«Խորհրդային Միության ստեղծման ժամանակ նշվել է կազմից դուրս գալու իրավունքը, բայց քանի որ ընթացակարգ չի եղել, հարց է ծագում։ Եթե այս կամ այն հանրապետությունը մտել է Խորհրդային Միության կազմ, ռուսական հսկայական հողեր է ստացել՝ ավանդական, պատմական, ռուսական տարածքներ, իսկ հետո որոշել է դու՞րս գալ կազմից։

Այդ դեպքում գոնե դուրս գար նրանով, ինչով եկել է, այլ ոչ թե իր հետ քարշ տար ռուս ժողովրդի նվերները», Ռոսսիյա 1 հեռուռստաընկերության եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Փորձագետները սա գնահատել են որպես սպառնալիք Ուկրաինային ու հատկապես Ղազախստանին: Պուտինն Ուկրաինայից արդեն պոկել է «ռուս ժողովրդի նվերի» մի մասը եւ ունի այլ մասեր պոկելու ծրագրեր, որոնք սառեցվել են արտաքին որոշակի հանգամանքների բերումով: Ընդ որում, Կրեմլի «հողահավաք» ծրագրերի մաս են նաեւ Բելառուսը եւ Մերձբալթյան հանրապետությունները: Սակայն վերջին շրջանում ԱՄՆ պետքարտուղարը եւ հատկապես Պենտագոնը ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես այդ ծրագրերի կնքահայր Պատրուշեւին հասկացրել են, որ կանգ չեն առնելու միջուկային հարվածի սպառնալիքի առաջ:

Ղազախստանի պարագայում, Նազարբաեւի հետ սերտ հարաբերությունները թույլ էին տալիս խուսափել խնդիրներից, թեեւ ժամանակ առ ժամանակ պատմական հողի վրա Նազարբաեւը կոշտ հակահարվածներ էր հասցնում ռուսական պահանջներին:

Ղազախստանը վերջինն է դուրս եկել ԽՍՀՄ կազմից: Խորհրդային իշխանության հաստատումից հետո Ռուսաստանի կազմում 1920 թ. ձեւավորվեց Կիրգիզական ինքնավարությունն Օրենբուրգ կենտրոնով, որը ներառում էր Ղազախստանի ներկայիս տարածքը: Ղազախստանը ԽՍՀՄ կազմում առանձին հանրապետության կարգավիճակ է ստացել 1936 թվականին, պահպանելով այն հսկայական տարածքները, որոնք, ըստ Պուտինի, նվեր են տրվել նրան:

Աշխարհքաղաքական մեծ խաղից դուրս մղվելով, Կրեմլի վարչակարգը ներկայում կենտրոնացել է հետխորհրդային տարածքի վրա, փորձելով դրա հանդեպ իր իրավունքը հաստատել Երկրորդ աշխարհամարտի սակրալացման վրա: Եթե արեւմտյան ուղղությամբ ռուսները բախվել են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի վճռականությանը, Ղազախստանի պարագայում փորձագետները նշում են, որ Ռուսաստանը կարող է դեմ առնել Չինաստանի ուժգին հակադարձմանը, որը ներկայում Պուտինի ասած «ինկորպորացնում» է տարածաշրջանը, հսկայական ներդրումներ անելով նույն Ղազախստանում: Ղազախստանի ներկայիս նախագահ Տոկաեւը մի շարք քայլեր է իրականացրել, որոնք ցավոտ են ընդունվել Ռուսաստանում, մասնավորապես պետական լեզվի եւ տնտեսության վերակողմնորոշման հարցերում:

Ղազախստանի հետխորհրդային քաղաքականության արդյունքում երկրում կտրուկ նվազել է ռուս բնակչության թիվը, որը կարող է դառնալ Պուտինի քաղաքականության հենարանը: