Gaz

Ոչ միայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այլ նաև ռուսաստանցի տարբեր փորձագետներ գազի գինը նվազեցնելու Հայաստանի դիմումի մասին նշում են, թե դա անհարմար հարցադրում է բավականին ծանր վիճակում հայտնված «Գազպրոմ»-ին:

«Գազպրոմը» իսկապես ծանր վիճակում է: Նրա հիմնական շուկան՝ Եվրամիությունը, գազը գնում է նավթի գնի հետ կապակցված, և «Գազպրոմը» ներկայումս ստիպված է վաճառել շատ էժան: «Հյուսիսային հոսք 2» գազամուղը կառուցվում է շատ դժվար և միաժամանակ չստացավ արտոնյալ կարգավիճակ, այսինքն՝ այն չի կարող պատկանել մատակարար ընկերությանը: «Գազպրոմը» խնդիրներ ունի Լեհաստանում, Ավստրիայում, անգամ Թուրքիան դադարել է գազ գնել «Հարավային հոսքով», և այստեղ Թուրքիա մատակարարումները նվազել են մոտ 7 անգամ և ունեն շարունակվելու միտում, քանի որ Անկարան ավելացրել է հեղուկ գազի գնման ծավալները: «Գազպրոմը» իսկապես բավականին ծանր վիճակում է, ու բանից պարզվում է, որ մնացել է Հայաստանի և Բելառուսի հույսին:

Համենայնդեպս, այդպես է ստացվում թե՛ Լավրովի, թե՛ փորձագետների հայտարարություններից, որոնք անպատեհ են համարում ծանր վիճակում գազի գին իջեցնելու հարցադրումը: Ըստ երևույթին, մի քիչ էլ, և «Գազպրոմը» կարող է պարտքով փող ուզել Հայաստանից ճգնաժամը հաղթահարելու համար, հետո գուցե խոստանալով փոխհատուցել էժան գազով: Կատակը կատակ, բայց իրավիճակը իսկապես լուրջ է: Եվ լուրջը ամենևին գազի գնի թանկությունը չէ, այլ ընդհանրապես վերաբերմունքը, որ խնդրի, իրավիճակի հանդեպ դրսևորում է Ռուսաստանը: Դա այլ բան չէ, քան անզորության հրապարակային խոստովանություն, որքան էլ դրսևորվում են քաղաքական պայմաններ և Հայաստանի ինքնիշխանության հանդեպ նոր հավակնություններ դրսևորելով: Մեծ հաշվով, դաշնակից համարվող պետության դեմ թեկուզ, այսպես կոչված, փափուկ ուժի գործադրումը այլ բան չէ, քան ուղղակի խորքային պարտության արձանագրում:

Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունում հերթական անգամ, կամա թե ակամա, արձանագրում է խորքային պարտությունը: Մեծ հաշվով, առաջին անգամը ավարտվեց Հայաստանի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայով, և միայն հայկական բանակի շնորհիվ է, որ այդ պարտությունը չդարձավ նաև Հայաստանի ու Արցախի պարտությունը: Այժմ փաստորեն ականատես ենք ՌԴ համաշխարհային խորքային պարտության երկրորդ խոստովանությանը՝ Հայաստանին ներկայացվող պահանջների տեսքով: Պետք է անել այնպես, որ այս անգամ այդ պարտությունը Հայաստանի վրա տարածվելը կանխվի քաղաքական, դիվանագիտական ներուժով և ռեսուրսով, չթողնելով բանակի վրա: Իսկ դրա համար անհրաժեշտ է այս անգամ չհանձնվել, ինչպես 2013-ին:

Spread the love