Hrant Bagratyan

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցազրույցում Ալիեւից բացի մեկ այլ հետաքրքիր դրվագ էլ կար: Խոսելով գազի ու հայ-ռուսական խնդիրների մասին, Բագրատյանը ներկայացրեց Գազպրոմի ներկայիս իրավիճակը:

Ռուսական մոնոպոլիստը բարդ իրավիճակում է հայտնվել մի կողմից էներգակիրների գների կտրուկ անկման, մյուս կողմից՝ մեգանախագծերի փաստացի տապալման արդյունքում: Այդ մեգանախագծերի վրա ծախսվել են ահռելի գումարներ, սակայն դրանք փաստացի չեն գործում, կամ գործում են թերբեռնված: Թուրքիան օրինակ գրեթե դադարեցրել է ռուսական գազի ներկրումը, այդ ծավալները հասցնելով Հայաստանի ու Լիտվայի ծավալներին:

Գործերն ավելի վատ են Հյուսիսային հոսք 2 եւ Սիբիրի ուժ գազատարների մասով: Հյուսիսային հոսքը հայտնվել է պատժամիջոցների տակ, իսկ Սիբիրի գազատարով Չինաստանը պարզապես անվճար գազ է ներկրում:

Ավելին, էներգետիկ հարցերով ռուս հայտնի փորձագետ Միխայիլ Կրուտիխինի պնդմամբ, այդ մեգանախագծերը կառուցելիս Կրեմլին մերձավոր շրջանակներին հետաքրքրել է առաջին հերթին հսկայական փողեր գրպանելու հարցը, չքննարկելով դրանց նպատակահարմարության խնդիրը:

Ներկայացնելով իրավիճակը, Հրանտ Բագրատյանն ասել էր, որ Գազպրոմի համար փող աշխատելու միակ տեղը մնացել է Հայաստանը: Թող աշխատեն, էլի, կարծես թե նման տոնայնություն կար նրա խոսքում: Ավելի վաղ Լավրովն էր բողոքել, որ այս ծանր ժամանակներում Հայաստանն ու Բելառուսը էժան գազ են ուզում:

Երեկ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում էր Գազպրոմ Արմենիայի հայտը գազի գինը թանկացնելու վերաբերյալ:

Դրանից մի քանի օր առաջ Պուտինը մերժել էր Հայաստանի առաջարկը գազի գինը նվազեցնելու վերաբերյալ: Ավելի ճիշտ՝ դրա դիմաց իր գինն էր սահմանել՝ «ավելի խորը ինտեգրացիա եվրասիական նախագծերում», ինչը թարգմանաբար նշանակում է ինքնիշխանության զիջում: Հայ պաշտոնյաներն այդպես էլ հասկացել էին եւ հայտարարել, որ ինքնիշխանությունը զիջել չեն պատրաստվում:

Միխայիլ Կրուտիխինն ասում է, որ Մոսկվայի համար գազի գինը այդ թվում Հայաստանի պարագայում ոչ թե շուկայական, այլ քաղաքական տրամաբանություն ունի: Նա ասել է նաեւ, որ Հայաստանի պարագայում վիճակը կրկնակի բարդ է՝ ոչ միայն մատակարարման մենաշնորհը, այլեւ երկրի ներսում գազային ենթակառուցվածքները պատկանում են Գազպրոմին: Ասել կուզի՝ Հայաստանի դեպքում Մոսկվան ուզում է թե փող աշխատել, թե պահել քաղաքական ճնշումը:

Spread the love