Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին միանալ հանրային վերահսկողության գործընթացին և ֆեյսբուքյան էջերում տեղադրել հակահամաճարակային կաննոների խախտման մասին փաստեր, լուսանկարներ։ Այդ մասին վարչապետը նշեց պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ։

«Երեկվանից մեզ հաջողվեց հասկանալ մեր խնդրի ծավալը և շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, որոնք ի հեճուկս աղմուկ աղաղակին՝ մասնակցեցին հանրային վերահսկողության ֆլեշմոբին։ Ես համարում եմ, որ մեզ հաջողվեց իրականացնել մի փոքրիկ մինի հեղափոխություն և տեսանք կարգապահության առնվազն տեսանելի որոշակի փոփոխություն։ Մտադիր եմ շարունակել այդ գործընթացը և ամեն օր իմ ֆեյսբուքյան էջում կլինի լայն անդրադարձ դրան։ Կոչ եմ անում քաղաքացիներին ամեն օր որոշակի ժամանակ տրամադրել հանրային վերահսկողությանը։ Կարող եմ ասել, որ սրանով սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը», ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ հաղորդակցություն կապահովվի ոստիկանության և առողջապահական համակարգի հետ։

«Պետք է ծավալներն այնքան վերահսկելի դարձնենք, որ ոստիկանությունը կարողանա իրականացնել այդ աշխատանքի նվազագույն տոկոսը։ Միացեք հանրային վերսհսկողության թիմին, ձեր ֆեյսբուքյան էջում հրապարակեք խախտումները կամ ուղարկեք ինձ՝ ես կհրապարակեմ»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով հանրային վերահսկողության ֆլեշմոբին՝ վարչապետը նշեց, որ դրա պատճառը եղել է այն, որ պետական մարմինների զեկույցներն իրեն չեն բավարարել։ «Այդ իսկ պատճառով էլ դիմեցի ամենավստահելի մեթոդներից մեկին, որպեսզի հանրությունը բացահայտի հակահամաճարակային կանոնների չպահպանման դեպքերը։ Արդյունքում՝ բացահայտվեց հրեշավոր իրականություն, որ ՀՀ-ում գործ ունենք կանոնների չպահպանման ահռելի և համատարած ծավալների հետ։ Ըստ էության, այս իրավիճակում ընդունված է և առաջին ռեակցիան այն է, որ պետք է քննադատության ենթարկել ոստիկանությանը, բայց իրավիճակի ուսումնասիրության արդյունքում արձանագրեցինք, որ գործ ունենք հեղափոխության ժամանակ հաստատված հայելային պատկերի հետ։ Ոստիկանության գործողությունը կարող է լինել էֆեկտիվ, բայց եթե մեծամասնության կողմից չի պահվում, սա դուրս է գալիս վերահսկողությունից»,- նկատեց վարչապետը։

Spread the love