Migracia

«Ռուսաստան  արտագնա  աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներն աշխատում են երկու հիմնական ոլորտներում՝  սննդային սպասարկում (ռեստորաններ, սրճարաններ, արագ սննդի կետեր և այլն)  և շինարարություն։

Սննդի ոլորտում, բնականաբար, խնդիրներ կարող են առաջանալ, որովհետև այս ասպարեզում կտիվություն պայմանավորված է նաև  ժողովրդի ֆինանսական կարողութուններից (և դա այդպես է բոլոր տեղերում), այսինքն, եթե մարդիկ գումար ունեն՝ հաճախում են սրճարաններ, զվարճանքի կենտրոններ, օգտվում են արագ սննդի կետերից, հարսանիքներ, ծնունդներ են կազմակերպում, բայց հիմա սա որոշ չափով սահմանափակված է, հետևաբար Հայաստանից գնացածների համար այս  ոլորտում հեռանկար չկա։

Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ, եթե  Ռուսաստանն իր տնտեսական ակտիվությունը պահելու համար որոշի զարկ տալ շինարարությանը, ապա այս ոլորտում ներգրավված հայերը խնդիր չեն ունենա, կշարունակեն աշխատել, իսկ, եթե ոչ, ապա պատկերը տխուր կլինի»։

Այս մասին նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Գագիկ Մակարյանը՝ խոսելով Ռուսաստանում ապրող կամ այնտեղ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների հետագա ճակատագրի մասին՝ հաշվի առնելով  այս ճգնաժամային փուլում Ռուսաստանի տնտեսության վիճակը։

Այս համատեքստում հարկ ենք համարում նշել, որ ՌԴ-ում  պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը հասել է գրեթե 2․5 միլիոնի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ օրերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտարարել է աշխատանքի և  սոցիալական պաշտպանության նախարար Անտոն Կոտյակովը։

Նախարարը նաև նշել է, որ հունիս ամսին շաբաթական մոտ 150 հազար գործազուրկ է գրանցվել։

Կարանտինային ռեժիմ հայտարարելուց հետո Անտոն Կոտյակովը կանխատեսել էր, որ գործազուրկների թիվը կարող է անցնել 5 միլիոնը, բայց ինչ ժամանակահատվածի համար է կանխատեսում՝ չէր հստակեցրել։

Գագիկ Մակարյանի խոսքերով, օրինակ, Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում և  Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում  վերջին տվյալներով գործազրկոության մակարդակը կազմել է 3-4 տոկոս, ինչը շատ ցածր ցուցանիշ է և  ուրախալի փաստ, որովհետև նշանակում է, որ մարդկանց զբաղվածությունն  աննշան չափով է կրճատվել։

«Այս ցուցանիշը, եթե առաջիկայում ավելանա էլ, ենթադրենք դառնա 8-9 կամ  առավելագույնը 10 տոկոս, ապա Ռուսաստանի նման երկրի համար դա բավականին փոքր ցուցանիշ է, մինչդեռ մեզ մոտ, եթե գործազրկության մակարդակը 17-18 տոկոս է, ապա կարող է աճել՝ հասնելով 25-30 տոկոսի ոը, իհարկե, մեզ համար զգալի թիվ է։

Հիմա, եթե առաջիկայում վերականգնվեն դեպի ռուսաստան թռիչքները, ապա մեր քաղաքացիներից շատերը, ովքեր պարբերաբար այս սեզնին մեկնում են այնտեղ՝  հիմա էլ կրկին կգնան և կապահովեն իրենց զբաղվածության հարցը և սա ինչ-որ չափով ձեռնտու է նաև ռուսներին, որովհետև մեր հայրենակիցները ունեն ձեռքի շնորհք, հարբեցողությամբ չեն զբաղվում, երկարաժամկետ աշխատում են,  իրենց գործը որակով են անում և այլն, և սա, բնականաբար, նրանց գրավչություն է հաղորդում ու անկախ ամեն ինչից՝ առանց աշխատանք չեն մնում։ Պարզապես խնդիրն այստեղ այն է, որ նախորդ տարիներին այս սեզոնին  մարդիկ արդեն մի քանի ամիս է մեկնած էին լինում, աշխատանքի մեջ էին լինում, բայց հիմա սահմանները փակ է ու շատերը մնացել են այստեղ ու դեռ չգիտեն՝ ինչ է հետագայում սպասվում»,-նկատեց Մակարյանն ու միևնույն ժամանակ հավելեց նաև, որ, բոլոր դեպքերում, չենք կարող բացառել նաև այն հանգամանքը, որ այստեղից մեկնածների մի մասը կարող է վերադառնալ, որովհետև  թանկացումներ են լինելու, կուտակած խնայողությունները որոշ ժամանակ անց չեն բավարարելու, տրանսֆերտներ չեն կարողանալու ուղարկել, եթե չաշխատեն կամ կրճատումներ լինեն։

Հարցին՝  արդյո՞ք սրանով պայմանավորված Հայաստանում չի մեծանալու պետության սոցիալական բեռը, քաղաքացիների սոցիալական խնդիիրները, արդյո՞ք կառավարությունը կկարողանա ապահովել այս մարդկանց զբաղվածությունը, այս  իրավիճակում ապահովել նրանց կենսական նշանակության պայմանները, Գագիկ Մակարյանը պատասխանեց․

«Կառավարությունը հիմա պիտի, անպայաման,  խթանի շինարարությունը․այս մարդկանց մեծամասնությունը շինարարներ են կամ շինարարական աշխատանքներում են, ինչպես արդեն ասածի, ներգրավված եղել և նրանք այսպես ասած՝ գտած  կադրեր են ուղղակի՝ իրենց աշխատանքային փորձով, էժան աշխատուժով, որակյալ մասնագետ լինելով, կազմակերպչական հմտություններով և այլն և այլն, հետևաբար պետք է այս մարդկանց  պոտենցիալը օգտագործել և չթողնել, որ նրանք դեգրադանան կամ վեր կենան արտագաղթեն։ Մեր տնտեսության զարգացման մեջ  այս հատկանիշները շատ մեծ կարևորություն ունեն և պետական կառույցները պետք է մտածեն այս մարդկանցից  դրական իմաստով՝ «օգտվելու մասին», նպաստել նրանց զբաղվածությանը։

Օրինակ՝ համայնքների զարգացման ծրագրեր իրականացնել, ենթակառուցվածքները զարգացնել, կամուրջների, դպրոցների, ճանապարհաշինության, հիվանդանոցների, բնակարանաշինության  և բազում այլ աշխատանքների պատվերներ տալ այս մարդկանց, դրանց կառուցման  կամ վերանորոգման աշխատանքների մեջ նրանց ներքաշել։ Պետք է կառավարությունը մտածի այս ուղղությամբ և դրանից բխող հստակ քայլեր ձեռնարկի։ Վերջին հաշվով, այս մարդիկ մեր երկրի քաղաքացիներն են ու պետությունը նաև նրանց համար է պատասխանատվություն կրում, այսինքն՝ կառավարությունը մարդկային կապիտալի զարգացման կարևոր առաքելություն ունի իրականացնելու և ոչ թե մակերեսային լուծումների ճանապարհով գնա»։