Ցավոք սրտի Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը շարունակում է  դառնալ կառավարության թիվ 1 օրակարգային խնդիրը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ խնդրեց ներկայացնել վերջին տվյալները եւ իրավիճակի իր ընդհանուր գնահատականը։

«Թվային առումով ունենք հետեւյալ պատկերը. երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի՝ ի տարբերություն նախորդ օրվա 428-ի։ Սա բացարձակ թվով իհարկե, նշանակալի աճ է, սակայն պետք է փաստենք նաեւ, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքան տոկոսով մեծ եղել։ Արվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն։ Դրական նոր թեստերի տոկոսը ընդհանուր թեստերի մեջ մոտավորապես կրկին նույնն է՝ 25 տոկոս, նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ։ Սա կարեւոր ցուցանիշ է՝ իհարկե, կարեւոր է նաեւ բացարձակ թիվը սպասարկումը հասցնելու տեսանկյունից։ Ցավով պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք եւ ընդհանուր մահերի թիվը այսպիսով դառնում է 245»,- ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ երեկվա դրությամբ մահճակալային ֆոնդի հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն է։

«Գումարային ունենք մոտ 500 հոգի ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտներ։ Սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են՝ այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար։ Եվ ամենակարեւոր ցուցանիշը, որին մենք վերջին օրերին հաճախ անդրադառնում ենք՝ դա հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է, այս պահին՝ առավոտյան ժամը 09։00-ի դրությամբ մենք ունենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունենք հոսպիտալիզացիայի։ Նրանքից ընդամենը 4-ն են տանը, մնացած 28-ը այլ հիվանդանոցներում են, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ»,- նշեց նա։

Նախարարն ասաց, որ ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված. «Սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը կոմպենսացվում է՝ մեր հնարավորությունների աճով, մեր սպասարկման հնարավորություններով։ Ինչը իհարկե, չի նշանակում, որ մենք չպետք է զսպողական մեր միջոցառումները շարունակենք եւ ուժեղացնենք՝ ինչպես ամենասկզբից, եւ այդպիսով այս կառավարելի վիճակը պահենք ինչքան հնարավոր է երկար եւ գնանք դեպի անկման։ Հետեւաբար, կարծում եմ, որ մեր պարետատան որոշումների շրջանակներում ամեն ինչ պետք է շարունակենք։ Խստացնենք կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը՝ սկսած սովորական քաղաքացիներից, վերջացրած տնտեսվարող սուբյեկտներով եւ իրավիճակի զարգացմանը զուգընթաց, եթե կարիք լինի նաեւ որոշումներ փոխենք՝ ըստ իրավիճակի»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •