Հայաստանում շարունակվում են քննարկումները, թե Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ մեղադրանքի առնչությամբ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքն ինչ ազդեցություն կունենա գործի թե՛ իրավական ընթացքում, թե՛ քաղաքական համատեքստում:

Իսկ ՄԻԵԴ-ն, ինչպես հայտնի է, բավականին անորոշ և լղոզված, հարաբերական արձագանք էր տվել ՍԴ հարցերին, մեծ հաշվով, այդպես էլ հստակ չմատնանշելով՝ խախտվե՞լ է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ որևէ բան, թե՞ ոչ: Թեև, օրինակ այն, որ ՄԻԵԴ-ը չի ասել միարժեք ոչ, նշանակում է, որ, այդուհանդերձ, ինչ-որ այո ասել է:

Սրանք, իհարկե, զուտ մեկնաբանության դաշտում են, որով առատորեն զբաղված են տարբեր կողմերը, ըստ իրենց հայեցողության ու նպատակահարմարության: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ գործընթացը շարունակում է մնալ դատաքննության արգելափակվածության վիճակում, որևէ կերպ չհասնելով այդ փուլին: Մինչդեռ, հենց այդտեղ է, որ պետք է գոնե առկա իրողությունների պայմաններում հասկանալի լինի, թե ինչ է կատարվել Մարտի 1-ին՝ ով ինչ է արել, ինչ է ասել, ինչի համար է պատասխանատու: Վերջին հաշվով, դա է Հայաստանի Հանրապետության գլխավոր նպատակը՝ հասկանալ, թե ինչ է կատարվել, որպեսզի մի կողմից հստակ լինեն պատասխանատուները, մյուս կողմից՝ թույլ չտրվի Հայաստանի հանդեպ ևս մեկ անգամ կիրառել այնպիսի գործիքներ և մեխանիզմներ, որոնք երկրում կարող են առաջացնել այդպիսի արյունահեղության ռիսկ, առավել ևս՝ փաստ:

Քանի դեռ չկա այդ բացահայտումը կամ հստակեցումը, Մարտի 1-ն, ըստ էության, շարունակում է աշխատել Հայաստանի դեմ, ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն ու անգամ դատավճիռը: Մարտիմեկյան գործի ամբողջ էությունն այն է, որ չպետք է բացահայտվեն միայն մեղավորներ իրավական իմաստով, այլ պետք է բացահայտվի մեխանիզմը, որով ներքաղաքական իրադարձությունները բերվել են Երևանի կենտրոնում մարդասպանության:

Գործընթացի բուն իմաստը պետք է լինի տեղի ունեցածի մեխանիզմը հասկանալը, ըստ այդմ՝ հասկանալը, թե եղե՞լ է արդյոք Հայաստանի բարձրաստիճան որևէ պաշտոնյայի կամ որևէ այլ ներքաղաքական դերակատարի միջոցով Հայաստանի վրա արտաքին ներգործություն, որը բերել է արյունահեղության: Եվ այդ հարցը կարևոր է հատկապես այն իմաստով, որ Հայաստանում նորագույն պատմության մեջ ողբերգական ցիկլային բնույթ են կրում արյունահեղությունները, որոնցից ցանկացածի առնչությամբ առնվազն կա ոչ միայն ներքին, այլևս արտաքին կասկած: Այդ հանգամանքը առավել քան նշանակալից է 2018-ի անարյուն փոփոխության տրամաբանության համատեքստում, և կարևոր դրվագների, մեխանիզմների բացահայտումը հույժ էական է անարյուն փոփոխության այդ առանցքային հանգամանքը մշտապես պահպանելու և ողբերգական ցիկլին վերադարձ այլևս թույլ չտալու համար: Այդ տեսանկյունից, ՄԻԵԴ խորհրդատվությունը պայմանականորեն ունի հենց այդ տողատակը, որ միայն ընթացքից է պարզ լինելու, թե ինչ է խախտվում, իսկ ինչն է մնում անխախտ:

Spread the love