ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ ամոթի զգացում է ունեցել Հայաստանի խորհրդարանում նախօրեին տեղի ունեցածի համար: Խոսքը ՍԴ կազմի վերաբերյալ սահմանադրության փոփոխության արդեն հայտնի նախաձեռնության մասին է, որ ընդունել է խորհրդարանի Իմ քայլը մեծամասնությունը:

Իրականում, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը երեւի թե հոգու խորքում ունի երախտագիտության զգացում: Համենայն դեպս, իրավիճակի եւ խնդիրների գնահատման համարժեքության կանխավարկածը ենթադրելի է դարձնում հենց այդ զգացումը: Երախտագիտություն, որ այդպիսով Հրայր Թովմասյանին փաստացի ազատում են առավել մեծ խնդրից՝ նախկին իշխող համակարգի իր իսկ բնորոշմամբ խրամատում միայնակ ժամապահությունից, որը ընդհուպ կարող էր հավասարազոր լինել «մահապարտության»:

Բանն այն է, որ հենց այդ համակարգը արեց ամեն ինչ՝ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ դեմ քաղաքական մեծամասնության քայլերն ու մոտեցումները հնարավորինս լեգիտիմացնելու, հիմնավորելու համար: Իհարկե այլ հարց է՝ եթե չլիներ ագրեսիվ պաշտպանությունը, արդյոք կլինեին այդ քայլերը: Շատերը կարող են պնդել, որ դրանք միեւնույն է լինելու էին: Բայց, դրանք բոլորովին այլ նշանակություն, էներգետիկա, ընկալում էին ունենալու առանց Հրայր Թովմասյանի հանդեպ նախկին համակարգի տարբեր խմբերի գերագրեսիվ «պաշտպանության»:

Միաժամանակ, Հրայր Թովմասյանը իհարկե ինքը գիտե, թե ինչու էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ 2019 թվականի հունիսին հանդիպելուց մեկ շաբաթ անց իր հետ հանդիպման եկել ՌԴ դեսպան Կոպիրկինը, ինչ էր ակնկալում Հայաստանի ՍԴ նախագահից: Այդ ի՞նչ կարեւոր գործով էր եկել Կոպիրկինը, թերեւս շատ լավ պատկերացնելով, թե ինչպիսի քաղաքական աստառ է տալիս Հրայր Թովմասյանի եւ նրա ղեկավարած ՍԴ գործունեությանը: Պետք է որ Կոպիրկինի այցը ունենար շատ ավելի կարեւոր նշանակություն, Հրայր Թովմասյանի վրա այդպիսի ոչ շահեկան աստառ գցելու համար:

Այլապես, Ռուսաստանը Հայաստանում ե՞րբ էր հետաքրքրվել Սահմանադրությամբ: Թեեւ, 2017 թվականի մարտին հետաքրքրվել էր ՌԴ նախագահ Պուտինը, Մոսկվայում ընդունելով Սերժ Սարգսյանին: Այդ հանդիպմանը նա խոսել էր Հայաստանում Սահմանադրության փոփոխության եւ նոր մոդելի անցման մասին եւ նշել, թե ակնկալում է անցումային փուլի սահուն ընթացք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստորեն, հետո ստացվեց, որ այդ ընթացքը այնքան էլ սահուն չէր, կամ այնպես սահուն չէր, ինչպես կպատկերացներ կամ կցանկանար Պուտինը: Որովհետեւ խոշոր հաշվով Հայաստանում տեղի ունեցածը սահուն էր հեղափոխության իմաստով: Մի բան, որի հնարավորությանը չէր հավատում գրեթե ոչ ոք: Հայաստանում թավշյա հեղափոխությունն ըստ էության տեղի ունեցավ հենց այն Սահմանադրության ուղեկցությամբ, որի հեղինակ համարվում է Հրայր Թովմասյանը:

Ի՞նչ էր ասել Ռոբերտ Քոչարյանը ՌԴ դեսպանին, ով մեկ շաբաթ անց այցելեց ՍԴ նախագահին: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանն իր բաց հարցազրույցներից մեկում կասկած էր արտահայտել Սերժ Սարգսյանի հասցեին: Հնարավոր է պատկերացնել, թե ինչ կարող էր նա արտահայտել դեսպանի հետ փակ հանդիպմանը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •