Serzh Gagik

Նիկոլ Փաշինյանը խոսնակի միջոցով բավականին կոշտ պատասխան է տվել Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որը հաջորդել էր Իլհամ Ալիեւի՝ Հայաստանի մասին հայտարարություններին:

Սերժ Սարգսյանն արագ պատասխանելով Ալիեւին, բովանդակային առումով ավելի շատ թերեւս Նիկոլ Փաշինյանին էր քննադատել, քան Ալիեւին: Թեեւ վերջինիս հիշեցրել էր, որ Հայաստանում «ազգային ու կարող ուժերի» վերստին իշխանության գալուց հետո միջազգային հանրությունն Ալիեւին պարտադրելու է ճանաչել Արցախի անկախությունը:

Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը մոտավորապես հայտարարել էր այն, ինչ իր քրեական գործի դատական առաջին նիստում դատարանի առաջ, երբ հայտարարեց, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:

Դրանից հետո շատերը տարակուսեցին, թե ինչ կապ ուներ Արցախը դիզվառելիքի գործի հետ: Եզրակացությունն այն էր, որ, ինչպես միշտ, շահարկման առարկա է դառնում հայրենասիրությունն ու Արցախի հարցը:

Արդյոք Սերժ Սարգսյանի միտքը պարզունակ էր այդքան, որ համարի, թե այդպիսի շահարկումով հնարավոր է հասնել ներքին որեւէ միավորի: Ի վերջո, ովքեր բղավում էին նրա համար, բղավում էին անկասկած ոչ հանուն Արցախի: Իսկ ովքեր պայքարում են նրա դեմ, նրանց համար Արցախի մասին այդօրինակ հայտարարություններն ավելի աղաղակող են դարձնում շահարկումը:

Ուրեմն, ինչու՞ Սերժ Սարգսյանը հիշեց Արցախը դատարանի դիմաց: Ու՞մ համար էր այդ հայտարարությունը: Դրա հասցեատերը Հայաստանու՞մ էր, թե դրսում:

Նույն կերպ ներկայում, երբ Հայաստանի վարչապետն ու նախկին նախագահը Ալիեւի «խոսքով» իրականում սուր եւ կոշտ քննադատության են ենթարկում միմյանց, արդյոք նրանք այդքան պարզունակ եւ էմոցիոնալ ազդեցության ենթակա են, որ Ալիեւի նետած քարը չկարողանան հանել ջրհորից, չիմանան ինչպես հանել, եւ նստեն ու Ալիեւի առաջ զբաղվեն իրար փնովելով: Եթե այո, ապա պետք է շատ, չափազանց շատ տխրել Հայաստանի համար:

Բայց, մյուս կողմից, Հայաստանում տեղի է ունեցել անարյուն հեղափոխություն, որի միջոցով Հայաստանում ավարտվել է ոչ լեգիտիմ, կոռումպացված, գանձագող քրեաօլիգարխիկ համակարգի կառավարման դարաշրջանն ու հաստատվում է հանրային կառավարման, այլ կերպ ասած` ինքնիշխան կառավարման դարաշրջանը:

Հազիվ թե Հայաստանում լիներ այդ փոփոխութայն հնարավորությունը, եթե դրա հիմնական դերակատարները անգամ սուր դիմակայության պայմաններում լինեին այդքան պարզունակ եւ էմոցիաների ենթակա: Եվ արդյոք Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի հեռակա կոշտ բանավեճն ինչ որ խորքային խնդրի մակերեսն է:

Գրեթե երեսնամյա մսխող համակարգի պայմաններում Հայաստանը զինված ուժերից բացի չունի արտաքին-անվտանգային ռազմա-քաղաքական դիմադրունակության ու պաշտպանունակության այլ ամուր համակարգ, քան ներքին այն դիմակայությունը, որը խարսխվում է նախկին համակարգի հանդեպ հասարակական կոշտ գնահատականի վրա:

Դա Հայաստանի համար իրապես հակասական, միաժամանակ ցավալի մի համակեցության ռեժիմ է, որը սակայն այս փուլում գրեթե անփոխարինելի է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի պատմությունը 2018 թվականի մայիսին չի սկսել զրոյից: Նոր էջից, բայց ոչ զրոյից: Իսկ դա էական տարբերություն է, որը ներկայի առաջ դնում է նաեւ նախկին էջերից բխող բազմաթիվ արտաքին հարցեր հարթելու անհրաժեշտությունը: Ընդ որում, այդ անհրաժեշտության առաջ են թե ներկայիս, թե նախկին իշխանությունը:

Դա բարդ իրավիճակ է, որտեղ Հայաստանի պաշտպանունակության ուժը մնում են բանակը եւ այդ ներքին դիմակայության վրա գեներացվող հանրային էներգիան: Այդ գեներացիան է թերեւս հիբրիդային պատերազմի պայմաններում թույլ տալիս արտաքին, անվտանգային մարտահրավերների չեզոքացումը իրականացնել մինչեւ զինուժի գիծ հասնելը, ի տարբերություն 2016 թվականի:

Ըստ այդմ, կամ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը Ալիեւի «խոսքի» վրա միմյանց փնովելով զբաղված են անպատիվ գործով՝ եւ բոլորովին կարեւոր չէ, թե ով է սկսել առաջինը, կամ խորքային առումով նրանք զբաղված են 2016-ի ապրիլի կրկնություն թույլ չտալու գործով: Իսկ 2016-ի ապրիլին Ալիեւն ընդամենը դետալ էր, ու դա գիտեն բոլորը, որին օգտագործում էին ռուս-թուրքական դաշինքի երկու կողմերը:

Հայաստանի համար հույժ կարեւոր է դուրս գալ հանրային էներգիայի գեներացման նոր մեխանիզմի մակարդակ, քան նոր ու նախկին դիմակայությունը, որովհետեւ կարճաժամկետ առումով լինելով էֆեկտիվ արտաքին ռազմա-քաղաքական խաղում՝ Հայաստանի վրա ճնշում կամ Հայաստանի հաշվին առեւտուր թույլ չտալու իմաստով, ներքին տրամաբանությամբ այն քայքայիչ է, հետեւաբար չպետք է թույլ տալ, որ անցնի կարմիր գիծը, որից այն կողմ իրավիճակը դարձյալ կմնա միայն զինուժի հույսին:

Spread the love