Skip to content

Ռուսաստանի դեսպանատունը կրկնում է պահանջը սպառնալիքով՝ ձեր քաղաքացիներն աշխատում են մեզ մոտ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի մասին, որն ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ: Դրանով նախատեսվում է, որ օտարալեզու հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսում կարող են հեռարձակվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա, իսկ եթե չկա այդպիսի պայմանագիր, ապա նրանք կարող են հեռարձակվել միայն կաբելային ցանցերով:

Ռուսաստանի դեսպանատունն արձանագրում է, որ օրենքը Հայաստանի ինքնիշխան հանրապետության ներքին գործն է: Սակայն, այդ արձանագրումից հետո, ՌԴ դեսպանատունը հավանաբար դեսպան Կոպիրկինի դեռեւս երկու տարի առաջ հռչակած «փափուկ ուժի» տրամաբանությամբ փորձում է միջամտել այդ ներքին գործին, առաջ բերելով ոչ միայն ռուսական հեռուստաալիքների հեռարձակման, այլ նաեւ ռուսերեն լեզվի հարցը:

«Քննարկան կարևոր բաղկացուցիչներից է հանդիսանում, այսպես կոչված, «լեզվային» անվտանգությունը։ Որքան մենք հասկանում ենք, նրանով է պայմանավորված օրենսդրական ակտում առկա պահանջը, օտարալեզու մեդիա-պրոդուկտի թարգմանությունը կամ հայերեն տիտրերով պարտադիր «ուղեկցումը»։ Կրկին, փաստորեն, խոսքը հիմնականում ռուսալեզու ծրագրերի մասին է։ Գաղտնիք չէ, որ դեռևս հայկական պետության ստեղծման շրջանից, ռուսերենը ֆորմալ առումով կորցրել է իր հատուկ կարգավիճակը։ Նոր պահանջները, ըստ էության, շարունակում են այդ գործընթացը։ Սակայն փաստացի մինչ այսօր Հայաստանում ռուսերենը ավելի՛ մեծ դեր է խաղում, քան պարզապես օտար լեզուն։ Մենք ձեզ հետ գիտենք, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը անմիջականորեն կապված են Ռուսաստանի հետ, ինչ որ մեկն այնտեղ աշխատում է, ինչ որ մեկի հարազատներն են ապրում, որոնց հաճախ են այցելում, և այլն։ Մեր երկրներին միավորում են Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը», հիշեցնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը:

Մի քանի տարի առաջ ռուսական պրոպագանդայի առաջամարտիկներից մեկը՝ Դմիտրի Կիսելյովը, Հայաստանին մեղադրում էր, որ այստեղ տաքսիստները չեն խոսում ռուսերեն: Զուտ զբոսաշրջային հաղորդակցության տեսանկյունից անշուշտ դա խնդիր է, եւ ոչ միայն ռուսերեն, այլ առնվազն ռուսերեն եւ անգլերեն չխոսելը:

Բայց հարցն այն է, որ Կիսելյովը այդ մեղադրանքը հնչեցնում էր ոչ թե ինչ որ չեզոք հարթակում, այլ Հայաստանի խորհրդարանում, Հայաստանի կառավարող ուժի՝ ՀՀԿ պատգամավորների ժպիտի ուղեկցությամբ: Հնչեցնում էր խորհրդարանում, որտեղ նրան բերած ինչ որ մեքենա բարձրացել էր ԱԺ մուտքի մոտ, որտեղ բարձրանում են միայն պաշտոնական պատվիրակությունների մեքենաները: Այլ կերպ ասած, Կիսելյովը ոչ թե զբոսաշրջային, այլ քաղաքական պահանջ էր ներկայացնում Հայաստանին: Այն քաղաքական պահանջը, որ Մոսկվան ներկայացնում է Հայաստանին պարբերաբար, եւ իհարկե հետխորհրդային շատ այլ երկրների:

Այժմ Ռուսաստանի դեսպանատունը կրկնում է պահանջը սպառնալիքով՝ ձեր քաղաքացիներն աշխատում են մեզ մոտ, դուք ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ եք:

Պետք է արձանագրել, որ Հայաստանի նախորդ իշխանությունը կարողացել է հաջողությամբ դիմագրավել ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու պահանջներին: Առավել եւս հանրային վստահության մեծ պաշար ունեցող իշխանությունը պարտավոր է անել դա: Մյուս կողմից, ռուսերենը Հայաստանում անշուշտ պետք է լինի ուսուցանվող հիմնական օտար լեզուներից մեկը, իհարկե ամենեւին ոչ ավելի առանձնահատուկ, քան անգլերենը, չինարենը եւ նույնիսկ արաբերենը:

Որովհետեւ Ռուսաստանի հետ սերտ կապված է Հայաստանի անցյալը, բայց Հայաստանի ապագայի առումով դա մեծագույն հարց է մի շարք տեսանկյունից՝ թե տնտեսա-տեխնոլոգիական, թե նաեւ ռազմա-քաղաքական, հաշվի առնելով այն, թե Ռուսաստանը որքանով է պատրաստ Հայաստանի ինքնիշխանությունը հաշվի առնել ընդհուպ քաղաքական մտածողության, ոչ թե լոկ դեսպանության կամ այլ հայտարարությունների տեքստային մակարդակով:

Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել եւ չի դնում հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը եւ առավել եւս ժողովուրդների մակարդակով բարեկամությունը: Ռուսաստանն է, որ մշտապես կասկածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը եւ հաղորդակցվում սպառնալիքի եւ շանտաժի լեզվով, թեկուզ «փափուկ ուժի» տրամաբանությամբ:

Ինչ վերաբերում է ռուսական հեռուստաալիքներին, ապա Հայաստանը կարող է օրինակ ներկայացնել հանդիպակաց առաջարկ. Հայաստանի հանրային մուլտիպլեքսով ազատորեն հեռարձակվում էեն ռուսական ալիքները, իսկ Ռուսաստանի հանրային հաղորդուղիով հեռարձակվի հայկական հեռուստաընկերություն՝ հայկական կոնտենտով, բայց ռուսալեզու, որը ռուսական լսարանին կներկայացնի օրինակ հայ ժողովրդի պատմությունն ու դրա արյունոտ էջերին ռուսական քաղաքականության մասնակցությունը, ընդհուպ մեր օրեր՝ ապրիլյան քառօրյա պատերազմ, Ալիեւի մարդասպան բնազդների ռազմա-տեխնիկական սպասարկում:

Spread the love

Designed using Magazine News Byte. Powered by WordPress.