունների մեջ կաղապարելու համար անվերապահ պայման է երկու ծայրահեղության առկայությունը, որովհետեւ չի լինի ազդեցություն առանց հակազդեցության:

Ըստ այդմ, թավշյա հեղափոխության անվերապահ աջակցություն հանգամանքն ունի առավել առարկայացման անհրաժեշտություն:

Բայց թերեւս աներկբա է, որ հաջորդ խորհրդարանում լինելու են այն ուժերը, որոնց այնտեղ տեսնել կցանկանա հանրությունը: Եթե որեւէ մեկը խանգարի դրան, դա կլինի հարված Հայաստանի ինքնիշխանությանը: Իսկ գուցե պարզապես պետք է հստակեցնել հեղափոխության գլխավոր արժեքը՝ Հայաստանի ինքնիշխանություն:

Բավական է դնել այդ արժեքը, եւ մնացյալ գրեթե ամեն ինչի պատասխանը բխում է տրամաբանորեն:

Spread the love