2019 թվականին ՀՀ տնտեսությունը շարունակեց աճել նախորդ տարվա նկատմամբ ավելի արագ տեմպերով, և գրանցվեց բարձր՝ 7,6 տոկոս տնտեսական աճ՝ 2018-ի համեմատ արագանալով 2,4 տոկոսային կետով։

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։  Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճը կազմել էր 2,9 տոկոս, ԵՄ և ԵԱՏՄ միջին աճերը՝ համապատասխանաբար 1,4 և 1,6 տոկոս։

Նախորդ տարի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալները և ներգրավված ավանդները շարունակել են աճել բարձր տեմպերով, իսկ ՀՀ դրամով վարկերի ու ավանդների տոկոսադրույքների նվազեցման միտումները եղել են ակնհայտ։

«2019 թվականի բյուջեի կատարումը համապատասխանել է հարկաբյուջետային կանոններով սահմանված չափանիշներին։ Պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետական բյուջեի պակասուրդի մեծությունը։ Իսկ ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը ցածր է եղել անվանական ՀՆԱ-ի աճի պատմական միտումների հիման վրա հաշվարկված ցուցանիշից։ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ-ն միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 500 մլն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով արժութային պարտատոմսեր՝ 4 և 2 տոկոս եկամտաբերությամբ։ Տեղաբաշխման ցածր եկամտաբերությունը պայմանավորված էր հիմնականում ներդրողների կողմից տրված երկրի ռիսկի ցածր գնահատականով։ Եթե 2015 թվականի մարտին թողարկված 10 տարի մարման ժամկետով պարտատոմսերի եկամտաբերության ձևավորման մեջ երկրի ռիսկի բաղադրիչը գնահատվել է 551,8 բազիսային կետ, այսինքն՝ 5,5 տոկոսային կետ, ապա նոր թողարկված նույն ժամկետայնությամբ պարտատոմսերի համար ներդրողների կողմից երկրի ռիսկը գնահատվել է 242,8 բազիսային կետ, այսինքն՝ 2,4 տոկոսային կետ։ Ըստ էության ռիսկի մարժան կիսվել է, որը շատ լավ բնութագրիչ է»,- ասաց փոխվարչապետը։

2019 թվականին պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 1,5 տրիլիոն դրամ եկամուտներ՝ 16,7 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը։ Ընդ որում, հարկային եկամուտներն աճել են 16,4 տոկոսով կամ 206 մլրդ դրամով։ Հարկային եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը նախորդ տարի կազմել է 22,35 տոկոս, որը 1,6 տոկոսային կետով գերազանցում է կանխատեսված և 1,4 տոկոսային կետով՝ 2018 թվականի համապատասխան ցուցանիշը։ Պետական բյուջե ծախսերը նախորդ տարի կազմել են շուրջ 1,6 տրիլիոն դրամ՝ 92,4 տոկոսով ապահովելով տարեկան ճշտված ծրագիրը, ասաց փոխվարչապետը։ Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ պետական բյուջեի ներքին աղբյուրների հաշվին կատարվել է բյուջեի ծախսերի 95,3 տոկոսը կամ ավելի քան 1,5 տրիլիвն դրամը։ Իսկ 4,7 տոկոսը ֆինանսավորվել է արտաքին դրամաշնորհների և վարկերի հաշվին։

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ հարկ է նշել, որ նախորդ տարի ոչ միայն ապահովվել է ի սկզբանե պետական բյուջեով նախատեսված ծախսերի, այլ նաև լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին վերանայված, ծախսային միջոցների հաշվին բոլոր կանխատեսված և նոր ձևավորված պարտավորությունների լիարժեք կատարումը։

«Արդյունքում 2018 թվականի համեմատ պետական բյուջեի ծախսրեն աճել են 12,6 տոկոսով, ՀՆԱ-ի անվանական մեծության 9,1 տոկոս աճի պայմաններում պետական բյուջեի ծախսերի ավելի բարձր աճը հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ ծախսերի հարաբերակցության աճին՝ այն կազմել է 24,9 տոկոս՝ 2018 թվականի 24,1 և կանխատեսված 24,4 տոկոսի դիմաց»,- նշեց նա։

2019 թվականի պետական բյուջեն կատարվել է 64 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 41,6 տոկոսը։ 2018 թվականի համեմատ պակասուրդի մեծությունը նվազել է 39,3 տոկոսով։ Պակասուրդ-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարի կազմել է 1 տոկոս՝ կանխատեսված 2,2 տոկոսի դիմաց։

Նախորդ տարեվերջին կառավարության պարտքը կազմել է շուրջ 3,2 տրիլիոն դրամ՝ 6,8 մլրդ դոլարին համարժեք կամ ՀՆԱ-ի 50 տոկոսը։

Spread the love