Sevan

Սևանի ափամերձ տարածքների մաքրումը շենք-շինություններից գործնական փուլում է։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը  նշեց, որ գույքագրվել են ափամերձ հատվածների շենք-շինությունները, որոնք ենթակա են քանդման: Քաղաքացիները ծանուցվել են այդ շենք-շինությունների քանդման վերաբերյալ:

«Որպես առաջնային առանձնացվել են այն շենք-շինությունները, որոնք ժամանակավոր կառույցներ են, այստեղ հիմնական ապամոնատժումը կլինի ոչ խնդրահարույց: Ամեն դեպքում կան տարածքներ, որոնք սեփականության իրավունքով են: Եվ արդեն ունենք ապամոնտաժման հետկապված դեմ արտահայտվողներ, բողոքողներ»,-ասաց Իրինա Ղափլանյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ եթե քաղաքացին չի ապամոնտաժում, ապա դա անելու է պետությունը: Արդեն կա նախագիծ և բյուջեով նախատեսված գումար: Ինչ վերաբերում է այն շենք-շինություններին, որոնք բնակելի են, ապա նախարարի տեղակալը նշեց, որ քաղաքացիների հետ այդ ուղղությամբ աշխատանք կկատարվի հետագա անելիքները հստակեցնելու համար:

Կլինի այս տարի Սևանից հավելյալ ջրառ, թե ոչ, ըստ նախարարի տեղակալի, այս պահին հստակ չէ: Պատճառն այն է, որ տեղումների առումով այս տարին փոփոխական է: Մասնավորապես, առաջին եռմասյակում եղավ տեղումների զգալի նվազում, նույնիսկ նախարարությունը կառավարությանը ներկայացրեց նախագիծ, որով այս տարին հայտարարվեց սակավաջուր: Ահա մայիս ամսին տեղումների առումով դրական շարժ գրանցվեց: Տեղումներն այնքան էին, որ մայիսի 10-ին արդեն սպառվեց մայիս ամսվա ամբողջ ծավալը:

Միջգերատեսչական աշխատանքային խումբն ավարտել է մինչև 1901,5 մետր բացարձակ նիշերում գտնվող ինչպես պետական և համայնքային, այնպես էլ մասնավոր շենք-շինությունների գույքագրման աշխատանքները։ Ապամոնտաժման կամ քանդման ենթակա պետական և համայնքային շենք-­­շինությունների մակերեսը կազմել է ավելի քան 4 900 քառակուսի մետր, իսկ քանդման ենթակա մասնավոր կառույցների ընդհանուր մակերեսը գերազանցել է 68 000 քառակուսի մետրը։ Առաջին փուլով նախատեսվում է ապամոնտաժել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինությունները։ Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար «Սևանա լճի առափնյա հատվածներում ջրածածկ պետական և համայնքային շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների» ձեռք բերման համար անցկացվում է մրցույթ։

Սևանա լճի մինչև 1901.5 մետր նիշերում գտնվող մասնավոր շենք-շինությունների քանդման աշխատանքների համար դրանց սեփականատերերին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ քանդման աշխատանքներն ինքնուրույն իրականացնելու համար։ Պահանջը օրենքով սահմանված կարգով չիրականացնելու դեպքում այդ աշխատանքները կիրականացվի պետական միջոցների հաշվին՝ հետագայում այդ միջոցները մասնավոր սեփականատերերից գանձելու պայմանով։

Սևանի ջրի կանաչելուց այս տարի ևս խուսափել չի լինի:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ դեռ նախորդ տարի մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում եկան այն եզրահանգման, որ կանաչելը լինելու է պարբերաբար՝ հաշվի առնելով, որ Սևանի էկոհամակարգի վրա բացասական ներգործությունը եղել է տասնամյակների ընթացքում: Այս տարվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանում արդեն արձանագրվել է ֆոսֆորի որոշակի քանակության սպառում, ինչը վկայում է, որ կանաչելու գործընթացը սկսվել է:

«Սևանի կանաչումը կամ ծաղկումը, ինչպես բնակիչների շրջանում է ընդունված ասել, դեռ 60-ական թվականներից էր տեղի ունենում, երբ խախտվել էր Սևանի էկոհամակարգի հավասարակշռությունը: Այդ առումով այս խնդրին մասնագետները բախվել են դեռ տարիներ առաջ, սակայն կան որոշակի գործոններ, որոնք հավելյալ բացասական ներգործություն են ունենում Սևանի էկոհամակարգի վրա»,-ասաց նա: Իրինա Ղափլանյանի խոսքով՝ գլխավոր խնդիրներից է լճի մակարդակի իջեցումը, դրան զուգահեռ, տարիների ընթացքում եղել է կենցաղային և այլ կեղտաջրերի ներհոսք: Հաջորդ խնդիրը կլիմայի գլոբալ տաքացումն է. Հայաստանի տարածքում արդեն արձանագրվել է ջերմաստիճանի տաքացում:

Հաշվի առնելով խնդիրները՝ Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է ծավալուն փաստաթուղթ: Առաջարկվում է իրականացնել երեք առաջնահերթ միջոցառում: Այն է, առնվազն մեկ խոշոր ափամերձ համայնքի կենցաղային կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի ստեղծում, գետերի հուների մաքրում:

«Սևանի կենսապաշարը՝ ձուկը, վերարտադրման խնդիր ունի այն պատճառով, որ մեր ձկնուղիները փաստացի փակ են, գետերի հուները շատ աղտոտված են: Այդ իսկ պատճառով գետերի հուների մաքրումը շատ կարևոր է»,-ասաց Իրինա Ղափալնյանը: Հաջորդ առաջնահերթ միջոցառումը Սոթքի լքված հանքավայրի ռեկուլտիվացումն է: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ նախորդ տարի նմուշառում էր կատարվել տվյալ հատվածում, պարզվել էր, որ այդ տարածքում բավական լուրջ աղտոտում էր գրանցվել: Հիմա քննարկումներ են անցկացնում միջազգային կազմակերպությունների հետ: Ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին արդեն այս երեք ուղղություններով աշխատանքները կմեկնարկեն:

Կթույլատրվի այս տարի Սևանում լողալը, թե ոչ, Իրինա Ղափլանյանը նշեց, որ դա կախված կլինի կանաչելու գործընթացի ծավալներից, իսկ այս պահին ծավալների մասին հստակ տեղեկություններ դեռ չեն կարող ասել:

«Այստեղ կարևոր է արձանագրել այն, որ կան տարբեր տեսակի ցիանոբակտերիաներ, այն տեսակը, որը ծաղկել էր Սևանում, չունի տոքսիկության այն աստիճանը, ինչ այլ ջրավազաններում: Ամեն դեպքում դա վտանագավոր է լճի էկոհամակարգի համար: Եթե չնվազեցնենք օրգանական նյութերի ներհոսքը, համապատասխան քայլեր չձեռնարկենք, ապա կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Ինչ վերաբերում է լողալու թույլտվությանը, ապա ծաղկման մասշտաբները տեսնելով, լիազոր մարմինները համապատասխան որոշումներ կկայացնեն»,-ասաց Իրինա Ղափլանյանը՝ տեղեկացնելով, որ ցուցումները կարող են լինել ըստ տարածքների՝ կախված ծաղկման ծավալներից:

Նախարարի տեղակալը նկատեց, որ կապտականաչ ջրիմուռների ծաղկումը տեղի է ունենում աշխարհի բոլոր կետերում, կան քաղցրահամ ջրավազաններ, որոնք նման խնդրի առաջ են կանգնում: Սա գլոբալ միտում է, և այդ առումով Սևանը եզակի չէ:

Spread the love