Հայաստանում շարունակվում է բուռն քննարկումների առարկա լինել ՍԴ շուրջ տեղի ունեցած զարգացումը կամ հանգուցալուծումը՝ դիտարկվելով իրավական և քաղաքական ասպեկտներով: Քննարկումներն անշուշտ միշտ կարևոր են և օգտակար, եթե տեղի են ունենում բովանդակային, ըստ էության հարցերի շուրջ:

Այդ համատեքստում օգտակար է նաև քննարկումը իրավական ասպեկտների շուրջ, սակայն այդ առումով հարկ է արձանագրել, որ խնդրի գնահատման տեսանկյունից իրավական ասպեկտը կտրում է իրականությունից: Այն, իհարկե, շատ կարևոր է ապագա մտածողություն ձևավորելու և ըստ այդմ՝ նաև նոր ՍԴ-ի ձևավորման գործընթացում հանրային պահանջ ձևակերպելու տեսանկյունից, որպեսզի մենք չունենանք ընդամենը քաղաքական համակրելիությամբ փոխված ՍԴ, այլ ձևավորենք իրապես արդյունավետ դատական բարձրագույն կառույց:

Խնդրի գնահատման տեսանկյունից գնահատել իրավական հիմքով մեծ հաշվով նշանակում է հակաիրավական հռչակել նաև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը: Ըստ այդմ՝ հնարավոր է անշուշտ դիտարկել ՍԴ շուրջ զարգացումների քաղաքական նպատակահարմարության հարցը, սակայն հարցը գնահատել իրավական հարթությունում՝ նույն հարթությունում չգնահատելով ամբողջ հեղափոխությունը, հնարավոր չէ: Եթե այն, ինչ տեղի է ունենում ՍԴ շուրջ՝ հակաիրավական է, ապա հակաիրավական է թավշյա հեղափոխությունն ընդհանրապես: Ըստ այդմ՝ հասկանալի է, երբ իրավիճակն այդ համատեքստում է գնահատում նախկին կառավարող համակարգի որևէ միավոր, եթե, իհարկե, այդ որևէ միավորը չի ողջունել թավշյա հեղափոխությունը:

Օրինակ՝ երբ կարող է լինել քաղաքական կուսակցություն, որը միացել է թավշյա հեղափոխությանը՝ թեկուզ հինգ րոպե պակաս, ջուր է տարել հեղափոխությանը, բայց հակաիրավական է հռչակում ՍԴ շուրջ զարգացումը, դա առնվազն տարօրինակ է: Որովհետև ՍԴ հարցը թավշյա հեղափոխության հանրային-քաղաքական գործընթացի տրամաբանական շարունակությունն է: Ըստ այդմ՝ կա՛մ այն ընդունելի է քաղաքականապես, կա՛մ քաղաքականապես ընդունելի չէ ամբողջ հեղափոխությունը, և գործընթացը դիտարկվում է բացառապես իրավական տրամաբանության շրջանակում:

ՍԴ-ում տեղի է ունեցել հեղափոխության քաղաքական տրամաբանության շարունակում կամ եզրափակում: Ինչո՞ւ հեղափոխությունից երկու տարի անց: Որովհետև երկու տարիների ընթացքում նախկին մոտ երեք տասնամյակ կառավարած համակարգը արեց առավելագույնը՝ բոլորին համոզիչ ցույց տալու համար, որ Սահմանադրական դատարանը «բաստիոն» է: Ավելին, դա արեց նաև ինքը՝ ՍԴ նախկին նախագահ Թովմասյանը: Եվ ավելին՝ դա արեց ոչ միայն նախկին համակարգը, այլ նաև այդ համակարգի գլխավոր հովանավոր համակարգի ներկայացուցիչը Հայաստանում՝ ՌԴ դեսպանը:
Spread the love