ՀՀ առողջապահության նախարարության վերլուծությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում շատ են մոտ հասցեներում կորոնավիրուսով վարակման դեպքերը: Մասնավորապես, հարևան շենքերում, հարևան տներում: Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Սրանից գալիս ենք այն եզրակացության, որ կենտրոնական փողոցներում շատ ենք հանդիպում մարդկանց, ովքեր դիմակներ են կրում, սակայն հակառակ պատկերն է բակերում, հարևանների հետ շփվելիս: Վերլուծաբանները մեզ առաջարկում են թիրախավորված աշխատել հենց այդ ուղղությամբ»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նա պատահական չի համարում այն, որ երկու օր առաջ սկսեց սոցիալական ցանցում հրապարակել հասցներ, փողոցներ, որ մարդիկ իմանան, որ հենց իրենց հարևանությամբ կա վարակ ու անհրաժեշտ է զգոն լինել, պահպանել անվտանգության կանոնները:

Անդրադառնալով տնային պայմաններում պատրաստված դիմակներին՝ Թորոսյանը նշեց, որ ԱՀԿ խորհուրդ է տալիս առնվազն ռիսկի խմբի քաղաքացիներին հնարավորության դեպքում կրել բժշկական դիմակներ: Արսեն Թորոսյանը նշեց, որ դիմակների գները միջազգային շուկայում նվազում են: Ցածր արժեքը կնպաստնի, որ ավելի շատ մարդիկ  կրեն դիմակներ:

«Մենք ունենք մահացության միջին տարիքի անկում, դա նշանակում է, որ ավելի երիտասարդները պետք է անհանգստացած լինեն: Բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն, որ ունեն շաքարային դիաբետ, չգիտեն, որ ունեն զարկերակային գերճնշում: Դիմակներ պետք է կրել միշտ, ամենուր և հանել  միայն սնվելուց: Նույնիսկ եթե մենք գտնվում ենք մի վայրում որտեղ ոչ ոք չկա,  միևնույն է մենք ոչ մի երաշխիք չունենք, որ հինգ րոպե առաջ այդտեղով մարդ չի անցել ու չի փռշտացել, չի հազացել: Հետևաբար բոլոր վայրերում պետք է կրել դիմակներ»,- ասաց Արսեն Թորոսյանն՝ ընդգծելով, որ առանց այդ միջոցներին գիտակցաբար մոտենալու վարակվածության թվերի նվազում չենք ունենա: