Սահմանադրական փոփոխությունները տարածվում են նաև ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի վրա, նա պետք է լքի պաշտոնը։ Այս մասին լրագրողներին ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Ալվինա Գյուլումյանի այն հայտարարությանը, որ իր վրա չեն տարածվում այդ փոփոխությունները։

«Ակնհատ է, որ դա վերաբերում է նաև Ալվինա Գյուլումյանին։ Այնտեղ նշված է, որ թե անդամի, թե դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ 12 տարի պաշտոնավարած անձանց․․․ Ավելին,  սահմանադրի կամքն արտահայտված է նաև սահմանադրական փոփոխությունների հիմնավորումներում, և այդ հիմնավորումներում շատ մանրամասն անդրադարձ կա թե անընդհատությանը, թե մյուս հանգամանքներին, թեև բուն տեքստից էլ դա ակնհայտ է»,- ասաց նախարարը։

Ալվինա Գյուլումյանը հայտարարել էր, որ դատական կարգով կվիճարկի իր պաշտոնավարման հարցը և ընդհուպ մինչև ՄԻԵԴ կդիմի։ «Ինչ վերաբերում է վիճարկմանը, ցանկացած անձ, այդ թվում՝ տիկին Գյուլումյանը, ազատ է օգտվել արդար դատաքննության իրավունքից»,- ասաց նախարարը։

Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն վաղը, քանի որ հրապարակվել են այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ասել էր, որ առոչինչ են այդ փոփոխությունները։ Հարցին, եթե ՍԴ անդամները չցանկանան լքել իրենց աշխատավայրը, հարկադրանքի միջոցներ կկիրառվե՞ն, նախարարը պատասխանեց «Չեմ կարծում որևէ հարկադրանքի կարիք կա, Սահմանադրության փոփոխություններ են, ուժի մեջ կմտնեն վաղը։ Ցանկացած անձ պարտավոր է դրան ենթարկվել, չկա չենթարկվելու ձև»։

«Ինչ վերաբերում է որոշակի շրջանակների, այսպես կոչված, ճնշման խղճուկ փորձերին, ապա այդ անձանց կողմից կատարված հանցագործությունները ժամանակ առ ժամանկ կբացահայտվեն, կքննվեն արդար դատաքննության շրջանակներում։ Որևէ սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող։ Ես ցավում եմ, որ որևէ մեկը ժողովրդի կամքի իրականացումը ԱԺ միջոցով կարող է դիտել որպես հանցագործություն»,- հավելեց նախարարը։

Հարցին, թե իրավական առումով նորմա՞լ է, երբ ՍԴ երեք անդամներ ու նախագահը կարող են քաղաքական մեծամասնության մեկ որոշմամբ զրկվել իրենց կարգավիճակից, Բադասյանը պատասխանեց․ «Ես այդ հարցին հարցով կպատասխանեի՝ որևէ մեկի համար նորմա՞լ է, որ ունենանք Սահմանադրական դատարան, որի մոդելն այն է, որ դատավորները 12 տարով են պաշտոնավարում, և այդ ՍԴ ներսում իրավիճակ ունենանք, որ 7 դատավոր պաշտոնավարում է ցմահ, իսկ նոր նշանակված 2 դատավոր և ապագայում նշանակվող դատավորները՝ 12 տարով։ Այստեղ շատ կարևոր է ֆիքսել, որ չի կարող մի մարմնում լինել երկու տարբեր կարգավիճակներ ունեցող անձինք, այդ թվում՝ պաշտոնավարման ժամկետի առումով։ Եվ փոփոխությունների ամբողջ իմաստն ու ոգին այդ մոդելի կյանքի կոչումն է»։

Անդրադառնակով ՍԴ նախագահի այն հայտարարությանը, որ ինքն ամոթ է ապրել ԱԺ-ում տեղի ունեցած գործընթացների համար, նախարարն ասաց․ «Ես կարող եմ ասել, թե ինչն է ինձ մոտ ամոթ առաջացնում։ Ինձ մոտ ամոթ է առաջացնում, որ հնարավոր է կյանքի կոչել մի մոդել, ամրագրել այդ մոդելը, այնուհետև ընդամենը մի քանի օր առաջ նախորդ Սահմանանադրության խմբագրությամբ ընտրվել ՍԴ նախագահ, որպեսզի պաշտոնավարել այդ պաշտոնում ցմահ։ Դա իրոք ամոթ է։ Ինչպես նաև ամոթ է քաղաքական իրենց առաջնորդի կատարածը, երբ ի լուր ամբողջ աշխարհի և մեր ժողովրդի ստեց, որ Սահմանադրությունը չի փոխվում իր վերարատադրության համար։ Եվ հետո կատարվեց այն, ինչ կատարվեց»։
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •