Putin

Կիրգիզիայի նախագահ Սորոմբեյ Ժեենբեկովը, ժամանելով Մոսկվա, այդուհանդերձ չի մասնակցել Կարմիր հրապարակում տեղի ունենալիք շքերթին եւ վերադարձել է Բիշքեկ:

Պատճառաբանությունն այն է, որ Ժեենբեկովին ուղեկցող անձնակազմում երկու մարդ վարակված է եղել կորոնավիրուսով: Նախագահը եւս թեստ է հանձնել, որի պատասխանը կստանա երեք օր անց:

ՌԴ նախագահն ըստ ամենայնի շատ երկար կհիշի շքերթը, որը ըստ նախնական մտահղացման պետք է ծառայեր տրիումֆին, սակայն ավելի շուտ հիշեցրեց ֆիասկո, տհաճ անակնկալներ մատուցելով մինչեւ վերջին պահը: ՌԴ նախագահի հրավերը մերժեցին ոչ միայն համաշխարհային ուժային կենտրոնները, որոնց նա առաջարկում է քննարկել նոր աշխարհակարգը, այլեւ հետխորհրդային պետությունների ղեկավարները:

Մերձբալթյան երկրների, Վրաստանի եւ Ուկրաինայի հանգամանքներն ինքնին հասկանալի են: Մոսկվա չմեկնեցին Հայաստանի վարչապետը, Թուրքմենիայի նախագահը, Իլհամ Ալիեւը: Մեկնեց, բայց առանց շքերթի մասնակցելու հետ վերադարձավ Կիրգիզիայի նախագահը:

Հազիվ թե մեկներ նաեւ Լուկաշենկոն, եթե չլիներ նախագահի ընտրության գործընթացը, որտեղ ունի լուրջ բարդություններ եւ թերեւս ակնալում է, որ Պուտինը կարող է պետք գալ:

Հաղթանակի 75-ամյակի առիթով մոսկովյան շքերթը գործնականում վերածվեց 75 տարի անց ռուսական աշխարհքաղաքական ազդեցության փլուզման շքերթի: Թեեւ հետխորհրդային երկրները, այդ թվում Հայաստանը զորախումբ ուղարկեցին Մոսկվա շքերթին մասնակցելու, այդուհանդերձ քաղաքական առաջին դեմքերի մակարդակով խիստ սուղ մասնակցությունն էր այն նշանային հանգամանքը, որ տարբեր պետություններ հրաժարվեցին «գրանցվել» ՌԴ նախագահի աշխարհքաղաքական «գրանցամատյանում»:

Դա առավել քան պրագմատիկ որոշում է, որի համար յուրաքանչյուրն ունի իհարկե իր ուրույն շարժառիթը, սակայն խոշոր հաշվով այն հանգում է մի պարզ կետի՝ Ռուսաստանն իր ներկայիս քաղաքականությամբ չի գրավում, եւ միեւնույն ժամանակ իր ներկայիս խնդիրներով հանդերձ ի վիճակի չէ նաեւ պարտադրել:

Այդ ռեժիմը անշուշտ հրճվանքի կամ մեկ այլ առանձին շքերթի, կամ ինչպես ԽՍՀՄ փլուզումից հետո էին ասում՝ «սուվերենությունների շքերթի» առիթ չէ, որովհետեւ Ռուսաստանի այդ վիճակը պարունակում է նաեւ մի շարք մարտահրավերներ, այդ թվում Հայաստանի համար: «Ինքնիշխանության հրճվալից շքերթքի» պահ կամ ժամանակ չէ, այլ իրական ինքնիշխանության ժամանակ եւ հրամայական:

Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ, եւ ափսոսալին գուցե այն է, որ այդ ուղղությամբ է շարժվում ոչ թե ներքաղաքական կամ հասարակական-քաղաքական լայն կոնսոլիդացիայով, այլ բազմաշերտ եւ բազմաբնույթ դիմակայությամբ, որում նաեւ ակնառու են ինքնիշխանության ընթացքի արգելակման ներքին միտումները:

Միեւնույն ժամանակ, ամբողջ հարցը թերեւս այն է, որ հետխորհրդային մոտ երեք տասնամյակի ժամանակահատվածը Հայաստանն անցել է, կամ Հայաստանն անցկացրել են այնպես, որ ներկայում իրական ինքնիշխանության ճանապարհի անցումը անխուսափելի է դարձնում ներքին դիմակայությունը եւ դրա միջոցով այն խորքային հանգամանքների հանգուցալուծումը, որոնք այդ տարիների ընթացքում Հայաստանից խլել են ինքնիշխանություն ու ժամանակ:

Spread the love