Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխությունները, որոնք ԱԺ կողմից ընդունվեցին երեկ, չեն կարող վերաբերվել իրեն։

Հիշեցնենք, որ ըստ այդ փոփոխությունների՝ 12 տարի և ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները պետք է դադարեցվեն։ Հայտարարվել է, որ երեք դատավորի լիազորություն է դադարեցվելու՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի։

«Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետև ես պաշտոնավարում եմ 2014 թվականի օգոստոսից։ Իսկ եթե ավելի հստակ լինենք՝ հոկտեմբերի  1-ից, որովհետև պարտականությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ին։ Նախկինում ունեցած փորձը, դա թողնում եմ ձեր տրամաբանությանը։ Ես գտնում եմ, որ շարունակելու եմ պաշտոնավարել, նախկինում ինչ պաշտոններ եմ զբաղեցրել, նշանակություն չունի, պաշտոնավարում նշանակում է այս նշանակումով պաշտոնավարել։ Ով շարունակական 12 տարի ունի, միգուցե ազդի»,- լրագրողներին ասաց Ալվինա Գյուլումյանը։

Նա նշեց, որ վարչական դատավարության կարգով կվիճարկեն այս նորմը, ներպետական ատյանները սպառելուց հետ կիդմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Ես անձամբ դա կանեմ, որովհետև իմ պարագայում առավել քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ՝ մինչև վերջ հասցնելու ու հաղթանակելու համար։ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը նույնպես կարծում եմ՝ չեն լռի»,- ասաց Գյուլումյանը։

Անդրադառնալով պնդումներին, որ ՍԴ դատավորները կախյալ անձինք են, նա ասաց․ «Ես կցանկանայի տեսնել ավելի համարձակ մեկին, ով կարող է ընդունել ավելի համարձակ որոշումներ և նախկին իշխանության, և մյուս իշխանության օրոք, քան ես եմ։ Այս պայմաններում եթե որևէ մեկը ինձ կարող է ասել կախյալ, ապա նա ընդամենը մեղանչում է իր խղճի դեմ»։

Անդրադառնալով նոր ընդունված սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցին՝ նա ասաց, որ չի ցանկանում գնահատական տալ։ «Չեմ բացառում, որ որևէ մեկը կդիմի ՍԴ, և ես չեմ ցանկանում ինձ կաշկանդել հետագայում այդ գործի քննությանը մասնակցելիս»,- հավելեց նա։

Spread the love