Հոկտեմբերի 27-ի գործը քննած նախկին դատավոր Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրեական գործը, որը վերաբերում էր 51 հազար դոլար կաշառքի դրվագին, կասեցվել է մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով։ Կասեցվել է նաև Ուզունյանի՝ Հայաստանը լքելու փաստի առիթով հարուցված քրեական գործը։

Հիշեցնենք, որ Ուզունյանին առնչվող քրեական գործի մասին հայտնի դարձավ անցած դեկտեմբեր ամսին։ Ըստ դատախազության` Ուզունյանը 2007-ին, ապա և 2014-ին, լինելով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, քաղաքացիներից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, մի դեպքում 13 հազար, մյուս դեպքում՝ 38 հազար դոլար։

Այս քրեական գործի մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո, մինչև նախաքննական մարմինը կհասցներ Ուզունյանին ներգրավել որպես մեղադրյալ, վերջինս լքեց Հայաստանը։ Օդանավակայանում Ուզունյանին պատկանող ճամպրուկում փամփուշտ էին հայտնաբերել։ Նրա փախուստից հետո քրեական գործ հարուցվեց պաշտոնեական անփութության համար, սակայն, ինչպես արդեն նշեցինք, այս դրվագով քրեական գործը ևս կասեցվել է։

Հոկտեմբերի 27-ի գործով տուժողների իրավահաջորդների նախկին ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանն ասաց, որ այսքան արագ քրեական գործի կասեցումը ցույց է տալիս, որ դատաիրավական համակարգը դեռևս գործում է հին մեթոդներով և գտնվում է հին ռեժիմի հսկողության տակ․ «Կան մարդիկ, իրավապահներ, որոնք գտնվում են նախկին ռեժիմի հսկողության տակ և գործում են նրանց հրահանգներով։

Ուրիշ մեկնաբանություն չկա կատարվածին»,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ նույն տրամաբանությամբ կարելի է առանց հապաղելու կասեցնել նաև Միքայել Մինասյանի, Վահագն Հարությունյանի, Գևորգ Կոստանյանի և բազմաթիվ այլ հայտնի մեղադրյալների վերաբերյալ քրեական գործերը, քանի որ նրանց գտնվելու վայրը ևս հայտնի չէ։ Իսկ եթե հայտնի է, ապա նրանք վաղուց պետք է ներկայացված լինեին նախաքննական մարմնին։ «Եկեք բոլոր քրեական գործերը կասեցնենք ու վերջացնենք դրանով։ Ցավալի է, բայց արդեն փաստ է այս վիճակը, որը կարելի է փոխել միայն՝ հնարավորինս արագ դատաիրավական համակարգում փոփոխություններ կատարելով։ Փաստ է, որ ուշացրել ենք այդ բարեփոխումները։ Բայց ավելի լավ է ուշ, քան երբեք»,- եզրափակեց Եղիազարյանը։
Spread the love