Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է կառավարության հակաճգնաժամային ծրագրերից օգտվող անձանց անուն-ազգանունների հրապարակումը:

«Մենք պայմանը դրել ենք, եթե մարդը չի ուզում, որ իր անձնական տվյալը հրապարակվի, թող չդիմի հակաճգնաժամային աջակցությունից օգտվելու համար»,- կառավարության նիստում ասաց վարչապետը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե դա անձնական տվյլաների հրապարակում կարող է համարվել:

«Սա նրա համար է, որ չարաշահումներ թույլ չտանք: Պետք է կետ լինի, որ մարդը համաձայն է իր անձնական տվյալների հրապարականը: Եթե մարդը համաձայն չէ, ինչո՞ւ համաձայն չէ, եթե տուժած ոլորտի աշխատող է, ուրեմն պետք է համաձայնություն լինի: Եթե չի ուզում, որ իր անձնական տվյալը հրապարակենք, ուրեմն մարդը թափանցիկության խնդիր ունի, ուրեմն ասենք ինքը մեծահարուստ է և չի ուզում հարևանն իմանա, որ ինքը պետությունից 68 հազար դրամ աջակցություն է ստացել:

Երբեմն ինձ մոտ տպավորություն է՝ օրենքներն այնպես են ընդունված, որ հատուկ հնարավոր չլինի արդյունավետ աշխատել, որ հնարավոր լինի ծանոթ, ընկեր, հորեղբոր տղա մտցնել ցուցակ, փողերը մեջ-մեջ անել: Ոչ, պետք է հրապարակվի, եթե չի հրապարակվելու, այս միջոցառումը չենք անում ու վերջ: Կամ էլ ասենք՝ չենք հրապարակում, սկսեն սոցիալական ցանցերում, թերթերում գրեն, որ ստացած 32 հազարից 45 հազարը վարչապետի հորեղբոր տղերքն են, մնացած 85 հազարը՝ փոխվարչապետների, մնացածն էլ նախարարների: Հետո էլ հայտարարեն՝ ոչ ոք օգնություն չի ստացել:

Դուք սովոր եք եղել «Բրաբուսների» շարասյունով գնաք ամսական նպաստ ստանալու, հիմա չեք ստանում, դրա համար նշանակում է, որ ոչ ոք չի ստացե՞լ: Պայմանը հետևյալն է՝ կամ հրապարակվում է, կամ միջոցառումը չի արվում»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ իրենք անձնական տվյալները սրբորեն պաշտպանում են, դրա համար հանրության մի ստվար զանգվածը չի հավատում, որ ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած մարդիկ կան, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդիկ կան: Վարչապետի համար անհասկանալի է, թե ինչու մարդիկ պետք է ցանկանան, որ իրենց անունները չհրապարակվեն, եթե թաքցնելու բան չունեն:

«Պետք է հրապարակեք հասցե առ հասցե: Հրապարակեք այն մարդկանց հասցեները, որոնք առավոտից երեկո կորոնավիրուսի դեմ խոսում են, ընտանիքի անդամների կեսը հիվանդ է: Ով չի ուզում իր տվյալը հրապարակվի, մի դիմեք այս օգնության համար»,- ասաց վարչապետը: