PEK

Ծրագրում ընդգրկվածների շուրջ 97%-ը բարձր ռիսկայնության խմբի հարկ վճարողներն են.

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը:

Կոմիտեն հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը, տարեցտարի նվազեցնում է համալիր հարկային ստուգումների քանակը: Առաջնահերթությունը տրվում է  վերլուծական գործիքակազմի կիրառմանը՝ նպաստելով հարկ վճարողների ինքնահայտարարագրմանը, ինչն էլ իր հերթին ապահովում է իրական ցուցանիշներ:

Հաստատված ծրագրով նախատեսված է իրականացնել համալիր հարկային ստուգումներ 839 հարկ վճարողի մոտ, ինչը շուրջ 7 տոկոսով պակաս է նախորդ տարվա քանակից (նախորդ տարի հաստատված ցանկը ներառում էր 900 հարկ վճարող): Հատկանշական է, որ այս տարի հաստատված ծրագրում ընդգրկված հարկ վճարողների շուրջ 97%-ը կազմում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները (նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 70%):

Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված հարկ վճարողների 2019 թվականի իրացման շրջանառությունը կազմում է գնահատված բոլոր հարկ վճարողների հայտարարագրած ցուցանիշի 50%-ից ավելին: Հետևաբար՝ ավելի քիչ վարչարարությամբ, և հարկ վճարողների ավելի փոքր թվաքանակով՝ համալիր ստուգման կենթարկվի հայտարարագրված իրացման շրջանառության համեմատաբար մեծ ծավալ:

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը տեղադրված է ՊԵԿ  պաշտոնական կայքում («Հարկային տեղեկատվություն» բաժնի  «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նախատեսվող  ստուգումների պլան») ենթաբաժնում, հետևյալ հղմամբ՝  https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTIVerificationsPlan :

 ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Spread the love