Ուժային բլոկում տեղի ունեցող կադրային նշանակալի փոփոխությունները սովորաբար արտացոլում են քաղաքական ղեկավարության վճռորոշ և կոշտ կամք և ընկալվում այդ տրամաբանության շրջանակում: Այդպես է գործնականում բոլոր պետություններում:

Ըստ այդմ, Հայաստանում նախօրեին տեղի ունեցած ԱԱԾ պետի, ոստիկանապետի և ԶՈՒ ԳՇ պետի փոփոխությունը, անկախ կոնկրետ կամ հավաքական բուն շարժառիթներից, դրանց նմանությունից ու տարբերություններից, կարող է դիտարկվել հենց այդ տրամաբանության շրջանակում: Համենայնդեպս, այդպիսի հաղորդագրություն հղելու անհրաժեշտություն վարչապետ Փաշինյանի համար առաջացրին նրա ընդդիմախոսները, այսպես ասած՝ ընդդիմադիր դաշտում գործող տարբեր ուժեր՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական, որոնք վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում բավականին ուժգնացրել էին Փաշինյանի և նոր իշխանության դեմ հռետորաբանությունը՝ ընդհուպ պաշտոնանկության և հրաժարականների «օրակարգով»: Հետևողական այդ մարտավարությունը պետք է բերեր որևէ արձագանքի, քանի որ լռությունը հանրության մոտ ընկալվելու էր իբրև Փաշինյանի թուլություն, ինչն էլ իր հերթին կարող էր ունենալ հանրային հոգեբանական շղթայական արձագանք:

Կորոնավիրուսի վարակի հաղթահարումից անմիջապես հետո ուժային բլոկի երեք առանցքային պաշտոնյաների փոփոխությամբ վարչապետ Փաշինյանը ակնհայտորեն լուծում է հանրային հոգեբանության փլուզում թույլ չտալու հարցը: Դա, իհարկե, միակ հարցը չէ, որ լուծվում է, առավել ևս հայտնի չեն փոփոխությունների բույն այլ շարժառիթներ, և մենք գնահատում ենք միջավայրային պատճառահետևանքային առերևույթ դաշտը: Հանրային հոգեբանության խնդիրը չափազանց կարևոր է ոչ միայն զուտ հեղափոխական-քաղաքական իրողություններից բխող տեսանկյունից, այլ նաև համաճարակային իրադրության, որտեղ իրավիճակի կառավարելիության առումով էական նշանակություն ունի այն, թե հանրությունն ինքը որքանով է համարում, որ իշխանությունը իր ձեռքն է պահում կառավարելիության թելը կամ ղեկը: Ուժային բլոկի փոփոխության հաղորդագրային թիրախներից մեկը, թերևս, նաև հենց դա էր: Մյուս կողմից, էական է դառնում այն, թե ինչ խնդիրներ են դրված նոր պաշտոնյաների առաջ, ինչն է, որ չեն իրականացրել նախկին, հեռացված պաշտոնյաները՝ կա՛մ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով անկարող լինելու, կա՛մ պարզապես չցանկանալու պատճառով:

Որքանով է չկատարվածը կամ դրվող խնդիրը ընդհանուր երեք ուժային բլոկների համար, և միաժամանակ տարբեր, քանի որ գործ ունենք միասնական ուժային տիրույթի, սակայն ֆունկցիոնալ էական տարբերությունների կամ տարբերակումների հետ: Ի՞նչ նոր խնդիրներ են դրված ԱԱԾ նոր պետի, ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի և նոր ոստիկանապետի առաջ, որքանով են դրանք երկարաժամկետ: Խոշոր հաշվով, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ներկայումս, քայլ առ քայլ առավել խորն է ընկղմվում խորհրդարանի հաջորդ ընտրության տրամաբանության մեջ, ըստ այդմ՝ ներկայիս քայլերում ավելի ու ավելի մեծ բաժին է ունենալու այդ հեռանկարով արվող հաշվարկը: Խոսքն այդ իմաստով վերաբերում է թե՛ կառավարող մեծամասնությանը՝ մասնավորապես վարչապետ Փաշինյանին, թե՛ նրան ընդդիմադիր դաշտում գործող ամենատարբեր քաղաքական ուժերին:

Եվ այդ տեսանկյունից բավականին հատկանշական է հենց ԱԱԾ պետի պաշտոնում դեռևս 30 տարին չբոլորած Արգիշտի Քյարամյանի նշանակումը, ինչը վկայում է, որ Փաշինյանը կատարում է երկարաժամկետ հաշվարկով նշանակում, երբ խորհրդարանի հաջորդ ընտրությանը մոտ Արգիշտի Քյարամյանը առավելագույնս ադապտացված կարող է լինել համակարգին, համակարգն էլ իրեն: Բանն այն է, որ կասկած չկա այն հարցում, որ ԱԱԾ-ն խորհրդարանի հաջորդ ընտրությանն ունենալու է առանցքային նշանակություն: Խոսքը իշխանության քաղաքական հակառակորդների դեմ գործիք լինելու մասին չէ, ինչը կլինի ծայրահեղ անթույլատրելի և սխալ քայլ: Բայց Հայաստանի ԱԱԾ-ն պետք է ուժեղ գործիք լինի Հայաստանի դեմ ընթացող հիբրիդային պատերազմի պայմաններում, Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացը այդ պատերազմի ազդեցությունից զերծ պահելու համար: Կարո՞ղ է լուծել ԱԱԾ երիտասարդ նոր պետն այդ հարցը: