Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը Հայաստանում նոր բնույթ է հաղորդել անցնող շաբաթների ներքաղաքական աշխուժությանը, կամ, իհարկե, կարող է լինել այդ աշխուժության նոր բնույթի դրսևորում, որքան էլ, իհարկե, ֆորմալ տեսանկյունից գործ ունենք դատարանի իրավական վճռի հետ: Ակնառու է, որ Ռոբերտ Քոչարյանն այդ վճռով մտել է քաղաքական ակտիվ խաղի մեջ:

Կխաղա, կմասնակցի խաղին, թե կհրաժարվի, այլ հարց է: Առայժմ նրա հրապարակային քաղաքական որոշումը մեկն է՝ հետ վերցնել ՍԴ դիմումը: Այլ քաղաքական որոշման երկրորդ նախագահը չի դիմել: Եթե նա մասնակցում է խաղին ակտիվ, ապա բավականին բարդանում է մյուս խաղացողների հարցը, որոնք դիրքավորվում են նախկին համակարգի շրջանագծով: Խոսքն այն ուժերի մասին է, որոնց, այսպես ասած, ռեսուրսային սնուցումը այն տրամաբանության և հարաբերությունների շրջանակում է, որոնք ձևավորվել են նախկինում՝ անկախ, թե տվյալ դեմքերը նախկինում ինչ կարգավիճակ են ունեցել հեղափոխությունից առաջ կամ հետո:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանին հազիվ թե հաջողվի քաղաքական ծրագրեր իրականացնել այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, այսինքն՝ չլինել աշխույժ, հրապարակային մասնակից, այլ ժամանակ առ ժամանակ հիշեցնել իր մասին տարբեր հարցազրույցներով և առաջնորդվել այդ տակտիկայով: Առավել ևս, որ այդ մարտավարությունը, մեծ հաշվով, հաջողության մարտավարություն չէր, այն, իհարկե, Սերժ Սարգսյանի համար առաջացնում էր լուրջ խնդիրներ, այն, իհարկե, թույլ էր տալիս նաև Ռուսաստանից ուժգնացնել քաղաքական ճնշումը Հայաստանի վրա, բայց զուտ քաղաքական որևէ արդյունք իր՝ Ռոբերտ Քոչարյանի համար, մարտավարությունը չունեցավ: Սակայն եթե անգամ այն ունենար արդյունավետ ելք, ներկայումս Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքական ելք ապահովել այն ի զորու չէ, որովհետև բոլորովին այլ է քաղաքական իշխանությունն ու դրա բնույթը, այն բոլորովին այլ համակարգում է, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ այլ: Իսկ դա նշանակում է, որ երկրորդ նախագահը կամ պետք է ընդհանրապես կտրի հարաբերությունը քաղաքականության հետ՝ բաց, թե փակ, կամ պետք է խաղա հրապարակային:

Իսկ այստեղ, իհարկե, առաջանում է հարց, թե որ ուժերը կհամաձայնեն գործակցել նրա հետ, քանի որ Ռոբերտ Քոչարյան քաղաքական բրենադը, խոշոր հաշվով, այնքան էլ արժեքավոր չէ հայաստանյան իրականությունում, ըստ այդմ՝ այն պետք է հայտնվի կամ արտաքին ուժերի ծիրում, կամ ներքաղաքական տիրույթում պետք է խանգարի բոլոր այն ուժերին, որոնք գործում են համանման օրակարգով: Այդ օրակարգով, օրինակ, գործում են ՀՅԴ, «Հայրենիք», ԲՀԿ կուսակցությունները, որոնք հայտարարել են համախմբման ուղղությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Այդ օրակարգով գործում է ՀՀԿ-ն, սակայն դա առանձին խոսակցության առարկա է, քանի որ ՀՀԿ-ն այդ իմաստով ունի բավականաչափ ինքնաբավություն: Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանը վերածվում է այն օրգանիզմին, որը, ուզի թե ոչ, խժռելու է շուրջը եղածներին, որովհետև նա օբյեկտիվորեն ունի մյուսների համեմատ գերբարձր քաղաքական սուբյեկտային իմունային համակարգ՝ անկախ, թե ինչպես է հանրությունը վերաբերում այդ համակարգին: Որովհետև հանրությունն ամենևին որևէ կերպ ավելի բարձր չի վերաբերում նույն օրակարգի տիրույթում գործող այլ ուժերի, քան Ռոբերտ Քոչարյանին: Այդ տեսանկյունից, Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ հայտնվելը գործնականում այդքան էլ հաճելի անակնկալ չէր նրանց համար, քանի որ այս դեպքում իրենք են հայտնվում երկրորդ նախագահից կախվածության մեջ, երբ անազատության մեջ լինելու պարագայում հենց Ռոբերտ Քոչարյանն էր լինելու նրանցից կախված: Այդպիսով, կամա թե ակամա, եթե խոսք է գնում համախմբման մասին, ապա ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանն է ուղղակի, թե անուղղակի, ուզեն, թե ոչ, համախմբում նրանց բոլորին:
Spread the love