Հայաստանում պետք է սկսի հակահամաճարակային շարժում, հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Փաշինյանը, նշելով, որ քաղաքացիները պետք է անհատական ջանք գործադրեն վարակի տարածումը կանխելու պայքարի շրջանակում:

Հունիսի 3-ի համար Հայաստանում արձանագրվել է 697 դեպք: Թվերը աճում են, բայց արդյոք անսպասելի: Հայաստանում դեռեւս մարտից արտակարգ դրության, իսկ հետո նաեւ մոտ մեկ ամիս կարանտինային դրության պայմաններում արձանագրվել է վիճակագրության կայուն աճ: Նույն կարանտինային պայմաններում էլ Հայաստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ վարակի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից, օջախներն այլեւս վերահսկելի չեն:

Այդ պարագայում միթե կարող էր լինել մարդ, որը կսպասեր, թե կարանտինի չեղարկումն ու տնտեսության գրեթե ամբողջական բացումը բերելու էին աճի արգելակման, կամ ավելին՝ չէին բերելու աճի ավելացման:

Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ չնայած մտահոգիչ, խիստ, նախազգուշացնող հռետորաբանությանը, առկա պատկերը կառավարության համար այդուհանդերձ եղել է սպասելի ու կանխատեսելի: Հակառակ պարագայում, եթե կառավարության համար պատկերն անսպասելի է, կա իրավիճակի գնահատման կարողության խնդիր:

Այն, որ կառավարությունը զգուշացնում է քաղաքացիներին, կոչ անում պատասխանատվության, բնական է ու տրամաբանական: Որքան էլ իրավիճակը կանխատեսելի է, այն պետք է պահել կառավարելիության ու կանխատեսելիության շրջանակում նաեւ հետագայի համար: Առավել եւս, երբ կան նաեւ բազմաթիվ ուժեր, որոնք քաղաքական շարժառիթով շահագրգռված են անկանխատեսելիության ու անկառավարելիության հարցում:

Միաժամանակ, պետք է զգույշ լինել խուճապ չառաջացնելու եւ հանրային հոգեբանությունը չվնասելու առումով, որովհետեւ այդ «կարմիր գիծն» անցնելու դեպքում էֆեկտը արդեն կարող է լինել ոչ թե կառավարելիությունը, այլ լրիվ հակառակը:

Ակնհայտ է, որ պետք է համաճարակը կառավարել քաղաքացու հետ երկխոսության արդյունավետ լեզու գտնելով, որը կբացառի փոխադարձ մեղադրանքներն ու մուննաթը եւ կձեւավորի գործակցություն: Տնտեսական նոր սահմանափակումների գնալը թերեւս վրիպում եւ ինքնախաբեություն կլինի: Դա չի օգնելու կանխել վարակը՝ այն դուրս է վերահսկողությունից վաղուց, փոխարենը առաջացնելու է նոր տնտեսական եւ սոցիալ-հոգեբանական խնդիրներ: Դա կարող է բերել հենց նուրբ «կարմիր գծի» խախտման:

Հայաստանը կամա թե ակամա հայտնվել է շվեդական կամ գուցե բելառուսական մոդելի շրջանակում: Այստեղ համեմատությունները չեն կարող նույնական լինել, իսկ մոդելային գնահատումները իհարկե պայմանական են, եւ ոչ միայն Հայաստանի եւ Շվեդիայի կամ Բելառուսի միջեւ, այլ գործնականում ցանկացած պարագայում:

Ընդ որում, չնայած շվեդական մոդելի ոչ պոպուլյարությանը, այդուհանդերձ, քանի դեռ աշխարհը պաշտոնապես հրաժեշտ չի տվել կորոնավիրուսին, չափազանց դժվար է ասել, թե ի վերջո որ մոդելն էր ճիշտ կամ սխալ, արդյունավետ կամ անարդյունավետ:

Այդ հարցերը հանգամանալից կքննարկվեն վարակին հրաժեշտ տալուց հետո, կամ այլ կերպ ասած՝ հանրային իմունային համակարգով այն ամբողջական բնական վերահսկողության տակ վերցնելուց հետո:

Spread the love