«Ասենք, ո՞նց եք պատկերացնում, հեսա հանրությունը գալու է ասի՝ կառավարություն, այ, դուք շատ ազնիվ եք, բայց տեղ-տեղ սխալ եք անում, հավաքվեք գնացեք տուն, թող այս գող-սրիկաները հետ գա՞ն: Այդպես չի լինելու, թող հույսները կտրեն: Այո, մենք սխալներ ունենք, թերություններ ունենք, մենք հապաղում ենք, բայց մեր մղումներում ազնիվ ենք, երկիրը սիրում ենք և որևէ հանցագործի չենք վերադարձնի այլ ճանապարհով, բացի ընտրություններից»,- ասում է կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, մասնավորապես անդրադառնալով Սյունիքի հայտնի դեպքերին և այդ համատեքստում խոսելով ներքաղաքական, ներհասարակական հեռանկարների և իրողությունների մասին:

Նախ, անհրաժեշտ է արձանագրել երկու հանգամանք, ընդհանրապես քաղաքականության և հայաստանյան քաղաքականության մասին բարձրաձայն, թե լուռ մտորելու համար: Հայաստանում կա առնվազն մեկուկես դեպք, երբ հանրային մեծ բողոքի, մերժման արժանացած ղեկավարներ կամ ուժեր վերստին ստացել են հանրային վստահության շոշափելի ծավալ, ինչը, մեղմ ասած, որոշակի դերակատարում է ապահովել քաղաքական անցուդարձում:

Նախ՝ 1998-ին հանրության լուռ, բայց մեծ ոգևորության պայմաններում ներիշխանական մի թևի հորդորով հրաժարական տված Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակը, որը 2008 թվականին հավակնում էր առաջնորդել համաժողովրդական մեծ շարժում: Տեր-Պետրոսյանը ձևաչափի իմաստով չի մերժվել այնպես, չի հեռացել այնպես, ինչպես թավշյա հեղափոխությունն էր: Սակայն Տեր-Պետրոսյանի հեռացումը հնարավոր է դարձել նաև այն էական պատճառով, որ 1996-ից հետո նա դե ֆակտո չուներ հանրային, շատ, թե քիչ, էական աջակցություն, որը թույլ կտար ամուր լինել թե՛ ներքին, թե՛ արտաքին դաշտում: Եվ Տեր-Պետրոսյանն ընտրեց հեռանալու ճանապարհը, ինչը մեծ ոգևորությամբ ընկալեց հանրությունը: Դրան անմիջապես հաջորդեց ևս մի օրինակ՝ Կարեն Դեմիրճյանի օրինակը, որը եթե մեկ ամբողջական օրինակ չէ, ապա առնվազն կեսից ավելի է: 1988-ի համաժողովրդական շարժման քենին արժանացած Կարեն Դեմիրճյանը 1998 թվականին նախագահի ընտրության հաղթանակի հավակնորդ էր, իրական հավակնորդ, եթե չասենք՝ հաղթող: Ավելին, կա թերևս մի օրինակ էլ՝ Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, թերևս, միայն մարտիմեկյան ողբերգության արյունոտ էջն էր Ռոբերտ Քոչարյանին խանգարում սկսել վերադառնալու իսկապես արդյունավետ մի քաղաքական գործընթաց: Հայտնի չէ, թե այն ինչով կավարտվեր, քանի որ պայմանավորող գործոնները, անշուշտ, շատ են, սակայն, որ նա կունենար մեծ թվով համակիրներ, կասկած չկա, հատկապես այն շրջանում, երբ ՀԱԿ-ը՝ որպես ընդդիմություն, սպառել էր իրեն, իսկ այլ ընդդիմադիր ազդեցիկ ուժ գործնականում չկար, և դաշտը հիմնականում զբաղեցրել էին առանձին քաղաքական-քաղաքացիական խմբերը:

Կասկած չկա, որ օրինակները ամենևին չեն կարող լինել նույնական թե՛ միմյանց, թե՛ նաև ներկայիս ժամանակի և իրողությունների հետ, սակայն դրանք կարող են լինել նորագույն Հայաստանի համար «քրիստոմատիական»:

Հետևաբար՝ խոսելով հանրային տրամադրությունների, հանրության քայլերի, մոտեցումների, վերաբերմունքի մասին, արժե ուշի ուշով հետևել Հայաստանի նորագույն պատմության երեք տասնամյակի իրադարձություններին: Դրանք չլինելով նույնական, այդուհանդերձ ունեն որոշակի ընդհանուր կանոններ, տրամաբանություն, հետևաբար՝ ուսանելի դրվագներ: Ընդ որում, քաղաքական որևէ թիմ թերևս պետք է մեկընդմիշտ հիշի և արձանագրի մի բան՝ հանրությունը, ժողովուրդը, չի սխալվում: Սխալվում են քաղաքական թիմերը, մեծամասնությունները, վերնախավերը՝ իրավիճակը գնահատելիս, խնդիրները լուծելիս, կառավարելիս: