Ակնհայտ է, որ գլխավոր դատախազի զեկույցում ներկայացված են միայն թվեր, սակայն առկա խնդիրները լուծելու համար կատարված կամ կատարվելիք քայլերի որևէ տեսլական կամ հաջորդականություն ներկայացված չէ, ինչը հարց է առաջացնում՝ արդյոք կատարվե՞լ է արդյունավետ աշխատանք, ընտրվե՞լ են ճիշտ  թիրախներ, թե թվերի որոշակի նվազումները պատահականություն է։

Այս մասին Աժ նիստում գլխավոր դատախազի ներկայացրած զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ծանոթանալով ձեր զեկույցին՝ Զինվորական դատախազության գործունեության վերաբերյալ, եկել եմ այն եզրահանգմանը, որ փաստացի բոլոր այն խնդիրները, որոնք դեռևս 2018 թվականի հաղորդման քննարկման ժամանակ բարձրացվել էին իմ կողմից, շարունակում են մնալ ակտուալ։ Զինվորական դատախազության կողմից միայն ցուցանիշների համեմատությունը, այն էլ կարճ ժամանակահատվածի կտրվածքով, թույլ չի տալիս խորքային պատկերացում կազմել զինված ուժերում տիրող քրեածին իրավիճակի ծագման իրական պատճառների մասին։ Իմ համոզմամբ՝ վերոնշյալ պատճառները պետք է փնտրել արժեհամակարգային, իրավական և կառուցվածքային դաշտում»,- ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ իրավական ու կառուցվածքային խնդիրները շատ են։ Օրինակ՝ զինված ուժերի համակարգում գործում է երկու հետաքննական մարմին՝ Ռազմական ոստիկանությունը և զորամասի հրամանատարը։ Նրանք իրականացնում են օրենքով նախատեսված իրենց գործառույթները նույն տարածքում և նույն սուբյեկտների նկատմամբ։ Դրանով խոչընդոտվում է հետաքննական մարմնի կողմից իրականացվող անհետաձգելի գործողությունների կատարման և ընդհանրապես հետաքննության որակը, ստեղծվում անհարկի լարվածություն ստորաբաժանումների ղեկավարների միջև։

Քոչարյանն ասաց, որ լավ կլիներ՝ դատախազն իր զեկուցում անդրադառնար նաև հասարակական հնչեղության դեպքերին։ «Օրինակ՝ չտրվեցին գնահատականներ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ քննվող գործերով։ Ես կուզեի, որպեսզի մենք մյուս տարի ձեր զեկույցը լսելով՝ տեսնեինք այդ խնդիրների լուծման վերլուծությունները, որոնք իրականում պատկերացում կտային, թե մեր Զինված ուժերում տենդենցները ինչ-ինչ մոտեցումների արդյունքում են, թե՞ կոնկրետ ծրագրերի իրականացման»,- հավելեց նա։