Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական «պատմաերևակայական» ակնարկն է արել այն մասին, թե Երևանն ու Հայաստանի տարածքը ադրբեջանական պատմական տարածքներ են, որոնք վաղ թե ուշ կվերադարձնեն:

Ալիևի այդ հայտարարությունները ամենևին նորություն չեն, բայց, անշուշտ, այստեղ հարցը նոր կամ հին, սովորական լինելը չէ, այլ այն, թե ինչպես պետք է հայկական կողմը արձագանքի այդ հայտարարություններին: «Ախորժակիդ քացախ» տրամաբանությունն, անշուշտ, լավագույնը չէ, որովհետև Ալիևն, ըստ ամենայնի, միայն չի խոսում, նա պատրաստվում է «պատմաերևակայական» այդ գործոնը դարձնել ադրբեջանական արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը: Մյուս կողմից մտնել դրա հետ ուղիղ մրցակցության, Հայաստանի համար հավասարազոր կլինի հայտնի արտահայտությանը՝ «մի վիճեք հիմարի հետ, այլապես իջնում եք նրա մակարդակին»: Վիճել Ալիևի երևակայության հետ, կնշանակի հայկական պատմա-քաղաքական փաստարկներն ու, այսպես ասած, վավերագրերը հավասարեցնել Ադրբեջանի նախագահի մտացածին երևակայությանը, հավասարեցնել արհեստածին մտքերին և «թեզերին»:

Ավելին, այստեղ կարող ենք հարց քննարկել՝ իսկ արդյոք դրանց խորքային նպատակը հենց դա՞ չէ, Հայաստանը դնել Ադրբեջանի հետ պատմա-քաղաքական մրցակցության մեջ: Մի պետության, որը ոչ միայն պատմական իրավունքների մասին խոսելու հիմքեր չունի, այլ որը ինքնին արհեստածին մի պետություն է, և անգամ սեփական գիտնականները անկեղծության րոպեների ընթացքում կարող են մոռանալ իրենց իսկ պետության գոյության մասին: Դրա վկայությունն էր, երբ շաբաթներ առաջ Ալիևն, այցելելով այդ երկրի նորաբաց թանգարաններից մեկը, նկատողություն էր անում, որ պատմական քարտեզների վրա հայկական տարածքները պատկերել են, իսկ Ադրբեջանը՝ չկա: Իսկ ո՞րը կարող է լինել Հայաստանին Ադրբեջանի հետ պատմա-քաղաքական «բանավեճի» կամ մրցակցության մեջ ներքաշելու նպատակը: Մի կողմից դա պարզ է՝ արհեստածին Ադրբեջանի համար դա կլինի ձեռքբերում, երբ հազարամյակների պատմությամբ ազգը, ժողովուրդը, պետականությունը սկսում է «հավասար» բանավեճ արհեստական մի կազմավորման հետ: Մյուս կողմից, այստեղ կարող է լինել նաև այլ հետաքրքիր մի շերտ, եթե անգամ Հայաստանն ուղղակիորեն կարողանա ջախջախել Ադրբեջանին:

Բանն այն է, որ Հայաստանն իր պատմա-քաղաքական պաշարով, հայկական հարցի վավերագրության ահռելի բազայով գտնվում է մեղմ ասած՝ չափազանց բարձր քաշային կատեգորիայում, քան Ադրբեջանը: Հայաստանն այն կատեգորիայում է, որտեղ Թուրքիան են և Ռուսաստանը, մերձավորարևելյան մի շարք կարևոր խաղացողներ, ընդ որում՝ մի մասը մեր մրցակցի, մեկ այլ մասը՝ դաշնակցի կարգավիճակով կամ հեռանկարով: Առանցքային «լիգան» այստեղ, անշուշտ, Ռուսաստանն ու Թուրքիան են, որոնց ներկայիս աշխարհաքաղաքական «բազավորման» մի ահռելի մասը հենց հայկական հարցի հաշվին է, հայկական շահերի և պատմական իրավունքների հաշվին: Նոր աշխարհակարգի գործընթացը, որի առկայությունը գործնականում այլևս ընդունում են բոլոր ուժային կենտրոնները, վերստին արդիականացնելու է պատմա-քաղաքական ասպեկտները և դրանց առնչությամբ իրավա-քաղաքական հարցերը: Բացառություն չեն լինելու նաև Թուրքիային ու Ռուսաստանին առնչվող հանգամանքները, այդ թվում՝ այն հակահայկական պայմանագրերը, որոնք կնքվել են մեկ դար առաջ, փաստացի լինելով հայերի կյանքի, պետականության, տարածքների, շահերի և անվտանգության վրա կատարված առևտուր: Այդ հարցերը կանգնելու են Թուրքիայի և Ռուսաստանի առաջ, նրանք առերեսվելու են այդ իրողություններին թե՛ երկկողմ, թե՛ ռեգիոնալ, թե՛ աշխարհաքաղաքական մի շարք պատճառներով: Եվ այստեղ Ադրբեջանի պատմաերևակայական սադրանքի նպատակը, ըստ ամենայնի, հենց այն է, որ խաղից դուրս լինի այդ հարցերի իրական, վավերական իրավատերը՝ Հայաստանը: Այդ իսկ պատճառով պետք է Հայաստանը շեղել Ադրբեջանով, իջեցնել Ադրբեջանի «լիգա», որպեսզի չխանգարի Թուրքիային ու Ռուսաստանին: Այստեղ է, որ Հայաստանը պետք է դիտարկի Ալիևին պատասխանի հարցը, սակայն ասիմետրիկ պատասխանի: Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է մնա իր քաշային կատեգորիայում և պատմա-քաղաքական պայքարի մտնի ռուս-թուրքական «լիգայում»՝ չիջնելով Ադրբեջանի «քաշի» մակարդակի:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •