Հայաստանի ներքաղաքական թոհուբոհում բավականին «լուռ» անցավ ՌԴ դեսպանատան հայտարարությունը Հայաստանում տեսալսողական մեդիայի հեռարձակման մասին օրենքի նախագծի վերաբերյալ, որը ընդունվել է առաջին ընթերցմամբ, և որում դրույթ կա օտար հեռուստաընկերությունների՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակման նոր կանոնների մասին:

Ըստ նոր կարգավորման, որ նախատեսվում է օրենքով, Հայաստանի հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու իրավունք օտար հեռուստաընկերությունը կարող է ստանալ միայն դրա վերաբերյալ միջպետական պայմանագրի դեպքում: Այսինքն՝ դիցուք, եթե հեռարձակվում են ամերիկյան կամ եվրոպական, կամ ռուսական հեռուստաալիքներ, ապա դա հնարավոր է այն դեպքում, երբ կա դրանց վերաբերյալ հայ-ամերիկյան կամ Հայաստան-ԵՄ, կամ հայ-ռուսական միջպետական պայմանավորվածություն:

Ի՞նչ է դա նշանակում, կամ ինչի՞ համար է դա: Միջպետական պայմանագիրը բնականաբար ենթադրելու է պամանավորվածություն, որտեղ արտացոլվելու են երկկողմ շահերը և հետաքրքրությունները, որտեղ պետությունները, որպես իրավահավասարազոր սուբյեկտ, պայմանավորվելու են խաղի կանոնների շուրջ: Ինչ է նշանակում դա իր հերթին: Դա նշանակում է, որ, օրինակ, ռուսական որևէ պետական հեռուստաընկերություն, որը հեռարձակվում է Հայաստանում, եթե տա Հայաստանի պետական շահին, անվտանգությանը, պետական արժանապատվությանը վնասող, հակասող որևէ կոնտենտ պարունակող հաղորդում, ապա դա կլինի միջպետական պայմանագրի կոպիտ խախտում, և ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը կունենա այդ հարցը բարձրացնելու միանգամայն հիմնավորված իրավունք, իրավականորեն ամրագրված հիմք:

Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն էր տարածել կարգավորման հենց այդ դրույթի առնչությամբ՝ նշելով, թե դա նշանակում է խաղի նոր կանոններ: Դեսպանատունը նշում է, թե Մոսկվան պատրաստ է քննարկել նոր կանոնները: Ամբողջ հարցն այն է, որ, դրանով հանդերձ, բավականին վատ քողարկված ձևով Հայաստանին հիշեցնում են «հավերժական» խնդիրը՝ դուք ունեք Ռուսաստանում աշխատող քաղաքացիներ, հիշեցնում են հայտնի վարորդական իրավունքի վկայականների պատմությունը: Օրինակ՝ վաղը Մոսկվայում կարող են որոշել, որ, ասենք, հայ պատշարները պետք է քննություն հանձնեն ռուսերենից՝ պատ շարելու համար կամ պատ ներկելու, տանիք կապելու, ասֆալտ փռելու համար:

Այդ ամենը ցավալիորեն հին է ու ցավալիորեն շարունակվող և ցավալիորեն վկայող, որ Ռուսաստանի պետական վերնախավում բացարձակապես ունակ չեն Հայաստանի հետ հարգալից, միջպետական հարաբերության և, սպառնալիքի կոշտ կամ նուրբ լեզվից զատ, չգիտեն այլ լեզու: Թեև Ռուսաստանն այդպես է իրենից թույլ համարող բոլորի հետ և փոխվում է, երբ տեսնում է, որ դիմացինը թույլ չէ՝ եթե ուժեղ էլ չէ իրենից, ապա գոնե թույլ չէ:

Հետևությունը պետք է անենք մենք:

Spread the love