Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը կկայանա հուլիսի 1-ին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը հանձնարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին,  Ռոսպոտրեբնադզորին և մարզերի ղեկավարներին ապահովել լիակատար անվտանգություն:

«Իհարկե, ես կդիմեմ մեր քաղաքացիներին, ժողովրդին, որպեսզի նրանք ակտիվ մասնակցեն այս համառուսաստանյան քվեարկությանը, քանի որ խոսքը հիմնական օրենքի` Սահմանադրության մասին է, որը ներառում է մեր երկրի կյանքը, մեր կյանքը և մեր երեխաներին,-ասել է Պուտինը:

Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու մասին քվեարկությունը նախատեսված էր ապրիլի 22-ին, բայց կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով մարտի վերջին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր դրա տեղափոխման մասին: Այնուհետև պետության ղեկավարը նշել էր, որ նոր ամսաթիվը որոշվելու է բժիշկների առաջարկությունների հիման վրա:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխության քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին: Հանրաքվեն, որի մասին Պուտինը բարձրաձայնեց հունվարին, նշանակվել էր ապրիլին: Սակայն կորոնավիրուսը հետաձգեց այն:

Կորոնավիրուսը Ռուսաստանում շարունակվում է, օրական վարակակիրներն ու մահերը շատ են, սակայն ՌԴ իշխանությունը հայտարարում է, որ վարակը պիկն անցել է եւ իրավիճակը կայունանում է:

Այդ գնահատականը փաստորեն դարձավ հիմք երկու որոշման համար՝ մայիսի 9-ի հետաձգված շքերթ, որը ՌԴ նախագահը նշանակել է հունիսի 24-ին, եւ մեկ շաբաթ անց՝ հետաձգված հանրաքվե: Այդ հանրաքվեն գործնականում լինելու է Պուտինի նախագահական ժամկետի զրոյացման, այսինքն նախագահական ժամկետի սպառվելուց հետո առնվազն եւս երկու ժամկետ առաջադրվելու հնարավորության ընձեռում:

Համադրելով որոշումները կորոնավիրուսի իրավիճակի հետ ակնառու է, որ ՌԴ նախագահը շտապում է: Ընդ որում, հաջորդականությունը խորհրդանշական է՝ նախ շքերթ, հետո հանրաքվե: Նախնական տարբերակում իհարկե այդպես չէր, հակառակն էր: Սակայն, կորոնավիրուսը կարճ ժամանակում փոխել է շատ բան: Արձանագրվում է Պուտինի վարկանիշի շոշափելի նվազում, ինչը մեծ հավանականությամբ բարդացնելու է հանրաքվեի արդյունքի ապահովումը: Շքերթը թերեւս պետք է օգնի, արթնացնելով այսպես ասած մեծապետական տրամադրություններ ու խաղալով դրանց վրա: Ըստ ամենայնի, հենց այդ նկատառումով էլ ՌԴ նախագահը որոշել է շքերթից հետո հանրաքվեի հարցում չսպասել երկար, որպեսզի տրամադրությունը չնստի:

Ինչ խոսք, ժամկետի զրոյացումն ամենեւին չի նշանակում, որ Պուտինը կօգտվի այդ հնարավորությունից 2024 թվականից հետո: Դա կախված է լինելու մի շարք հանգամանքներից: Պարզապես Ռուսաստանի վերնախավը օժտում է իրեն Պուտինին պահելու լիազորությամբ, կամ առնվազն չի խանգարում նրան ունենալ նաեւ այդ լիազորությունը:

Իսկ շտապողականությունը թերեւս վկայում է, որ ՌԴ վերնախավն ու նախագահը հեռանկարի հարցում այդքան էլ լավատես չեն եւ չեն սպասում, որ տեսանելի ապագայում կարող է լինել հանրաքվեի հարցը լուծելու ավելի նպաստավոր ժամանակ: Մոսկվան չի ուզում աշխարհքաղաքական վերաձեւումների բարդ փուլում լինել իշխանության բաց խնդրով: Այսինքն, ազդակ է հղվում՝ անշուշտ, իրավիճակն է թելադրելու որեւէ սցենար, սակայն նվազագույնը՝ Պուտինը կա ու կա:

Մեծ հաշվով, ՌԴ իշխանության հարցն ըստ ամենայնի կլուծեն ԱՄՆ-ն ու Չինաստանը: Պուտինն ըստ ամենայնի փորձում է լուծումների շարքում ապահովել իր մնալու, ըստ այդմ Պեկինի ու Վաշինգտոնի հետ խաղալու հնարավորությունը: Ինչպիսի հարաբերակցությամբ կկայացվի ՌԴ իշխանության հարցի վերաբերյալ ԱՄՆ-Չինաստան որոշումը, շատ բան կախված է իհարկե ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքից՝ կվերընտրվի՞ Թրամփը, թե՞ ոչ:

Spread the love