Նախագահ Արմեն Սարգսյանը հայտնվել է սուր քննադատության հերթական ալիքի ներքո, որի պատճառն այս անգամ ԱԺ կանոնակարգ օրենքի հայտնի փոփոխությունը ստորագրելն էր: Դրանով ԱԺ ստանում էր ՍԴ կազմին վերաբերող սահմանադրական փոփոխությունն առանց նախագահի ստորագրության հրապարակելու իրավունք:

Նախագահ Սարգսյանին քննադատում են, որ նա չի վիճարկել ԱԺ կանոնակարգ օրենքի այդ փոփոխությունը Սահմանադրական դատարանում: Այդպես կկասեցվեր նաեւ ՍԴ կազմի վերաբերյալ սահմանադրական փոփոխության ուժի մեջ մտնելը:

Իրավիճակը բավականին հակասական է: Ինչու՞ ԱԺ մեծամասնությունը չուզեց, որ Սահմանադրական փոփոխությունը գնա Նախագահի նստավայր եւ ստորագրվի այնտեղ: Եթե բանը նրա հանդեպ անվստահությունն էր, ապա չէ՞ որ Արմեն Սարգսյանը կարող էր չստորագրել նաեւ ԱԺ կանոնակարգի փոփոխությունը: Եթե դա ստորագրել է, ինչու՞ չպետք է արագորեն ստորագրեր նաեւ Սահմանադրական փոփոխությունը:

Թե՞ Սահմանադրական փոփոխության համատեքստում Նախագահը տեսել է իրավական հարցադրման կամ խնդրի տեղիք եւ ձեռնպահ մնացել դրանից, իսկ կանոնակարգի փոփոխության դեպքում համարել է, որ խնդիր չկա եւ ստորագրել՝ Սահմանադրական փոփոխության անմիջական պատասխանատվությունը թողնելով մեծամասնությանը: Իհարկե Սարգսյանի քննադատները պնդում են, որ խնդիր կա նաեւ կանոնակարգի պարագայում:

Թե՞ բանը ամենեւին իրավական խնդիրը չէ, այլ առկա իրադրության խորքային գնահատումը, որը իսկապես բարդ ու հակասական իրավիճակում Նախագահ Սարգսյանին բերել է դժվարին, սակայն առկա իրավիճակում առավելագույն ռացիոնալ ու ճշգրիտ որոշման, որովհետեւ բացարձակ չկա իդեալական կամ թեկուզ որոշակի համընդհանուր հավանության որոշման հնարավորություն:

Մինչդեռ, Արմեն Սարգսյանը նախընտրել է ոչ թե կանգնեցնել ժամանակն ու այն վերածել հիբրիդային ճգնաժամի, առանց այդ էլ հիբրիդային համաշխարհային պատերազմի պայմաններում, այլ ստանձնել պատասխանատվություն Հայաստանն այդ պայմաններում առաջ մղելու համար: Կրկնենք, որովհետեւ չկա որեւէ այլ ճանապարհ, որը կարող էր արժանանալ դույզն իսկ ավելի լայն հանրային հավանության: Փոխարենը, կային առավել լայն անհանդուրժողության եւ փակուղու տանող ճանապարհներ:

Արմեն Սարգսյանը իրավիճակը գնահատելով լայն, հենց համաշխարհային իրողությունների համատեքստում, նախընտրել է թեկուզ ներքին դիմակայության կոշտացման միջոցով՝ փակուղու փոխարեն ճեղքման եւ քաղաքական դերակատարների մտադրությունների եւ վարքագծի փոփոխության տարբերակը: Կանգառը բերելու էր ոչ թե դիրքորոշումների փոփոխության, այլ առավել կարծրացման, քարացման, եւ դա մի պարագայում, երբ շատ ավելի ճկուն են Հայաստանի շուրջ ծավալվող աշխարհում հիբրիդային պայքարի տեխնոլոգիաները:

Իրավիճակի թեկուզ սուր հանգուցալուծումը բերելու է ոչ թե հնի քարացման, այլ նոր հարթության, որը փոխելու է քաղաքական դերակատարների, դիմակայության կողմերի վարքագիծը: Կոնսենսուսային հարթության տանում է ոչ թե կարծր դիմակայությունը կասեցնելու եւ առկախելու, այլ կառավարելիության տրամաբանությամբ հասունացնելու եւ որեւէ ելքով հաղթահարելու տարբերակը: Այդ իմաստով, Արմեն Սարգսյանը, չնայած հայաստանյան հանրությանը տասնամյակներով սերմանված իրականության կարծրատիպային, զգայական եւ «թայֆայական» ընկալումների պրիզմայով դիտարկվող գնահատականներին, խորքային առումով կատարել է նախագահի կոնսենսուսային առաքելությունը:

Spread the love