Serj Sargsyan

Սերժ Սարգսյանը կոշտ հայտարարությամբ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի մասին վատ արտահայտություններին, որոնք, մասնավորապես, ավելի շատ համատեքստում վերաբերում են նախորդ իշխանության տարիներին:

Իհարկե, Սերժ Սարգսյանի կոշտ հայտարարությունից բավականին բարդ է ասել՝ կոշտությունն ավելի շատ ուղղված էր Ալիևի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին: Սարգսյանը զգալիորեն հավասարեցրել է Փաշինյանին ու Ալիևին քաղաքական այն հարթության վրա, որին էլ արձագանքել է: Նա հայտարարել է, որ, երբ Հայաստանում դարձյալ իշխանության գան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է Ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը: Իրապես բարդ է գնահատել՝ Սերժ Սարգսյանն ավելի շատ Ալիևի՞ն է քննադատել, թե Նիկոլ Փաշինյանին: Միաժամանակ, հնարավոր է, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից կամ ընթերցումից: Առավել ևս, եթե արձանագրենք մի հանգամանք, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին կոշտ հայտարարություններով Սերժ Սարգսյանն իրականում խթանում է հանրային կոշտ արձագանքներ իր հասցեին, նախորդ իշխող համակարգի հասցեին:

Ստացվում է, որ Սարգսյանի պատասխանն Ալիևին, կամ այդ առիթով Նիկոլ Փաշինյանի հասցեին կոշտ հայտարարությունը զուտ էմոցիոնալ պոռթկում է, այլապես ինչո՞ւ նա պետք է աներ մի բան, որն իր հասցեին առաջացնելու էր հասարակական հուժկու հակազդեցություն: Ի վերջո, Ալիևն առաջին անգամ չէ, որ կոշտ արտահայտություններ է անում Հայաստանի հասցեին, դրանից Սերժ Սարգսյանի շուրջ իրավիճակը փոխվո՞ւմ է:

Հետևաբար՝ ինչո՞ւ արձագանքել և այդպիսով արթնացնել հանրային քեն սեփական հասցեին: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանին հնարավոր է քաղաքականության մեջ վերագրել ամենատարբեր բացասական հատկանիշներ, սակայն հազիվ թե դրանց շարքում իրատեսական լինի զգայականությունը, պահի ազդեցության տակ որևէ քայլ կատարելը:

Պահի ազդեցության տակ հայտարարություններ արվել են, հանրությունը հիշում է՝ «որքան ուզել խփելը», «խիյարի թարս աճելը», բայց զգայական պոռթկման որոշումները Սերժ Սարգսյանինը չեն, թերևս, հաստատապես: Կամ՝ նա այդ որոշումների գործիչը չէ: Եվ ուրեմն, ինչո՞վ էր պայմանավորված նրա առերևույթ բռնկուն արձագանքը Ալիևին, և կոշտ քննադատությունը Փաշինյանին:

Արդյո՞ք հենց այդ հայտարարության հանրային հակառակ էֆեկտի հաշվարկով: Բայց Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք այդ էֆեկտը: Ալիևի հայտարարության մեջ նա տեսել որևէ վտա՞նգ: Ի՞ր համար, նախկին կառավարող համակարգի՞, որի մի բևեռն է, թե՞ Հայաստանի համար: Իսկ գուցե ընդհանո՞ւր վտանգ: Սերժ Սարգսյանն այդ իմաստով ունի բավականին տառապալից փորձ, իհարկե, անկախ այն քաղաքական գնահատականից և հանրային վերաբերմունքից, որ կա նրա և նրա նախագահության տարիների հանդեպ: Տառապալից փորձը եղել է հենց այդ տարիներին, երբ իրապես ստեղծվել էր այդպիսի մի վիճակ, որում համատեղվել էին թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ որոշակի իմաստով կառավարման համակարգի, թե՛ Հայաստանի համար ռիսկերն ու սպառնալիքները: Վտանգը զարգանում էր դարձյալ Ալիևի դեմքով, բայց, իհարկե, այլ՝ ռեգիոնալ քաղաքականության տրամաբանությամբ, որի առանցքային դերակատարն էին Ռուսաստանը և Թուրքիան:

Ի վերջո, այդ իրավիճակը Հայաստանի համար բերեց լրջագույն խնդիրներ թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային ոլորտի: Իհարկե, անխոս է, որ Հայաստանում ավելի էֆեկտիվ ու լեգիտիմ կառավարման համակարգի առկայության պայմաններում պատկերը կլիներ այլ, իսկ ռիսկերն էլ կչեզոքացվեին առավել արդյունավետ: Սակայն սա արդեն բոլորովին այլ խոսակցության նյութ է, որովհետև կառավարող առկա համակարգը ձևավորվել ու բյուրեղացել էր դրանից շատ առաջ, բոլորովին այլ շրջափուլում և ոչ միայն Սերժ Սարգսյանի պատասխանատվությամբ: Ըստ այդմ, վտանգների հանդիպման Հայաստանն ուներ այն, ինչ ուներ՝ բանակը որպես միակ լեգիտիմ կառույց, ինչն էլ փրկեց իսկապես լրջագույն կորուստներից: Այժմ Հայաստանը, բանակից բացի, ունի ընդհանրապես լեգիտիմ իշխանություն, սակայն նախկին համակարգի բերումով այդ իշխանությունը ունի դեռս պետությունն իրապես ոտքի կանգնեցնելու լուրջ խնդիր, գրեթե զրոյական բազայի պայմաններում:

Ըստ այդմ, արտաքին միջավայրային ռիսկերը, որոնք դարձյալ կարող են գեներացվել Ադրբեջանի տեսքով, պահանջում են Հայաստանում իշխանության լեգիտիմության ռեսուրսի գեներացիա: Առայժմ այդ իշխանության հասցեին Սերժ Սարգսյանի քննադատությունից լավ գեներատոր առկա չէ:

Spread the love