Hovik Abrahamyan

Հայաստանում աշխատանքը ավարտեց ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովը, որը մեկամյա գործունեությունից հետո այժմ պետք է կազմի եզրակացություն ու ներկայացնի հանրությանը:

Հանձնաժողովը լսեց նախկին իշխող համակարգի, այդ պատերազմի օրերին բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած տարբեր գործիչների, Սերժ Սարգսյանից սկսած: Բացառություն էր միայն Յուրի Խաչատուրովը, որը հրաժարվել էր հանձնաժողովի հրավերից:

Սակայն, բացառությունը գուցե միայն Խաչատուրովը չէ: Համենայն դեպս հետաքրքիր է, որ հանձնաժողովը չի հրավիրել Հայաստանի վարչապետի պաշտոնն այն ժամանակ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանին:

Ընդ որում, հանձնաժողովը հրավիրել էր մեկ այլ նախկին վարչապետի՝ Կարեն Կարապետյանին, որը վարչապետի պաշտոնում եղել է ապրիլյան քառօրյայից մի քանի ամիս անց՝ 2016-ի սեպտեմբերին փոխարինելով Հովիկ Աբրահամյանին:

Հովիկ Աբրահամյանն ապրիլի 5-ի հրադադարից երկու օր անց Երեւան ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին դիմեց ռուսական սպառազինության հարցով, խնդրելով չուշացնել մատակարարումը:

Փաստացի, այդ հայտարարությամբ նա բացահայտեց, որ Ռուսաստանն ուշացրել էր սպառազինությունը, որը Հայաստանը պետք է ստանար 200 միլիոն դոլարի միջպետական վարկով: Մինչ այդ դրա վերաբերյալ խոսակցություն առկա էր միայն մամուլում: Ընդ որում, այդ հանգամանքը հատկանշական էր այն առումով, որ Ռուսաստանը ժամացույցի ճշգրտությամբ էր սպառազինություն մատակարարել Ադրբեջանին:

Աբրահամյանն էր եղել այն <համարձակը>, ով դիմելով Ռուսաստանին, կամա թե ակամա հաստատել էր, որ պատերազմից առաջ ուշացրել են սպառազինությունը: Գուցե դրա համար Ռուսաստանը չներեց նրան:

Spread the love