Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամների գործողությունները կրում են զուտ պրովոկատիվ բնույթ։ Այս մասին ասաց «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, փաստաբան Վահագն Մարտիրոսյանը։

«ՍԴ նախկին անդամները նպատակ են հետապնդում պրովոկացիայի ենթարկել գործադիր և օրենսդիր իշխանությանը՝ գործադրել ֆիզիկական բիրտ ուժ, որպեսզի հետագայում իրենց դնեն զոհի տեղ ու ամեն տեղ թմբկահարեն, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը ուժ է կիրառում իր հակառակորդների կամ իրենց ոչ ցանկալի անձանց նկատմամբ»,- շեշտեց Մարտիրոսյանը։

Նշենք, որ ԱԺ-ի Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել, համաձայն որի բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները ( Ալվինա Գյուլումյան, Ֆելիքս Թոխյան և Հրանտ Նազարյան), որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է։ Այս փոփոխությունների արդյունքում նախկին Սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը, ըստ գործող Սահմանադրության, լրանում է 10 տարի անց։ Այս փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ կազմում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն։ Իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես մինչև ամբողջ կազմը համալրելը և այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։ Բարձր դատարանի կազմում գործող Սահմանադրությամբ ընտրված է 2 դատավոր` Արման Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը: Հեռացող դատավորները, սակայն, չեն պատրաստվում հեշտ հանձնվել ու իրենց պնդմամբ շարունակելու են աշխատել։

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Վահագն Մարտիրոսյանի խոսքով՝  այս խնդրի միակ լուծումը օրենքի խիստ կիրառումն է ու պրովոկացիաներին չտրվելը։ «Խիստ կիրառումը սա է։ Սահմանադրական դատարանն ունի իր ներքին կանոնակարգը, որով կարգավորվում է ՍԴ աշխատանքը։ Այդ կանոնակարգով, ՍԴ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց ցանկ գոյություն ունի։ Այդ ցանկի մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո, որը պետք է անի ՍԴ աշխատակազմի ղեկավարը, ով ևս իր հերթին պրովոկատիվ գործողություններ է կատարում, ոստիկանության աշխատակիցը չպետք է ներս թողնի։Եթե նույնիսկ օրենքի խախտումով մուտք գործեցին, որ «աշխատեն», գործադիրը օրենքով  սահմանված կարգով պետք է քրեական հետապնդում իրականացնի։ Այսինքն՝ համապատասխան գրության հաղորդման հիման վրա  իշխանությունը յուրացնելու հոդվածով քրեական հետապնդում սկսի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր գործողություն կանի ՍԴ-ում իշխանությունը յուրացնելու ուղղությամբ։ Սահմանադրական դատարանը իշխանության մի թևն է, դատական իշխանության մի մասն է, որն իրականացնում է սահմանադրական արդարադատություն։ Ո՛չ Հրայր Թովմասյանը, ո՛չ Ալվինա Գյուլումյանը, ոչ մյուսնեչրը չունեն որևէ իրավական հիմք շարունակելու իրենց լիազորությունները իրենց նախկին պաշտոններում։ Իրենք նախկին են արդեն և որպես ՀՀ քաղաքացի, պարտավոր են անթարկվել օրենքներին։ Չենթարկվելու դեպքում, մնացած բոլոր քաղաքացիների նման ենթական են քրեական հետապնդման»,- մանրամասնեց Վահագն Մարտիրոսյանը։

Մեր զրուցակիցը որևէ խնդիր չի տեսնում, որ լիազորություններից զրկված ՍԴ դատավորները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու վիճարկել, իրենց խոսքով ասված, իրավունքների ոտնահարումը։ «Մենք խնդիր չենք ունենա։ Իրենք խոսում էին աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ։ Թող փորձեն ու զգան ՀՀ-ում արդարադատության ուժը։ Ես համոզված եմ, որ եթե անգամ հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իրենք պարտվելու են։ Բայց թող փորձեն, իրենց իրավունքն է»,- նշեց Մարտիրոսյանը։

Նախաձեռնության անդամի խոսքով՝ Հրայր Թովմասյանը, երբ դարձավ ՍԴ նախագահ, այդ պահից սկսած իշխանությունը յուրացվեց։ «Սկսած այն պահից, երբ ՍԴ անդամ դարձավ Հրայր Թովմասյանը, ու բոլոր նրանք, ովքեր ընդունեցին այդ հանգամանքը ու նրան ընտրեցին նախագահ՝ դառնալով հանցակից, իշխանությունը յուրացվեց»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Վահագն Մարտիրոսյանը զարմանք արտահայտեց, թե ինչու համապատախան մարմինների կողմից մինչև հիմա որևէ գործողություն չի ձեռնարկվում այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ «Ձևական օրինականություն ապահովելը, որը արեց Հրայր Թովմասյանը նախկին Ազգային ժողովի միջոցով, բոլորը պատժելի արարքներ են։ Իշխանության յուրացումը նույնիսկ օրինականության շղարշի տակ, ևս հանցագործություն է։ Ես ունեմ մեկ սկզբունք։ Եթե մարդիկ խախտում են օրենքը, նրանք պատժելի պետք է լինեն։ Վերջիվերջո, մենք մեկ անգամ պետք է աշխարհին ու ինքներս մեզ ցույց տանք, որ այս երկրում Սահմանադրության խախումը այն աստիճան պատժելի արարք է, որ վաղեմության ժամկետներ չպետք է ունենա ու մարդիկ պիտի պատժվեն, որ հաջորդները տեսնեն՝ Սահմանադրություն խախտել չի կարելի։ Հրայր Թովմասյանն այն մարդկանցից է, ով ՀՀ-ում իշխանություն է յուրացրել»,- տեսակետ հայտնեց Վահագն Մարտիրոսյանը։

Այս ամբողջ գործընթացքում հեղափոխության ուժով իշխանության եկած քաղաքական ուժի ու Նիկոլ Փաշինյանի գործառույթների, պարտականությունների մասով Վահագն Մարտիրոսյանը նշեց՝ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չի պատվիրակել «պուպուշ տղա» խաղալ։ «Ներողություն այս խոսքիս համար։ Բայց ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել հեղափոխության ուժով, ստիպելով նախկին Ազգային ժողովին Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ։ Հեղափոխության ուժը ստիպեց ԱԺ-ին նրան ընտրել որպես վարչապետ։ Հեղափոխության ուժը կայանում է հենց դրանում, որ ժողովուրդը ստիպում է իշխանությանը կատարել այնպիսի գործողություններ, որոնք ցանկանում է։ Ժողովուրդը ցանկանում էր Փաշինյանին իշխանության բերել, որպեսզի այդ նույն հեղափոխության ուժով Նիկոլ Փաշինյանը արագ ու էֆեկտիվ փոփոխություններ կատարի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը երկու տարի ոչինչ չարեց։ Մեկ տարի հետո նոր հայտարարում է, որ վեթինգ ենք ուզում անել, բայց Սահմանադրությունը պետք է փոխվի։ Այնինչ, այսօրվա Սահմանադրությունն ամեն ինչ թույլ է տալիս։ Եթե հանրաքվեն ճիշտ ժամանակին անեիք, ոչ թե սպասեիք հիմա, բոլոր փոփոխությունները կլինեին ու խնդիր չէինք ունենա, Հրայր Թովմասյանն էլ չէր կարողանա ոչ մի բան ասել։ Այդ թավիշը կեղծ թավիշ է։ Դա միայն վնասում է այն բոլոր նպատակներին, որոնք հեղափոխության ժամանակ սահմանվել էին։ Նիկոլ Փաշինյանը դանդաղում է, շատ է դանդաղում։ Երկու տարի հետ է ընկել»,- այս համատեքստում կարծիք հայտնեց Վահագն Մարտիրոսյանը, ապա ավելացրեց՝ ժողովուրդը սպասում է անկախությունից հետո ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական գնահատականին, որը ևս իշխանությունների կողմից չի տրվում։

Spread the love