ՀՅԴ ԳՄ հաստատել է, որ մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կուսակցությունում հանդիպել են և քննարկել ստեղծված իրավիճակը: Խոսքը ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք», «Ազգային օրակարգ» և «Մեկ Հայաստան» կուսակցությունների մասին է:

Հանդիպման հանգամանքը հիմք է տվել խոսել ընդդիմության կոնսոլիդացիայի գործընթացի մասին, սակայն դրա վերաբերյալ խոսակցություններն ավելի շատ քաղաքական հռետորաբանության կամ պարզապես տերմինաբանության, քան գործնական հարթության փուլում են: Թեկուզ և այն պարզ պատճառով, որ ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիայի համար նախ հարկավոր է, որպեսզի լինեն այդ ուժերը:

Այստեղ խոսքն ամենևին այն մասին չէ, թե ՀՅԴ գրասենյակում հավաքվածներն ինչ ուժ ունեն: Խոսքն այն մասին է, որ ընդդիմադիր ուժի առաջին ցուցիչը պետք է լինի սոցիալական հանրային հենարանի իրողությունը: Այդ տեսանկյունից, դրա մասին խոսել կարող են միայն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, համենայն դեպս՝ հավաքվածներից: Թե ինչպիսին է նրանց սոցիալական հենարանը, ինչ տոկոսային հարաբերակցություն է կառավարող մեծամասնության համեմատ, հարցի մյուս կողմն է, այժմ չքննարկենք դա:

Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում ընդդիմություն երևույթը մինչև քաղաքական կայացումը, ունի կարիք սոցիալական, հանրային կայացման: Սակայն դա հարցի խորքային, համակարգային կողմն է: Կա նաև խնդրի զուտ քաղաքական կողմը, որտեղ նախկին իշխող համակարգը այս կամ այն կերպ ներկայացնող ուժերը ունեն մի խնդիր՝ որքան նրանք մոտ են միմյանց, այնքան նրանք միմյանց խանգարում են և, ըստ այդմ, «տապակվում սեփական յուղի», այսինքն` զուտ իրենց համակիրների շրջանակում: Իսկ դա էլ իր հերթին առաջացնում է խնդիր, թե ինչպես են բաժանվելու «դափնիները»: Առավել ևս, որ բաժանողները լինելու են ոչ իրենք, և ավելին՝ Հայաստանում չեն լինելու:

Հարցն այն է, որ Հայաստանում տեղի ունեցող, այսպես ասած, ներքաղաքական գործընթացները ինչպես երբևէ չեն եղել այդպիսին՝ ինչում թեկուզ հետահայաց համոզվելու առիթներ հանրությունն ունեցել է բազմիցս, այդպես էլ չեն լինելու այդպիսին, քանի դեռ այդ ներքաղաքական խաղ կոչվող գործընթացի ակտիվ մասում Հայաստանի նախկին իշխող համակարգը ներկայացնող ուժերն են:
Բանն այն է, որ այդ համակարգը Հայաստանում գերիշխել է ամենին ոչ իր հմտությունների և կարողությունների հաշվին, այլ առավելապես արտաքին ռուսական հովանու: Ըստ այդմ, այդ հովանու ներքո գործած համակարգին առնչվող որևէ «դափնի», ուղիղ համեմատական կարող է լինել միայն Ռուսաստանի իշխանության մեջ «դափնիների» վերաբաշխման արդյունքին, որ կարող է տեղի ունենալ Պուտինի նոր ժամկետի և իշխանության խնդրի շուրջ: Իսկ այդ առումով այնտեղ բավականին սուր պայքար է, որի ստվերների խաղը արտացոլվում է Հայաստանում: