Putin Aliev

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել Ադրբեջանից հնչող հակահայկական եւ ռազմաշունչ հայտարարությունների նոր ալիքի կապակցությամբ:

«Ինչքան էլ որ հայերի դեմ ատելության քարոզը և պատերազմի սպառնալիքները միտված լինեն ներքին լսարանին, նման հայտարարությունները լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և մատնանշում, որ ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության», իր մեկնաբանության մեջ նշում է Աննա Նաղդալյանը, հայտնելով, որ հայատյացությունը որպես ներքին համախմբման և իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուր դիտարկող Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար:

Հայաստանի դեմ նման հայտարարությունները Բաքվի հռետորաբանություն են դարձել տեւական ժամանակ, ինչն անշուշտ խոսում է այն քաղաքական-դիվանագիտական փակուղու մասին, որում գտնվում է պաշտոնական Բաքուն: Ընդ որում, այդ փակուղին նոր չէ, ունի առնվազն չորս տարվա պատմություն՝ 2016-ի ապրիլի անհաջողությունից հետո: Պարզապես պարբերաբար տապալվում է այդ փակուղուց դուրս գալու հույսը, որ ունենում է Բաքուն:

Ներկայում հուսախաբության հերթական շրջանն է, այն էլ կորոնավիրուսային վարակի ուղեկցությամբ: Դրա մասին է վկայում այն, որ Ադրբեջանը չի բավարարվում լոկ հակահայկական հռետորաբանությամբ: Վերջին օրերին աշխուժանում է նաեւ հակավրացական հռետորաբանությունն ու թեմատիկան: Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը իրադրությունը դիտարկում է ռեգիոնալ արկածախնդրության տրամաբանության մեջ: Կամ, դիտարկողն Ադրբեջանը չէ, Բաքուն չունի այդպիսի «ինքնուրույն» դիտարկումներ անելու քաղաքական քաշ: Ըստ ամենայնի, Ադրբեջանը «դիտարկման գործիքն» է, որի դերում հայտնվել է հենց Ալիեւի ունեցած թե արտաքին, թե ներիշխանական խնդիրների բերումով:

Այդ խնդիրների առկայությունը չափազանց թափանցիկ արտահայտվում էր օրեր առաջ այսպես ասած փախստականների հետ զրույցում հոր՝ Հեյդար Ալիեւի գործունեությանը, նրա «իմաստնությանն» արվող հղումներով: Թերեւս ներքին ու արտաքին քաղաքական-հոգեբանական ծուղակի զգացողությունն էր, որ Իլհամ Ալիեւին ստիպել է հղում անել հորը:

Ով է նրան ստիպում հայտնվել ռեգիոնալ մասշտաբի արկածախնդրության «դիտարկման գործիք»: Ո՞վ ունի այդ ազդեցությունն Ալիեւի վրա: Մեծ հավանականությամբ դա Թուրքիան է, իր հերթին, ռեգիոնալ արկածախնդրության լայն շրջանակում իհարկե Ռուսաստանն է, որի համար Կովկասի որեւէ նոր ապակայունացում ավարտվելու է հարավի փլուզումով:

Հատկանշական է, որ ճնշումը ուժգնանում է այն ժամանակահատվածում, երբ Միացյալ Նահանգներում ներքին «ապստամբության» ճնշումն է Թրամփի վրա, որի աջակցությունը Մոսկվայի համար Կովկասի կայունության խնդիրը պահելու հարցում ունի կենսական նշանակություն: Հաշվարկը գուցե այն է, որ Թրամփը խիստ զբաղված է լինելու իր ներքին խնդիրներով, եւ Ռուսաստանը կարող է մնալ մենակ:

Նախօրեին վարչապետ Փաշինյանին էր զանգահարել Չինաստանի վարչապետը, նշելով, թե անհանգստությամբ տեղեկացել է նրա վարակված լինելու մասին: Չինաստանի վարչապետը հայտարարել է, որ համաճարակի բռնկման պահից ի վեր Չինաստանն ու Հայաստանն ամուր սատարում են միմյանց:

Երեւան հեռախոսազանգը թերեւս ազդակ է Անկարային՝ Պեկինը Կովկասում ամենեւին չի պատրաստվում «թագավորել» Ռուսաստանից հետո մնացած «ավերակների» վրա, կամ առավել եւս թույլ տալ Թուրքիայի «գահակալություն»:

Spread the love