AJ

Ազգային ժողովը հունիսի 30-ին, ժամը 11:00-ին արտահերթ նիստ կհրավիրի: Նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց:

Խորհրդարանականներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Սահմանադրական դատարանի նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման համար իրավական հիմք սահմանող օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերով ակնկալվում է սահմանել և հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը և ապահովել կատարված փոփոխություններին համահունչ` Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձևավորման գործընթացի ավարտը:

Այնուհետև պատգամավորները կքննարկեն Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին ԱԺ որոշումն ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագիծը:

81 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը քիչ առաջ ընդունեց ապրիլի 5-ին նշանակված եւ արտակարգ դրության հիմքով հետաձգված հանրաքվեն չեղարկելու մասին որոշումը։ Կողմ քվեարկեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Հանրաքվեն չեղարկելու որոշումը հիմնավորվում է նրանով, որ հանրաքվեի դրվող հարցը կարգավորվել է Ազգային ժողովում հունիսի 22-ին իրականացված եւ 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով: Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխությունները թույլ են տալիս հրաժարվել հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունից։

ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցում նիստին:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս խորհրդարանը քննարկեց եւ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի՝ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Փաթեթը հնարավորություն էր տալիս չեղարկել ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում նշանակված հանրաքվեն, ինչպես նաև կարգավորումներ էր սահմանում այն դեպքերի համար, երբ հանրաքվեն, այնուամենայնիվ, կայանում է:

Spread the love