Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ դժգոհություններ կան, թե արտակարգ դրության շրջանում հանրահավաքներ չեն կարողանում անել որոշ ուժեր, և իշխանություն արտակարգ դրությունն օգտագործում է այդ նպատակով։

Նա շեշտեց՝ հավաքները սահմանափակված են, և Արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքով հավաքներ անցկացնել չի կարելի։

«Բայց ո՞վ է ասել, որ պոտենցիալ հավաքի մասնակիցները պիտի պարտադիր դժգոհություն արտահայտեին գործող կառավարությունից, իսկ ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հանրահավաքի 5 կամ 10 կամ 100 անգամ ավելի մեծ թվով մասնակիցներ դժգոհություն չպիտի արտահայտեին որոշ կոռուպցիոներների գործուենության հետ կապված։ Իսկ ընդհանուր առմամբ սա պետք է հաշվի առնել, պետք է շնորհակալ լինեն ոմանք, որ Հայաստանում արտակարգ դրություն է, հավաքներ անելու հնարավորություն չկա։ Հակառակ դեպքում, կարծում եմ՝ հեղափոխության կողմնակիցները առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքերը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց ու շրջանակների գործունեության կապակցությամբ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ այդ կարգի մեկնաբանություններ տվող որոշ շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ անցնակցնելու իրենց ուժը, որովհետև եթե հանրահավաք ասելով նրանք նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10 հազար դրամով հրապարակ բերելը, ապա նրանց հույսերը շատ արագ կփլուզվեն արտակարգ դրության ժամանակ կամ դրանից հետո, կապ չունի։

«Իսկ հիմա մենք խնդիր ենք դրել, որ հնարավորինս քիչ մարդ վարակվի։ Եվ էլի ուզում եմ ասել՝ իրավական հնարավորության պայմաններում դեռ հարց է՝ հեղափոխության կողմնակիցները, թե՞ կառավարության հակառակորդներն ավելի շատ ու մեծաքանակ հանրահավաքներ կանեն։ Եվ դեռ հարց է, թե ովքեր այդ հանրահավաքով շատ ավելի կոնկրետ, գործնական ու արագ հարցեր կլուծեին կամ դեռ կլուծեն այդ հանրահավաքների միջոցով։ Կապրենք, կտեսնենք»,- հավելեց Փաշինյանը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •