Mishik

Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանն իր վերջին հոլովակում խոսում էր վարչապետ Փաշինյանի հետ կապված մի նոր սկանդալի մասին։ Ըստ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Նիկոլ Փաշինյանն ու ոմն Դավիթ Գալստյան ներգրավված են զենքի միջազգային առևտրում։

Մինասյանի նկարագրմամբ՝ Նիկոլ Փաշինյանը իր նոր ընկերոջ՝ ոմն Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի հետ մտածում և իրականացնում են մի սխեմա, որով Նիկոլ Փաշինյանը ՀՀ ՊՆ-ի միջոցով լիազորում է Դավիթ Գալստյանին և տալիս է արտոնություն, որ նա ՀՀ-ի անունից պատվիրի զենք։ Այնուհետև ՀՀ-ն գնում է Դավիթ Գալստյանի օֆշորից այդ զենքի մի մասը, դրա համար վճարում է, և այդ զենքը գալիս է Հայաստան։ Բայց այդ զենքի մնացած մասը Դավիթ Գալստյանը Ռուսաստանից ուղարկում է երրորդ երկիր։ Ըստ Մինասյանի՝ երրորդ երկիր զենքի վաճառքի մասին իմանալուց հետո Ռուսաստանը 10 տարով արգելում է Դավիթ Գալստյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն։

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ հայտնի փեսան «ոմն Դավիթ Գալստյանին» փորձում է ներկայացնել որպես Նիկոլ Փաշինյանի ընկեր։

Սակայն նույն Դավիթ Գալստյանը եղել է հենց Սերժ Սարգսյանի մարդը, մտերիմը։ Բացի Սերժ Սարգսյանից, Գալստյանը շատ մտերիմ է եղել նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի հետ։

Գալստյանի անցած ճանապարհն ու հարստանալու ուղին ևս սկսվել է Սերժ Սարգսյանի ժամանակահատվածից։ Դավիթ Գալստյանի անունը հայկական մամուլում հայտնվեց 2007-ին՝ պետական գույքի մասնավորեցման ժամանակ։

Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գործող «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ընկերությունները 2007-ի հունիսի 21-ին, վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, մասնավորեցվեցին։ Այս ընկերությունները գնեց օֆշորային Սեյշելյան կղզիներում գրանցված Mosston Engineering ընկերությունը, որի ղեկավարն ու բաժնետերը Դավիթ Գալստյանն էր։ Գալստյանը երկու ընկերությունները միասին գնել էր 2,35 միլիարդ դրամով։ Ձեռք բերած պետական գույքի հիման վրա նա ավելի ուշ հիմնեց «Դի Ջի Արմս Քորփորեյշնը», իսկ մի քանի ամիս անց արդեն այս ընկերությունը հաղորդեց փամփուշտների արտադրության մեկնարկի մասին՝ խոստանալով խոշոր ներդրումներ կատարել։ Սկսած այդ տարիներից, Դավիթ Գալստյանը հիմնել է նոր բիզնեսներ։ Նա Հայաստանում մի քանի այլ ընկերությունների բաժնետեր է։ Այդ ընկերությունները մասնագիտացած են ռազմական արդյունաբերության մեջ։ Դավիթ Գալստյանի և նրա ընկերությունների անունը կարելի է հանդիպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի զեկույցում՝ կապված Լիբիա զինամթերք հասցնելու, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կապված օֆշորային ընկերության հաշվին վճարումների ու Հայաստանի դատական տեղեկատվական համակարգի բազմաթիվ փաստաթղթերում։

Ուշագրավ է, որ Միքայել Մինասյանը խոսում է զենքի անօրինական վաճառքից, ՀՀ-ի համար գնված զենքը երրորդ երկրում վաճառելու մասին, սակայն հենց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում Դավիթ Գալստյանի անունը հայտնվել է նման պատմությունների կիզակետում և անգամ միջազգային կառույցների զեկույցներում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետների հանձնաժողովի բանաձևերից մեկում անդրադարձ կա «Դի Ջի Արմս Քորփորեյշն»-ի գործունեությանը. մասնավորապես՝ հանձնաժողովը պարզել է, որ Լիբիա ռազմամթերք է տեղափոխվել Արաբական Միացյալ Էմիրությունների, Հայաստանի, Ուկրաինայի և Ալբանիայի մասնակցությամբ, ինչը Լիբիային ռազմական աջակցության տրամադրման արգելքի խախտում է համարվել։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից թիվ 2040 (2012) բանաձևով ստեղծված փորձագետների հանձնաժողովի կողմից ներկայացված թիվ S/2013/99 զեկույցում (պարբ․՝ 174-րդից) որպես հաստատված փաստ նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից 2011թ․մարտի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացվել ՄԱԿ-ի թիվ 1973 (2011) բանաձևի 4-րդ և 8-րդ պարբերություններով շնորհված մարդասիրական օգնություն տրամադրելու իրավունքի իրացման վերաբերյալ հայտ՝ Լիբիայի գրոհայիններին օգնելու նպատակով (զեկույցի պարբ․74)։ Ավելի ուշ հանձնաժողովին հաջողվել է ձեռք բերել ապացույցներ, որոնք հաստատում են ՄԱԿ-ի անդամ որոշ երկրների կողմից՝ Լիբիային ռազմական օգնության տրամադրման արգելքի վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից ընդունված թիվ 1970 և 1973 (2011) բանաձևերի խախտման մասին։ Նույն թվականի սեպտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի Մայր Թերեզայի անվան օդանավակայանից հայկական ավիաընկերության միջոցով («Հայք Ավիա»-ի միջոցով) Լիբիայի Բենգազի քաղաք է փոխադրվել 800,000 հատ 12.7 x 108 մմ տրամաչափի զինամթերք։ Ուղեբեռի հասցեատերը նշված է եղել ԱՄԷ-ն։ Ստացված ապացույցներով հաստատվում է, որ գործել է ուղեբեռի փոխադրման հետևյալ շղթան։ Ալբանական MEICO-ից (Military Export Import Company՝ Ալբանիայի պաշտպանության նախարարության կողմից գործարկվող պետության սեփականությունը հանդիսացող կառույց) զենքի գնման վերաբերյալ այս ընկերության հետ պայմանագիր է կնքել զենքի առևտրով զբաղվող հայկական «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲ ընկերությունը, որը գործարքը իրականացնելու էր ԱՄԷ-ի համար։ Սակայն MEICO-ն նախընտրել է ավելի վստահելի կազմակերպության հետ աշխատել, ուստի հայկական ընկերությունը գործարքն իրականացնելու նպատակով ներկայացրել է 4-րդ կողմին՝ ուկրաինական UKRINMASH-ին, որն իր հերթին Ուկրաինայի պետական սեփականությունը հանդիսացող UKRSPECEXPORT ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Համաձայն զեկույցի՝ ալբանական կողմը չի կարող բացատրել, թե ինչու է ԱՄԷ-ի համար նախատեսված ուղեբեռը հայտնվել Լիբիայի տարածքում։ Հանձնաժողովին հաջողվել է բացահայտել, որ նշված օրերին կատարված ուղեփոխադրումներով տեղափոխվածն ավելի մեծ չափի գործարքի միայն մի մասն է։ Ուշագրավ է նաև այն, որ ուղեփոխադրող ավիաընկերությունը՝ «Հայք Ավիան», ևս հայկական գրանցում ունի։ Համաձայն զեկույցի՝ այս ընկերության անունը կապված է ՄԱԿ-ի մեկ այլ բանաձևի խախտմամբ դեպի Սոմալի և Էրիտրեա կատարված թռիչքների հետ։ Սեպտեմբերի 13-ին Լիբիայից «Հայք Ավիա»-ի IL-76 TD օդանավը՝ EK 76599 գրանցման համարով, ուղևորվել է դեպի Մոլդովա, իսկ 14-ին՝ դեպի Հայաստան։ Այնուհետև, ընդամենը 24 ժամ անց այն հանկարծ գրանցվում է ԱՄԷ-ում՝ Skiva Air ընկերության ներքո։

Հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Դավիթ Գալստյանի անունը առաջին անգամ հրապարակվեց օգոստոսի 22-ին, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանում արտադրվելու են «Կալաշնիկով» ինքնաձիգներ։ Դրանք արտադրելու մասին հայտարարել էր արդեն Royalsys Engineering ընկերության նախագահ ու բաժնետեր Դավիթ Գալստյանը։

Դավիթ Գալստյանը ոչ թե «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ի սեփականատիրոջ կարգավիճակով էր ներկայանում, այլ արդեն հանդես էր գալիս որպես «Royalsys Engineering» Ltd․ ընկերության նախագահ։ Պատճառը թերևս այն էր, որ Գալստյանի «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն հսկայական պարտքեր էր կուտակել տարբեր երկրների ընկերություններին, որոնց կողմից հայցեր էին ներկայացվել Գալստյանի ընկերության դեմ։ Վերջինս էլ, թերևս, նախընտրել է նոր ընկերություն բացել և գործունեություն սկսել նոր ընկերության շրջանակներում՝ արտադրելով «Կալաշնիկով» ինքնաձիքներ։ Այսօր լրատվամիջոցներից մեկը տեղեկացրեց, որ «Կալաշնիկով» ինքնաձիքերի արտադրությունը սկսվելու է հուլիս ամսից:

Միքայել Մինասյանը թերևս շփոթել է և իր աներոջ ու Դավիթ Գալստյանի գործարքները ու անօրինական ճանապարհով դիզած հարստությունը ներկայացրել որպես Փաշինյանի գործողություններ։ Այս հրապարակումը, թերևս, կլուսավորի Մինասյանի խամրած հիշողությունը։

Այն, որ Պատրոն Դավոն Սերժ Սարգսյանի մտերիմն է եղել,- ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքերով՝ Միքայել Մինասյանը իրավունք չունի խոսելու Դավիթ Գալստյանի մասին, քանի որ նա եղել է Սերժ Սարգսյանի մտերիմը ու զենքի բիզնես տարիներ շարունակ իրականացրել է հենց նա, որի ապացույցները մենք վերևում մանրամասն նկարագրեցինք։

Spread the love