aac

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, կապված համացանցում հայտնված Երեխաների պաշտպանության օրվա առիթով տարբեր միջոցառումների լուսանկարների կամ տեսանյութերի հետ:

Դրանք տարածվել են մեկնաբանություններով, որ վարակի պայմաններում տեղի են ունենում երեխաների այդպիսի հավաքներ, առանց պաշտպանիչ քայլերի:

Վարչապետ Փաշինյանը գրել է, որ դա ծայրահեղ անպատասխանատու քայլ է եւ ԱԱԾ պետին հանձնարարել է զբաղվել միջոցառումների կազմակերպիչներով:

Հատկանշական է, որ վարչապետը խոսում է ԱԱԾ պետին տված հանձնարարության մասին, ոչ թե իրավապահ այլ կառույցի, օրինակ` ոստիկանության:

Արդյոք Նիկոլ Փաշինյանը կասկած ունի, որ երեխաների պաշտպանության օրվա առիթով միջոցառումներն ունեցել են «հատուկ կազմակերպական կենտրոններ» եւ առանձնահատուկ նպատակ: Հունիսի 2-ին առավոտյան հրապարակվել է հերթական օրական վիճակագրությունը, որը ռեկորդային է՝ 517 դեպք: Ցավալիորեն ամենաբարձրն է նաեւ մահվան ցուցանիշը՝ 20 մահ:

Իհարկե, դա հունիսի 1-ի միջոցառումների հետեւանք չէ, սակայն դրանց վերաբերյալ վարչապետի գրառումն ու ԱԱԾ մակարդակով հարցը ուսումնասիրելու հանձնարարությունը հուշում, կամ գոնե հարց է առաջացնում. կա՞ կասկած վարակի տարածման հետ կապված որեւէ «դիտավորության» առնչությամբ:

Համենայն դեպս, ԱԱԾ մակարդակը պետք է ենթադրի իսկապես լուրջ պատճառ կամ կասկած, այլապես տարօրինակ է, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի երեխաների մասնակցությամբ միջոցառում կազմակերպողներին հայտնաբերելով: Այլապես կարող է ստացվել նաեւ տպավորություն, որ վարչապետը համարում է, թե չկա այդպիսի խնդրով զբաղվելու գործունակ այլ կառույց:

Spread the love