Putin Vladimir

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսաստանյան օլիգարխների փողերով Բելառուսում փորձում են իշխանության բերել արմատական ընդդիմությանը: Լուկաշենկոն պատրաստվում է նախագահի ընտրությանը և պատրաստվում է բավականին բարդ պայմաններում:

Մյուս կողմից՝ միշտ էլ բարդ է, իհարկե, մնալ իշխանության ֆորմալ ընտրության միջոցով: Բայց ներկայումս առավել բարդ է աշխարհաքաղաքական միջավայրը, որում Լուկաշենկոն է, որովհետև բազմակի բարդ է այդօրինակ հարցեր լուծել նոր աշխարհակարգի ձևավորման ակտիվ փուլում, երբ խոսքը ամենևին էլ որևէ փակուղում կամ ծայրամասում ընկած պետության մասին չէ, այլ առանցքային երկրի:

Խոսել ռուսաստանյան օլիգարխների փողերով արմատական ընդդիմության մասին, նշանակում է ուղիղ մեղադրել Կրեմլին՝ Բելառուսում իշխանափոխություն ֆինանսավորելու համար: Դա հնարավոր է անել երկու պարագայում: Կա՛մ Լուկաշենկոն փորձում է Կրեմլի գիտությամբ իսկ Կրեմլը հրեշ հռչակելով լուծել վերարտադրության հարցը, կա՛մ Կրեմլը իսկապես դրել է այդպիսի խնդիր՝ նվազագույնը Լուկաշենկոյին սաստելու և նրան, այսպես ասած, ենթարկեցնելու համար, առավելագույնը՝ նրան իսկապես իշխանությունից հեռացնելու համար, քանի որ դարձել է անվստահելի, անկանխատեսելի: Թե հատկապես ինչի հետ գործ ունենք այդ առումով՝ միարժեք ասելը իհարկե բավականին բարդ է:

Ի վերջո, ակնառու է նաև մի բան՝ արդեն տևական ժամանակ Մոսկվան չունի, այսպես ասած, հետխորհրդային ազդեցության գոտում աներկբա գերակայության և այդ գործիքակազմով հարցեր լուծելու հնարավորություն, ըստ այդմ՝ ներկայիս իրավիճակում միանգամայն կարելի է դիտարկել տարբերակ, երբ Մոսկվան կարող է խնդիրներ լուծել՝ համաձայնելով ժամանակավորապես հայտնվել «հրեշի» կերպարում, միայն թե Բելառուսում պահի գոնե Լուկաշենկոյին, Բելառուսի հանրությանը հնարավոր լինի հավատացնել, որ Լուկաշենկոն է այդ հրեշի դեմ պայքարի ունակ միակ «Լանցելոտը»:

Այսպես թե այնպես ակնառու է մի բան՝ Լուկաշենկոն փաստացի հայտարարում է, որ Պուտինը փորձում է ֆինանսավորել իշխանափոխություն Բելառուսում: Իսկ եթե դա Պուտինը չէ, ապա Լուկաշենկոն ըստ էության հայտարարում է, որ Պուտինը Ռուսաստանում այլևս իշխանություն չէ, եթե որևէ ռուսաստանյան օլիգարխ առանց նրա գիտության կարող է Բելառուսում արմատական ընդդիմություն ֆինանսավորել:

Spread the love