Բյուջետային առումով 2019 թվականը պատմական տարի էր Հայաստանի համար, կառավարությանը հաջողվել է ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել:

Այս մասին տեսակապով միացմամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

«Ուզում եմ արձանագրել, որ 2019-ը բյուջետային առումով պատմական տարի էր ՀՀ-ի համար, քանի որ ՀՀ կառավարությանը հաջողվեց ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել: Ընդ որում, այդ գումարներից 62 մլրդ դրամը դարձան պետական բյուջեի եկամուտներ, իսկ մոտ 42  մլրդ դրամի չափով վերադարձվեց ավելացված արժեքի հարկի պարտքը՝ դեբետը, որը ձևավորվել էր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը: Սա կարծում եմ՝ պատմական իրադարձություն էր: 2019-ին արձանագրվել է առնվազն վերջին 12 տարվա համար աննախադեպ 7.6 տոկոս տնտեսական աճ, ունեցել ենք հարկեր-ՀՆԱ 22.35 տոկոս ցուցանիշ, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է կանխատեսված և 1.4 տոկոսային կետով՝ 2018 թվականի համապատասխան ցուցանիշը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ այս կառավարությունը վայելում է պատմական տարիներում գործելու հնարավորությունը: 2018 թվականը պատմական էր՝ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ, Հայաստանի պատմության մեջ իր ժողովրդավարության մակարդակով աննախադեպ խորհրդարանական ընտրություններով: 2019-ը պատմական էր տնտեսական ակտիվության ցուցանիշներով և տնտեսության զարգացման գործում քաղաքացու և անհատի դերի մասնակցությամբ: 2020 թվականն առնվազն պատմական է կորոնավիրուսի համաճարակի բերումով: Փաշինյանը նշեց, որ այս տարի տնտեսական որոշակի խնդիրներ լինելու են:

Քանի որ բյուջեի կատարողականը քննարկվում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, օգտվելով առիթից վարչապետը շնորհակալություն հայտնեց նրան՝ այս ընթացքում կատարված աշխատանքի համար: «Կարծում եմ, որ ՊԵԿ-ում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում և հույս ունենք, որ բովանդակային այն փոփոխությունները, որոնք սկսվել են Դավիթ Անանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան»,- նշեց վարչապետը:

Spread the love